«Դատարանը հաստատեց այդ տեղեկությունները, որ, այո, տեղի է ունեցել Վերաքննիչ քրեական դատարանի սերվերի առգրավում, ինչը հետագայում հնարավորություն է ստեղծել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի կողմից Առուշ Առուշանյանի գործի՝ ձեռքով մակագրություն իրականացնել»,- Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի (նախագահող դատավոր Մնացական Հարությունյան) ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նա տեղեկացրեց՝ միջնորդել են դատավորին ինքնաբացարկ հայտնել, սակայն նշեց՝ կանխատեսում են՝ ինչ որոշում է կայացնելու դատարանը, ուստի որոշել են չմասնակցել դատական նիստին:
Էրիկ Ալեքսանյանն ասաց՝ նախագահող դատավորից հետաքրքրվել են՝ արդյոք փորձե՞լ է տեղեկանալ, թե ինչ սկզբունքով է հենց ինքն ընտրվել այս բողոքով նախագահող դատավոր: Այս առիթով պաշտպանն ասաց. «Դատարանը մեզ բավարար պատասխան դրա վերաբերյալ չտվեց, ասաց, որ ոչ մի նմանատիպ հարց ինքը դատարանի նախագահի հետ չի քննարկել և առհասարակ այս գործը որևէ մեկի հետ չի քննարկել»:
Էրիկ Ալեքսանյանն ասաց՝ այս պատասխանն իրենց համար բավարար էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Նա պարզաբանեց. «Օրենքը և նախադեպային իրավունքն ասում է, որ դատավորը, դատարանը ոչ միայն պետք է լինի անկողմնակալ, անաչառ օբյեկտիվ, այլ գոնե այդպիսին պիտի երևա: Միգուցե այս դատավորն անկողմնակալ, անաչառ է, բայց արդյոք առկա օբյեկտիվ իրականության մեջ իրողությունները դրա մասի՞ն են վկայում, մասնավորապես Սյունիքի բոլոր համայնքի ղեկավարների կալանավորման օրինականության վերաբերյալ բողոքները մուտք անելուց հետո ԱԱԾ գործողությունները չեն վկայում նրա մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք Սյունիքի համայնքների ղեկավարների բողոքների քննությունն են իրականացնում ընտրվել են պատահաբար: Իհարկե, ոչ: Միանշանակ միտում եմ տեսնում: Ունենք իրողություն, որ Սյունիքի բոլոր համայնքի ղեկավարների վերաբերյալ գործերը, երբ վերաքննիչ դատարան մուտք են լինում, դրանից հետո ԱԱԾ-ն առգրավում է սերվերը, որը հետագայում թույլ չի տալիս համակարգչով օբյեկտիվորեն համապատասխան մակագրություն իրականացնել»:
Կարդացեք նաև
Էրիկ Ալեքսանյանն ասաց՝ վստահ է՝ իրենց ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվելու է, առհասարակ իրենց բողոքն էլ է մերժվելու:
Նա վստահեցրեց՝ Առուշ Առուշանյանի գործը պարզապես չէր կարող ուրիշ դատավորի մակագրվել ու ասաց. «Ինչո՞ւ այս գործը չի մակագրվել Վարդանյան Արշակին, Վազգեն Ռշտունուն, Ալեքսանդր Ազարյանին, Սերգեյ Մարաբյանին, Մխիթար Պապոյանին: Վստահ եմ՝ այս բողոքի քննության մակագրությունը ևս չի եղել պատահական: Այս երեք տարիների ընթացքում մեր դատական համակարգն ուղղակի ոչնչացնում են: Պնդում եմ իմ դիրքորոշումը, եթե որևէ պաշտոնատար անձ, պետական մարմին մտածում է, որ դատական համակարգը կարող են հավաքել բռի մեջ, միգուցե ժամանակավորապես ստացվի, բայց վերջնական արդյունքով չի ստացվելու»:
Լրագրողների հարցին՝ Առուշ Առուշանյանի՝ խափանման միջոցի՝ կալանքի հետ կապված ի՞նչ ակնկալիքներ ունեք, պաշտպանը պատասխանեց. «Այս բողոքի քննությունը հենց այնպես չի մակագրվել այս դատավորին, նույնպես պատահաբար չէր ընտրվել Արմեն Դանիելյանը Մանվել Փարամազյանի դեպքում: Ես չեմ հավատում պատահականություններին: Չէին կարող Մանվել Փարամազյանի դեպքում ընտրվել այն նույն դատավորները, որոնց անունները թվարկեցի, չի լինելու այդպես: Դա պարզ իրողություն է, պետք է համակերպվենք: Ես վստահ չեմ, որ մենք կարժանանանք այլ ճակատագրի, ինչ Մանվել Փարամազյանը: Առուշ Առուշանյանը բացառություն չէ: Եթե այսօրվա իշխանությունները մտածում են՝ Առուշ Առուշանյանին կարող են կոտրել, վախեցնել կալանքով, միգուցե այդ անձինք պետական մարմիններն իրենց ներքին վախն ունեն, թող իրենց ներքին վախի մասին մտածեն: Առուշ Առուշանյանը որևէ վախ չունի, հաստատ ոչ մի կալանքից չի վախենում և այս ամենի ինչին վերաբերվում է ժպիտով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ