«Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ, ԱԺ նախագահ ընտրված Ալեն Սիմոնյանը համաձայն չէ բնորոշումների հետ, թե ԱԺ-ում լրագրողների աշխատանքը սահմանափակվել է։ Այսօր խորհրդարանում, որտեղ լրագրողների տեղաշարժը խիստ սահմանափակ էր, նա լրագրողներին հորդորեց «սահմանափակում» բառը չօգտագործել, ապա վստահեցրեց, որ առաջիկայում ստեղծվելու է ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ համակարգ, որը պաշտոնյային «կբերի» լրագրողի մոտ։
«Դրանից հետո միայն պաշտոնյան դուրս կգա շենքից։ Այսպես լրագրողների աշխատանքը համակարգված կլինի։ Համաձայնեք՝ որեւէ մեկին հաճելի չէ, որ պաշտոնյան քայլում է, օպերատորները շտատիվներով՝ իր հետեւից։ Հիմա համակարգ է ներդրվելու։ Հատուկ հատկացված տեղում պատգամավորներ եւ պաշտոնյաները հանդես կգան ճեպազրույցներով, կտան հարցազրույցներ»,-նշեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը կապահովի նշյալը, կունենա մամուլի խոսնակ, որը լրագրողներին կօգնի կազմակերպել հարցազրույցները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ