Լրահոս
Օրվա լրահոսը

Կապան համայնքի ավագանին ընդդեմ համայնքապե՞տի

Օգոստոս 02,2021 19:01

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը օգոստոսի 2-ին համայնքի ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում 18 հարց էր, սակայն նիստը քվորում չլինելու պատճառով չկայացավ։ Ավագանու 15 անդամից նիստին ներկայացել էր միայն մեկ հոգի՝ Նարեկ Դավթյանը։

2018թ–ի հոկտեմբերից մինչեւ օրս, թերեւս սա միակ դեպքն է, երբ համայնքի ղեկավարի կողմից նախաձեռնած ավագանու արտահերթ նիստում քվորում չի ապահովվում։ Ավագանու բացակա անդամներից մեկը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ հիվանդ է, մյուսը՝ մայրաքաղաքում է, ոմանք էլ հրաժարվեցին պատասխանել, թե ինչո՞ւ չեն ներկայացել արտահերթ նիստին։ Ըստ շրջանառվող լուրերի, Կապանի ավագանու անդամների մի մասը համաձայն չէ համայնքի ղեկավարի վարած քաղաքականության հետ։

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանից նույնպես չհաջողվեց պարզաբանումներ ստանալ։ Նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ համայնքապետարանի գործավարը տեղեկացրեց, որ «պարոն Փարսյանը զբաղված է, խորհուրդ տալով կապվել մամուլի քարտուղարի հետ»։

Մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանն էլ հաստատեց, որ Գեւորգ Փարսյանը զբաղված է, բայց խոստացավ՝ «եթե ստացվի հանդիպել համայնքի ղեկավարին» ու ներկայացնել մեզ հետաքրքրող հարցերը։

Արդյո՞ք ճգնաժամ է հասունացել Կապանի համայնքապետարանում եւ համայնքի ղեկավարը չի կարողանում վերահսկել իրավիճակը․ այս հարցերի պատասխաններն էինք ակնկալում ստանալ Գեւորգ Փարսյանից։ Aravot.am-ը պատրաստ է ներկայացնել նաեւ վերջինիս պարզաբանումները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031