Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին
Հարգելի պարո’ն Սիմոնյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Խնդրում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շնորհավորանքները փոխանցել նաև ընտրվելիք ԱԺ փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների նախագահներին,խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին:
2020թ աշնանային 44-օրյա պատերազմում մենք կորցրինք ոչ միայն մեր հայրենիքի զգալի մասը, այլև երկու եղբայրական հանրապետությունների միջև ակտիվ շփումները,որոնց հիմնաքարը դեռևս դրված էր Հայաստանի և Արցախի 1-ին գումարումներից:Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում եմ փոխայցելությունները երկու խորհրդարանների նախագահների, խմբակցությունների,մշտական հանձնաժողովների մակարդակով:
Կարդացեք նաև
Մեզ համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այն եզակի հարթակներից է, որտեղ կարող ենք քննարկել ավելի կոնկրետ ու թեմատիկ խնդիրներ:
Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև օրենքների և քաղաքական քննարկումների առումով արդեն իսկ ունենք ձևավորված ավանդույթներ:
Նախորդ գումարումների խորհրդարանները կուտակել են քաղաքական բանավեճերի, մտքերի փոխանակման բավարար փորձ և երկու խորհրդարանների ղեկավարներից է կախված դրանց հետագա ընդլայնումն ու խորացումը:
Մենք այսօր գտնվում ենք առաջիկա համատեղ գործունեության մեկնակետում: Ինչպես դնենք հիմնաքարը, այնպես էլ կընթանան հետագա աշխատանքները:
Հայկական երկու պետությունների համար այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում կարևոր է Արցախյան հիմնահարցն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը:Կարծում եմ՝ սրանք այն երկու գերխնդիրներն են, որոնց նկատմամբ և΄ իշխանությունը, և΄ ընդդիմությունը պարտավոր են իրավիճակի ընդհանուր քաղաքական ընկալման դաշտ ձևավորել: Այն բարդ ճանապարհ է, բայց պետք է լինենք լավատես և համատեղ ուժերով հասնենք հաջողությունների: Գարեգին Նժդեհն ավանդել է՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար: Մենք միասին 140 պատգամավոր ենք: Վստահ եմ՝ հաջողություններ կարձանագրենք:
Աստված պահապան Հայաստան աշխարհին:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին