Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Արգենտինայի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ,
պատիվ ունեմ փոխանցելու Ձեզ իմ լավագույն բարեմաղթանքները` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո` որպես Հայաստանի կառավարության ղեկավար հաստատվելու և հաջողություններ մաղթելու Ձեր կառավարման մեջ:
Հիմնվելով այն սկզբունքների և արժեքների վրա, որ մեր երկրները կիսում են, ինչպես նաև այն ամուր կապը, որ միավորում է մեր հասարակություններին՝ այս նամակի միջոցով ցանկանում եմ հայտնել համոզմունք, որ մոտ ապագայում մենք միասին կկարողանանք հաղթահարել դժվար պատմական մարտահրավերները, որոնք մենք ապրում ենք այսօր:
Կարդացեք նաև
Վերահաստատում եմ իմ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակել ամրապնդել բարեկամության և համագործակցության ավանդական կապերը՝ հիմնված փոխըմբռնման և հարգանքի վրա, որոնք միավորում են Արգենտինան և Հայաստանը:
Մեր հողի վրա հայկական ծագումով կարևոր համայնքի ներկայությունը նպաստում է այս մտերմությանը և հարստացնում մեր մշակույթը՝ մեզ հիշեցնելով այն ներուժի մասին, որը մենք դեռ կարող ենք զարգացնել մեր բոլոր փոխանակումներում: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և հայտնում հարգանքիս հավաստիքը»:
Ղազախստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ղազախստանի նախագահի ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը՝ վառ ապացույցն է Ձեր ընտրած կուրսի լայն աջակցության, որն ուղղված է հասարակության կայունության, միասնության և ներդաշնակության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ պատասխանատու պետական պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ՝ ի բարօրություն և բարեկեցություն բարեկամ հայ ժողովրդի»: