8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը շարունակվում է: «Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը՝ ԱԺ նախագահի պաշտոնում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը խոսեց ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժման սահմանափակումների մասին ու ասաց, որ ակնհայտ է՝ իրենց երկու գործընկերները քաղաքական պատանդներ են, բայց առնվազն խորհրդարանի դահլիճում էլ կա 71 պատանդ՝ մեկ հոգու. «Պարո՛ն Մինասյան, աջ կողմում նստած մեր գործընկերների (նկատի ունի ՔՊ-ականներին) մեջ քանի՞սն են հասկանում այս աբսուրդ վիճակը, որի մեջ իրենք էլ են հայտնվել, կամ իրենց մեծ մասը՝ լավ մասը: Իրե՞նք էլ են պատանդ արդյոք եւ այս վիճակը հաղթահարելու ցանկություն, արժանապատվություն, տղամարդկություն քանի՞սը կարող են ունենալ, ո՞ւմ հետ աշխատենք առաջիկայում»:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ դա երեւա առաջիկա ժամերին, բայց այսօր ԱԺ-ում սահմանափակվել է ոչ միայն լրագրողների, այլ նաեւ պատգամավորների տեղաշարժը. «Պատգամավորները, ովքեր իրենց աշխատասենյակից մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխվելու համար ստիպված պետք է անցնեն նման սահմանափակումների միջով: Սա աբսուրդ է: Ես ուսումնասիրել եմ եւ չեմ հայտնաբերել որեւէ կլինի միջազգային կազմակերպություն, ԵԱՀԿ, ՄԱԿ, որեւէ առաջադեմ երկրի խորհրդարան, որտեղ նման աննորմալ սահմանափակումներ կան: Անձը չի կարող իր աշխատասենյակից իր աշխատատեղ գալու համար, որ նույն շենքում է գտնվում, անցնի այս ստորացուցիչ աշխատակարգը: Մեր խմբակցությունն անպայման իրականացնելու է իրավական գործընթացներ՝ նման աննորմալ սահմանափակումը վերացնելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ