Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն , 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանին մեկ քայլ մնաց իր օլիմպիական երկրորդ ոսկուն: Այսօր «Ճերմակ արջը» Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում պայքարը սկսելով 1/8 եզրափակչից՝ տարավ երեք անընդմեջ հաղթանակ՝ ղրղըզ, ֆինն եւ իրանցի մրցակիցների նկատմամբ ու մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսի համար կգոտեմարտի ռուսաստանցի Մուսա Եվլոեւի հետ:
Ալեքսանյանը կիսաեզրափակչում վնասեց ոտքը, սակայն կարողացավ գոտեմարտը հասցնել հաղթական ավարտի:
Ոսկե մեդալի համար գոտեմարտին շատ մոտ կարող էր լինել նաեւ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Ուզբեկ եւ ռուս ըմբիշների նկատմամբ առավելության հասնելուց հետո Չալյանը կիսաեզրափակչում հանդիպեց Ղրղըզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մահմուդովին: Գյումրեցի մարզիկը նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ:
Ավելին, նա կարող էր այդ առավելությունը վերածել նյութական բացահայտ առավելության, սակայն չորս միավորանոց գցում կատարելիս մի փոքր շտապեց ու չկարողացավ հնարքը մինչեւ վերջ ու ճիշտ կատարել, ինչի արդյունքում շատ կարեւոր միավորները շնորհվեցին մրցակցին ու պայքարի ընթացքը հիմնովին փոխվեց:
Կարդացեք նաև
Կարապետ Չալյանը հիմա պայքարելու է բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ