«Ես Փաշինյանին շատ եմ սիրում ու հարգում», – երեկ ինձ խոստովանեց մի ծանոթ: «Շատ էլ լավ եք անում, – պատասխանեցի, – իսկ ինչո՞ւ եք այդքան սիրում ու հարգում»: Զրուցակիցս մեկ րոպե մտածեց ու հետո ասաց. «Որովհետեւ մնացածներին տանել չեմ կարողանում»:
Ես, իհարկե, հնարավորություն չունեմ սոցիոլոգիական հարցում անցկացնելու եւ հստակ թվեր նշելու, թե մեր բնակիչների ո՞ր մասն է այդպես մտածում, բայց բազմաթիվ շփումներից եւ որոշ անուղղակի նշաններից հակված եմ ենթադրելու, որ դա Փաշինյանի ընտրազանգվածի (եւ, հետեւաբար, ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծ մասի) կողմնորոշման հիմնական շարժիչ ուժն է:
Նման անուղղակի նշան է նաեւ այն, թե ինչպես են ֆեյսբուքում արձանագրում այն հետապնդումներին, որոնք իշխանությունը ձեռնարկել է սյունեցի քաղաքապետերի եւ գյուղապետերի, այդ թվում՝ ընտրված պատգամավորների դեմ. «նրանք թալանչիներ են», «նրանք հանցագործներ են», «նրանք իրենց իշխանության ժամանակ մարդ էին ծեծում ու մարդ էին սպանում»:
Այդպիսով, ընդդիմադիր պատգամավորների բողոքը, որը մենք տեսանք 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքային առաջին օրը, անկախ նրանից՝ իրավական առումով ճի՞շտ է, թե՞ սխալ, քաղաքական տեսանկյունից որեւէ հետեւանք չի ունենա. ընտրողների մեծամասնությունը մանդատ է տվել հենց այդ հետապնդումների, հենց այդ «ժողովրդական վրեժխնդրության» համար: Իրավական նրբություններն այդ ընտրազանգվածին չեն հուզում:
Կարդացեք նաև
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ես շփվում եմ նաեւ փոքրամասնության ընտրազանգվածի հետ, եւ նրանց ասածն էլ մոտավորապես նույնն է՝ նրանք սիրում-հարգում են Քոչարյանին առավելապես այն պատճառով, որ տանել չեն կարողանում Փաշինյանին: Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք հայելանման պատկերի հետ. եթե Քոչարյանի ընտրողները լինեին մեծամասնություն, ապա նրանք նույն խանդավառությամբ կողջունեին ՔՊ-ականներին հետապնդելը: (Ինձ թույլ կտամ ենթադրելու, որ այդ հետապնդումները կլինեին ավելի դաժան):
Եզրահանգումը բավականին պարզունակ է. խորհրդարան անցած ուժերը աշխատում են, խոսում են, քարոզում են իրենց ընտրազանգվածների համար, որոնք ունեն մոտավորապես նույն կողմնորոշիչները, նույն իրավագիտակցությունը եւ մտավոր նույն մակարդակը: (Բա էլ ո՞ւմ համար նրանք պետք է աշխատեին):
Մտածող մարդիկ՝ նրանք, ովքեր տեսնում են երանգներ ու աշխարհը «սեւ-սպիտակի» չեն բաժանում, նրանք, ովքեր չափավոր են, դեմ են ծայրահեղություններին, այդ քաղաքական ուժերի թիրախում չեն:
Ճակատագրական հարցն, իհարկե, հետեւյալն է՝ որքա՞ն մտածող մարդ կա Հայաստանում: Դա դարձյալ սոցիոլոգիական հետազոտության խնդիր է: Բայց նորից զուտ լրագրողական մակարդակով կարող եմ փաստել՝ մտածող մարդիկ քիչ չեն: Պարզապես նրանցից շատերը տարբեր պատճառներով լռում են, ընտրությունների էլ չեն գնում: Կարծում եմ, սխալ են վարվում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կա նաև մեկ օրինաչափություն՝ հասարակության անշահախնդիր մասի գերակշիռ մեծամասնությունը չի ցանկանում նախկին իշխանության ներկայացուցիչների վերադարձը բոլորին հասկանալի բազմաթիվ պատճառներով: Առայժմ քաղաքական դաշտում այդ «չմտածողները» այլընտրանք չեն տեսնում: Այդպիսի ուժի առկայությունը «ժեխը» առաջինն է նկատելու:
Իսկապես, մտածող մարդկանցից շատերը տարբեր պատճառներով լռում են և երկրի ներկայիս վիճակով մտահոգվող վերլուծաբանների առաջնահերթ անելիքներից մեկն էլ պետք է լինի նրանց լռելու պատճառները թվարկելը, վերլուծելը և այդ մտածողներին ակտիվ վիճակի բերելու ճանապարհը գտնելը: Դա հեշտ գործ չէ, բայց շատ կարևոր ու հրատապ է, և այն վերլուծաբանները, որոնք այս գործում հաջողություն կարձանագրեն, կհավակնեն մեր ազգի լուսավորյալների դափնիին: Իհարկե, ոչ մի իշխանություն չի ուզենա, որ մտածող մարդիկ քաղաքական դաշտում ակտիվանան և իրենց համար դժվար լուծելի խնդիրներ առաջացնեն (իշխանությունները ձգտում են ունենալ չմտածող, կուռքեր որոնող և ազգային ձգտումներ չունեցող հասարակություն), բայց պետք է հաշվի առնել, որ իշխանությունները անցողիկ են իսկ ազգը գոյատևելու մարտահրավերների առաջ է կանգնած:
Քանի որ Արամ Աբրահամյանն է այս հարցը բարձրացրել, առաջարկում եմ, որ ինքն էլ իր կայքի միջոցով «բզբզի» դրա գլուխ բերելու քայլերը (օրինակ՝ այս թեմայով հարցազրույցների, բանավեճերի, հոդվածաշարերի նախաձեռնում և այլն):
Կարծեմ տրոցկին էր կարմիր նորաստեղծ բանակում փորձեց ժողովրդավարություն մտցնել եւ կազմակերպեց հրամանատարների ընտրություն զինվորների կողմից, կարծեմ, շատ արագ էլ հրաժարվեց, որովհետեւ արդյունքները գոհացուցիչ չէին: Ո՞վ ասաց, որ քաղաքականությունից հեռու ժողովուրդը ի զորու է ճիշտ ընտրություն կատարելու, սա ժողովրդի մեղքը չի, սա հենց մեր մտածող մարդկանց մեղքն է, որ նորակոչիկի՝ քաղաքացու ձեռքը զենք են տալիս՝ ընտրելու իրավունք ու ուղարկում ռազմաճակատ՝ ընտրատեղամասեր կռվելու՝ ընտրելու: Քաղաքականապես անպատրաստ քաղաքացուն ընտրելու իրավունք տալ նշանակում է նրան ինքնավնասելու հասցնել, նույնն է թե երեխային լուցկի տալ, սա երեխայի ճակատագրին թքած ունենալ է նշանակում: Մեր մտածողները ոչ թե սպասեն ընտրություններին, այլ ստեղծեն շարժական շտապ անվճար ծառայություններ՝ սկսած ֆինանսական շտապ օգնությունից ու իրավաբանական շտապ օգնությունից վերջացրած առողջապահական, հոգեբանական շտապ օգնությամբ: Մենք պետք է գնանք բոլոր գյուղերով ու քաղաքներով, ամեն տեղ հիմնենք գրասենյակներ, որտեղ կընդգրկվեն տեղաբնիկների ներկայացուցիչները, որոնք շատ արագ կենտրոն կհասցնեն տեղացիների խնդիրները եւ հրահանգներ կստանան կենտրոնից ինչ անել: Սա միմիայն հասարակական հիմունքներով եւ բարեգործություններով կարելի է ապահովել, գլխավորը կրթել, դաստիարակել եւ առողջացնել մեր քաղաքացուն: Իսկ կրթված քաղաքացին թե ո՞ւմ կընտրի, դա արդեն կլինի ճիշտ ընտրություն:
Ֆինանսական եւ մնացած այլ շտապ օգնություն նշանակում է հանել քաղաքացուն գերբեռնված վիճակից ՝դեղահաբերով՝ որոշակի գումար եւ այլ ծառայություններ մատուցելով, հետո նրան սովորեցնում են տարբեր հմտությունների բիզնեսի, ֆինանսի, իրավագիտության, հոգեբանության, սպորտի, ռազմական արվեստի եւ այլ բնագավառներում եւ նրանից դարձնում հատուկ ծառայությունների մակարդակի բազմակողմանի զարգացած մրցունակ մասնագետ, այսպիսով, ժողովրդին կրթում եւ դաստիարակում եւ դարձնում ազգ: Գաղափարը հեչ էլ ֆանտաստիկ չէ, երբ մեր մտածողները մի ուղղությամբ մտածեն՝ գեղ կանգնի, գերան կկոտրի: