Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընթանում է Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:
Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատական նիստի (նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյան) ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ դատարանը ներկայացրել է ԲԴԽ նախագահի գրությունը՝ ուղղված բոլոր դատարանների նախագահներին, որում նշել էր, որ առկա է համակարգչով գործի մակագրության անհնարինություն: Երեմ Սարգսյանը մանրամասնեց. «Նշել էր, որ պետք է ղեկավարվելով դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի չորրորդ մասով, որտեղ նշված է՝ ըստ այբբենական կարգի՝ դատավորների ազգանունների մակագրություն պետք է իրականացվի: Դատարանին հայտնեցինք, որ մենք չենք տեսնում փաստ, որ երևում է, որ սահմանադրական կարգը պահպանվել է: Խնդրեցինք տրամադրել փաստական երաշխիքներ, որ այս բողոքի քննությունը՝ ըստ այբբենական կարգի իրեն է մակագրվել: Այս դեպքում նման փաստաթուղթ չուներ դատավորը: Նորից միջնորդեցինք, որ գնա ու բերի այն փաստաթուղթը, որտեղ նշված է այս ամենը»:
Երեմ Սարգսյանը նշեց՝ դատարանը, լավ հասկանալով, որ նման փաստաթուղթ կարճ ժամանակում չի կարող բերել, որոշեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 12:00-ին: Երեմ Սարգսյանն ասաց. «Դատական նիստի ընթացքում կփորձեն ունենալ նման փաստաթուղթ կամ նման մի բան: Պարզ է, որ դատավորները նույնիսկ չունեն այն երաշխիքն իրենք իրենց համար, որ իրենք հանդիսանում են օրենքի հիման վրա ստեղծված դատարան կոնկրետ գործով: Նույնիսկ ջանք էլ չեն գործում, որ նման պարզաբանումներ ունենան: Դա աբսուրդ է, եթե դատավորը չգիտի՝ ոնց է փորձելու ինքը օրինական քննություն կատարել: Սպասում ենք վաղվան, տեսնենք՝ դատարանը կներկայացնի՞ այն փաստաթուղթը, որտեղ կերաշխավորի, որ պատահական ընտրությամբ ազգանունների՝ ըստ այբբենական կարգի հենց իրեն է մակագրվել գործը, որից հետո ըստ կարգի կշարունակենք»:
Լրագրողները փաստեցին՝ կալանավորված է ՀՀ ԱԺ պատգամավորը, արդյոք սա սահմանադրական իրավունքի խախտում չէ՞, Երեմ Սարգսյանն արձագանքեց. «Միանշանակ այստեղ խնդիրն առկա է: Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որում նշեց՝ իրականում նման իրավակարգ չկա, որ եթե մինչև պատգամավոր դառնալը արդեն սկսվել է քրեական հետապնդումը, այս նորմը չի գործում: Մենք կներկայացնենք կոնկրետ նորմեր, որոնք հենց հակառակն են վկայում: Նիստի ընթացքում ըստ անհրաժեշտության կներկայացնենք այս նորմերը, որոնք վկայում են, որ իրականում պետք է այս պահին նորից անձեռնմխելիության հարցը քննարկվի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ