Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք նորընտիր ԱԺ-ից հայ ռազմագերիների վերադարձի հարցը մտցնել ԱԺ օրակարգ». Շիրակի մարզի հայ ռազմագերիների հարազատներ

Օգոստոս 02,2021 16:32

«Եկել ենք շնորհակալություն հայտնելու և որպես ԵՄ համանախագահ երկրներից մեկը՝ Ֆրանսիային հորդորելու, որ առավել ուշադրություն դարձնի հայ ռազմագերիների հարցին և իր ուրույն ներդրումն ունենա, որպեսզի մեր տղաներն օր առաջ հետ գան»,- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը:

Շիրակի մարզի հայ ռազմագերիների ծնողները Ֆրանսիայի դեսպանին փոխանցեցին փաստաթղթերի փաթեթ, որտեղ ներկայացված են փաստական տվյալներ, թե Ադրբեջանն ինչ վայրագություններ է գործում հայ ռազմագերիների նկատմամբ: Տիգրան Ամբարդարյանը մանրամասնեց. «Մեր պահանջը բոլոր հայ ռազմագերիների վերադարձն է: Դատավարությունների պատճառով մեր տղաներին դատապարտեցին վեց տարվա ազատազրկման: Լիահույս եմ, որ Ֆրանսիան, ինչպես նաև այլ երկրներ ուշադրություն կդարձնեն, կհաստատեն, որ այդ դատավարությունը կեղծ է, ճշմարտություն չկա և կստիպեն Ադրբեջանին՝ մեր տղաներին ուղարկի տուն: Փաստաթղթերի փաթեթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն է, փաստական տվյալներ, թե ինչ հանցագործություններ է Ադրբեջանը կատարում հայ ռազմագերիների նկատմամբ»:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտից գերիների հարազատները շարժվեցին դեպի ՀՀ ԱԺ:

Նրանք հայտարարեցին՝ ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ից պահանջում ռազմագերիների հարցը մտցնել ԱԺ օրակարգ: Տիգրան Ամբարդարյանը հայտարարեց. «Այսօր ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստն է: Կոչ ենք անում նորընտիր ԱԺ-ին շտապ կերպով ԱԺ օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը և շտապ բոլոր ռազմագերիներին իրենց ակտիվ աշխատանքի շնորհիվ վերադարձնել ՀՀ: Իմ կարծիքով՝ երկրում թիվ մեկ գործը պետք է լինի անվտանգության ապահովումն ու գերիների վերադարձը»: Ռազմագերիների հարազատները նշում են, որ այս հարցում նախորդ գումարման խորհրդարանը թերացել է, իսկ այս ԱԺ-ից ակնկալում են, որ իրենց խնդիրը լիարժեք կատարեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Պատերազմից հետո առաջացած խնդիրների մեջ մենք գիտակցում ենք, որ գերիների վերադարձն ամենահրատապն է: Այս մասին դեսպանատան մոտ գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Բացի այն, որ գերիների ազատումը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, նրանց ազատումը նաև պարտադիր է միջազգային իրավունքի հիմքով: Մենք ինքներս որոշակի հույս տեսանք, որ ազատ կարձակվեն, երբ մի քանի գերիների ազատ արձակեցին վերջերս, նույնիսկ եթե քիչ քանակով են եւ բավականին ուշ են կատարվում: Մենք հույս ունենք, որ այդ վերադարձումները կշարունակվեն: Գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ֆրանսիան պահպանում է իր կարողությունը երկու կողմերի հետ խոսելու»,-ասել է դեսպանը նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույնպես շահագրգռված է այս հարցում և ինքը նույնպես միշտ պատրաստակամ է ընդունել  գերիների հարազատներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031