Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի վերջնական ոչնչացմանն են պատրաստվում, իսկ Հայաստանում խոսում են ինչ-որ կոմունիկացիաների մասին. Հրանտ Միքայելյան. «Փաստ»

Օգոստոս 03,2021 09:30

Ադրբեջանը Հայաստան երկրի տարածքի շուրջ 8000 քառակուսի կմ-ը գրավել է, որի մեծ մասը՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ, ու հիմա փորձում է առաջ գնալ։ «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք սահմանային խնդիրներին, Ադրբեջանի քաղաքականությանն ու գործողություններին, որոնք վերջերս նաև հրահրվող տեղային մարտերի բնույթ են ստանում։

Նա շեշտեց՝ գործող իշխանությունը իր հայտարարություններով և քաղաքականությամբ չեղարկել է այն բոլոր դիվանագիտական հնարքները, որոնք Հայաստանն օգտագործել է 30 տարվա ընթացքում. «Այս իշխանությունն իր քաղաքականությամբ չեղարկեց այն, որ Արցախի Հանրապետությունն ու ՀՀ-ն առանձին են։ Այսպիսով, որևէ առանձին՝ Արցախյան հակամարտություն չկա, կա Արցախյան ճակատ, և կա հայ-թուրքական հակամարտություն, նվազագույն իմաստով, թեկուզև հայ-ադրբեջանական հակասություն, որը եթե մի տարածքում ավարտվել է, հիմա արդեն տեղափոխվում է ուրիշ տարածք։ Հիմա ավելի հստակեցնենք. Ադրբեջանն ունի լուծելու խնդիրներ, որոնք այդքան էլ քիչ չեն։

Օրինակ՝ նրանք ուզում են միջանցք ստանալ Սյունիքի տարածքով, ուզում են նաև որոշ տարածքներ Տավուշի և Արարատի մարզերի սահմանագծերից։ Բացի այդ, խաղաղության պայմանագրով ուզում են նաև լեգալիզացնել այն տարածքային նվաճումները, որոնք ունեցան նոյեմբերի 9-ին և դրանից հետո։ Ուզում են ստանալ նաև որոշ այլ երաշխիքներ ու կարգավիճակներ տարբեր հարցերում՝ սկսած բիզնեսից, վերջացրած քաղաքականությամբ։ Սա է իրենց օրակարգը, որին ուզում են հասնել նաև ռազմական ճնշմամբ»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Հրանտ Միքայելյանը։

Խնդիրը դիտարկելով կապիտուլյացիոն ակտի և դրա շուրջ շրջանառված թեզերի համատեքստում, որոնք վերաբերում էին «փրկությանը», արդեն «հանգիստ ու խաղաղ» ապրելուն և առաջ էին տարվում նաև իշխանական շրջանակների կողմից, Հ. Միքայելյանը նշեց. «Այդ թեզերը նրանք առաջ են «բրդում» դեռ Արցախյան առաջին պատերազմից սկսած, մասնավորապես՝ «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք»։ Սրա նպատակն իրականում ոչ թե հանգիստ ապրելը, այլ Արցախը տալն էր։ Իհարկե, այս գաղափարախոսությունն ու մոտեցումներն ամբողջությամբ սխալ էին։ Եթե «Արցախը տանք, հանգիստ ապրենք», ապա ստացվում է, որ հակամարտության մեղավորը մենք ենք։ Եթե միտքը բացենք, կհասկանանք, որ գործ ունենք թուրքական ու նաև մի շարք այլ երկրների լոբբիզմի հետ, ինչը, սակայն, ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հանգիստ ապրելու հետ։

Ավելի կոնկրետ՝ սա կապ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի հետ։ Եթե հայ ժողովուրդը 1988 թվականին ոտքի է կանգնել Արցախի հայերի իրավունքների պաշտպանության հարցով, և մենք դրանից հրաժարվում ենք, տալիս թուրքերին այն, ինչ իրենք են ուզում, ապա ինչից մենք պետք է հանգիստ ապրենք։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ուզածը ստանում են, բայց ո՞վ է ասել, որ միայն Արցախն է իրենց ուզածը։ Իրենց հիմնական ուզածն այն է, որ Հայաստանը գոյություն չունենա, ինչի մասին Ալիևն ու իր նախարարները բազմիցս են ասել»։

Քաղաքագետի խոսքով, այս փուլում ևս մենք գործ ունենք ոչ թե զուտ ադրբեջանական սադրանքների, այլ քաղաքականության հետ։ «Հայաստանի պետականության համար հիմա կրիտիկական ու ճակատագրական պահ է։ Հայ ժողովուրդը կարող է կորցնել պետականությունը, այլ կորուստներ ունենալ նաև բոլոր դաշտերում։ Պետք է նաև գիտակցել, թե արդեն իսկ ինչ կորուստներ ենք ունեցել, որոնք շատ մեծ են։ Այն մարդիկ, ովքեր ասում էին՝ ոչինչ, փրկվել են, ուղղակի արդարացնում էին կորուստները և հանդես են եկել ու հանդես են գալիս թուրքական լոբբիստների տեսքով»,- ասաց զրուցակիցը։

Անդրադառնալով Ադրբեջանի այս քաղաքականությանը զուգահեռ Հայաստանի իշխանությունների կողմից արվող հայտարարություններին, ովքեր նաև տարածաշրջանում տնտեսական կապերի ու ճանապարհների ապաշրջափակման անհրաժեշտության մասին են խոսում՝ Հ. Միքայելյանն ասաց. «Այդ հայտարարությունները որևէ կերպ համարժեք չեն վերոնշյալ քաղաքականությանը ու գործողություններին։ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի վերջնական ոչնչացմանն են պատրաստվում, իսկ Հայաստանում խոսում են ինչ-որ կոմունիկացիաների մասին։ Այստեղ, իհարկե, պարզ է անելիքը։ Պետք է բանակը վերաարդիականացվի, շատ լուրջ փոփոխություններ պետք է լինեն պետական քաղաքականության, ինչպես նաև արտաքին ու անվտանգային քաղաքականությունների մեջ։ Ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ, բայց ոչ այնպիսիք, որոնց մասին իշխանություններն են խոսում։ Ինչ վերաբերում է մասնավորապես կոմունիկացիաներին, ապա պետք է այն դիտարկել հետևյալ հարցադրման համատեքստում. Հայաստանին այս պահին ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ։

Այս հարցի պատասխանն ունենալուց են կախված մյուս դիտարկումները։ Ի՞նչ կարող է շահել Հայաստանը թուրքական շուկայում, ի՞նչ կարող է Թուրքիան շահել Հայաստանի շուկայում։ Այս պահի դրությամբ կոմունիկացիաների բացումը Հայաստանին ձեռնտու չէ։ Միևնույն ժամանակ, նկատենք, որ իրենց համար սա ոչինչ չի նշանակում և հանդես չեն գալիս նշվածն իրականացնելու նախաձեռնողականությամբ։ Ինչո՞ւ, որովհետև ուզում են հիմա էլ այս հարցը վաճառել Հայաստանի վրա՝ ասելով՝ սա էլ արեք, որպեսզի սահմանը բացենք։ Մեծ հաշվով՝ այս պայմաններում մեզ ապաշրջափակումն ընդհանրապես պետք չէ, և ես չեմ հասկանում, թե ինչի մասին են բանակցությունները։ Այն Հայաստանի շահերից չի բխում, և նման տեսանկյունից խոսողները հաստատ հանդես չեն գալիս Հայաստանի շահերից ու չեն պաշտպանում այն»։

Անդրադառնալով այս պայմաններում վերոնշյալ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայաստանյան դաշտ նետվող թեզերին՝ նա հավելեց. «Ադրբեջանը առաջ գնալու խնդիրներ ունի, դրա համար, ինչպես նշեցի, Տավուշի և Արարատի սահմանագծերում տարածքային զիջումներ է ուզում։ Ուզում է լեգալիզացնել մայիսից սկսած գրանցված տարածքային նվաճումները ՀՀ ուղղությամբ, նաև 44-օրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները, մարդկային կյանքեր խլելը։ Բացի այդ, ինչպես նշեցի, կա նաև միջանցքի հարց։ Նշվածի շրջանակներում Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է ուզում։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչ է ուզում Հայաստանը, որովհետև Ադրբեջանի ուզածները մենք կարող ենք անվերջ քննարկել։

Ո՞րն է Հայաստանի օրակարգը։ Հայկական օրակարգ այս պահին չկա։ Մենք քննարկում ենք միայն Ադրբեջանի օրակարգը, որովհետև գոյություն ունի միայն Ադրբեջանի օրակարգ։ Այդ օրակարգին դիմադրելու համար պետք է ստեղծել մեր երկրի առջև ծառացած այն իրատեսական ու կարևոր հարցերի ցուցակը, որոնք պետք է քննարկվեն։ Մասնավորապես, թե ինչպես ենք տեսնում տարածքային վեճի հանգուցալուծումը։ Պետք է նաև հասկանալ, որ այս ամենը պետք է շատ իրատեսական ու ադեկվատ լինի հենց հայկական շահերի համար»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031