Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հանրապետության դատախազությունը փաստաբանի նկատմամբ մեղադրանքից հրաժարվել է, դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ

Օգոստոս 02,2021 18:55

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը ՀՀ փաստաբանների պալատ ներկայացված դիմումով հայտնել էր, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված թիվ 12202120 քրեական գործով իրեն մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր կողմից հրապարակված տեսանյութի և, դրան կից կատարված գրառման համար։

Ըստ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացության՝ Արցախի Հանրապետության Ճարտար քաղաքի բնակիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Վլադիմիրի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել, այն արարքի համար, որ վերջինս հանդիսանալով ԱՀ վերաքննիչ դատարանում քննված քաղաքացիական գործով պատասխանողի ներկայացուցիչ, նույն գործով դատարանի կողմից իր վստահորդի շահերին դեմ որոշում կայացնելուց հետո, «ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ իր անհամաձայնությունն էր հայտնել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ և պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորել էր դատական ակտը կայացրած դատավորներին՝ նրանց մեղադրելով գործող օրենսդրության պահանջները խախտելու մեջ։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին 02.03.2021թ. ուղղված գրությամբ հայտնել էր, որ Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից փաստաբանին վերագրված նույն արարքի հիմքով կայացված որոշման հիման վրա ներկայացված դիմումի առիթով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ և, քանի որ հարուցված քրեական գործով նկարագրված արարքն առերևույթ պարունակում է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտման հատկանիշներ, ուստի փաստաբանին վերագրված արարքին անհրաժեշտ է տալ փաստաբանական էթիկայի խախտման վերաբերյալ գնահատական, այլ ոչ թե՝ քրեաիրավական որակում:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին ուղղված նույն գրությամբ նաև խնդրել էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը կարճել և/կամ փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 20.04.2021թ. որոշմամբ փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Խորհրդի նշված որոշումն ուժի մեջ է մտել 25.06.2021 թվականին:

30.07.2021թ. ՀՀ փաստաբանների պալատում ստացվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի գրությունն առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի կողմից ենթադրաբար ԱՀ քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մաս) առնչությամբ հարուցված քրեական գործի դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազը հայտարարել է մեղադրանքից հրաժարվելու մասին, որի հիման վրա դատարանը 27․07․2021թ. կայացրել էր արդարացման դատավճիռ:

 

Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ օրինականության և արդարադատության սահմաններում գործելու համար:

 

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Բուջատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031