«Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Իմ՝ այստեղ գտնվելն իմ քաղաքացիական դիրքորոշումն է, ոչ թե քաղաքական։ Աշխատանքից դուրս երեկոյան ժամերին ես զբաղվելու եմ իմ սիրած գործով։ Մեր հասարակությունը վերջին շրջանում թուլացել է, հիվանդացել։ Իմ՝ այստեղ գտնվելը այդ հասարակության բուժման նպատակով է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, վիրաբույժ Արմեն Չարչյանը, որը վերջերս ազատվեց կալանքից։
Իր հանդեպ հարուցված քրեական գործից խոսել չցանկացավ։ Այդ գործի առկայության պայմաններում խորհրդարանում իշխանության հետ հնարավոր համատեղ աշխատանքի առնչությամբ էլ նա նշեց․ «Ես չեմ կարող ներել, բայց կարող եմ արհամարհել եւ մոռանալ այն, ինչ արվեց։ Այդքան էլ հաճելի չէր մեկ ամիս գտնվել մի տարածքում, որտեղ քո կողքին իրապես հանցագործներ են, բայց նրանք էլ են մարդ, նրանք էլ են Աստծո արարած։ Ես չեմ կարող ասել, որ կներեմ դա, բայց ես հիմա մոռացության կմատնեմ դա, քանի որ այստեղ իմ գիտելիքները կներդնեմ ՀՀ առողջապահական համակարգի կայացման համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ