Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել. վնասվածքներ է ստացել նաև Արման Անտոնյանի 87-ամյա պապը

Օգոստոս 02,2021 17:57

2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 01:30-ին, հաղորդում է ստացվել նաև բժշկական հաստատություններից այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու անձ:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը. նրանցից մեկը Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանն է, իսկ մյուսը՝ վերջինիս պապն է՝ Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ ծնված 1934թ.:

Նախնական տվյալներով՝ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև տարեց տղամարդուն՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031