Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանից դուրս արագության սահմանափակման նշաններ կիլոմետրերով գոյություն չունեն, այս և այլ խնդիրներ լուծում են պահանջում. Սերգեյ Ղահրամանյան. «Փաստ»

Օգոստոս 03,2021 10:04

«Մահվան ելքերով վթարների թիվը շարունակում է անհանգստացնել: Պատճառները բազմազան են: Փողոցը սխալ տեղից հատելը, անուշադիր լինելը հանգեցնում է ծանր հետևանքների, բայց սա մեր քաղաքացիների համար դաս չի լինում, և նրանք շարունակում են անփույթ վերաբերվել սեփական կյանքին և առողջությանը: Ի վերջո, մեր բնազդներից մեկը զգուշավորությունն է, բայց երթևեկության դեպքում այն, կարծես թե, բացակայում է: Հետիոտների մասով. նրանք անուշադիր են, փողոցը սխալ տեղերում են հատում, կա նաև փողոցների սխալ կահավորանքի կամ մութ լինելու հանգամանքը: Սա հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

Երթևեկության մեջ զրկված կամ կասեցված վարորդական իրավունքներով վարորդները շատ են, և նրանց հայտնաբերելը բավականին բարդ է: Սա տուգանային միավորների համակարգի բաղկացուցիչ մասն է, այս գործառույթը չի աշխատում: Վարորդը կարող է զրկվել միավորներից, բայց երբ չկա համարժեք վերահսկողություն, կարգազանց վարորդները կարող են շարունակել մեքենա վարել: Այս փոփոխությունների տեխնիկական կարգավորումները դեռևս ամբողջապես չեն մշակվել և ներդրվել, ուստի դրա արդյունքների մասին խոսելն էլ ճիշտ չէ: Բալային համակարգը որոշակի զգոնություն փոխանցեց վարորդներին, բայց խնդիրն այն է, որ կարգազանցները շարունակում են մնալ երթևեկության մեջ: Այս մասին շատ ենք բարձրաձայնել, հիմա գնդակը կառավարության և մյուս մարմինների դաշտում է, որոնք պետք է համարժեք փոփոխություններ կատարեն այս խնդիրներին լուծում տալու համար: Հակառակ դեպքում՝ կարգազանց վարորդը շարունակում է երթևեկության մեջ գործող անձ մնալ»,-ընդգծում է ՀԿ-ի ղեկավարը:

Ասում է՝ տեսահսկման սարքերը հիմնականում Երևանում են կենտրոնացած, և այստեղ մի փոքր անարդարության հարց կա: «Մարզերում, որտեղ վերահսկողությունը բավականին թույլ է, երթևեկության կանոններն արհամարհվում են: Պետք է լինի քաղաքական որոշում և մարզային հատվածներում ևս տեսահսկման սարքեր տեղադրվեն»,-հավելում է մեր զրուցակիցը: Նշում է՝ մեր երկրում այսօր խնդիրները բազմազան են, բարոյահոգեբանական վիճակը ծանր է, և այսօր երթևեկության կարգավորումը առաջնահերթությունների ցանկում չէ: «Երթևեկության կարգավորումը, այո, ծախսատար է, բայց դա մարդկանց կյանքեր է փրկելու: Ճանապարհները վերանորոգվում են, լավ կամ վատ, այլ հարց է, բայց ճանապարհային անվտանգությունը միայն ասֆալտ անելը չի: Ասֆալտն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն է: Բավականին սուր է նշանների հարցը, Երևանից դուրս արագության սահմանափակման նշաններ կիլոմետրերով գոյություն չունեն, այս և այլ խնդիրներ լուծում են պահանջում»,-եզրափակում է Սերգեյ Ղահրամանյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031