«Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանի խոսքով՝ ԱԺ նախագահի ընտրություններն այսօր ընթացել են սահմանադրության խախտմամբ, իսկ քաղաքական մեծամասնությունը չի կանխել դա։ «Ըստ կարգի՝ Աժ նախագահ կարող է ընտրվել առաջադրված ցանկացած պատգամավոր։ ԱԺ ամեն պատգամավոր անկախ է քվեարկության ժամանակ։ Ստացվում է, որ Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանը չկարողացան իրենց ծրագրային ելույթները ներկայացնել, որովհետեւ կալանավորված են։ Հետեւաբար, գործընթացը չի կարող լինել օրինական»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմությունն ԱԺ նախագահի երկու թեկնածու ուներ, որոնք, սակայն, կալանքի տակ են։ «Կարծում եմ՝ սրա վերաբերյալ սահմանադրական դատարան համապատասխան դիմումներ կներկայացնենք։ Մենք հետեւողական ենք լինելու։ Այս հարցի վերաբերյալ առաջիկայում կտեսնեք դատական ակտեր, ՍԴ որոշումներ, որոնցով կարձանագրվի այսօրվա իրավախախտման մասշտաբը»,-նշեց Արամ Վարդեւանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ