Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազը ծպտուն հանել է». ԱԺ դահլիճում հուշեցին Արծվիկ Մինասյանին

Օգոստոս 02,2021 14:56

8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը շարունակվում է: ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունները:

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Մխիթար Զաքարյանին ու «Հայաստան» խմբակցության 12 պատգամավոր հերթագրվեց՝ Մինասյանին մեկ անձից գնումների, Սյունիքը անջատելու, իշխող ուժի խախտումների մասին հարցեր ուղղելու համար: Ընդդիմադիրներն ընդգծեցին, որ մեր սահմաններն անպաշտպան են, բայց կարմիր բերետավորները շրջափակել են ԱԺ շենքը, չգիտես ինչից են այդքան վախենում ու պաշտպանվում ու ուժեղացնում սեփական անձնական անվտանգությունը: Արծվիկ Մինասյանն ասաց. «Կա՛մ իշխանությունը քաջ գիտակցում է իր մեղքերը , բայց դեռ պատրաստ չէ ապաշխարելու, կա՛մ փորձում է էլ ավելի խրվել մեղքերի մեջ, որի պատիժը բնականաբար լինելու է շատ ավելի խիստ: Այս երեւույթի դեմն առնելու համար մենք պետք է քաղաքացիների հետ միասին քայլերը կառուցենք այնպես, որ բռնենք այս հանցագործ ձեռքը ու կանգնեցնենք, թույլ չտանք, որ մեր հայրենիքի պաշտպանը հայտնվի բանտում, հայրենիքը հանձնողը հայտնվի որոշման կայացման տեղում»:

Ըստ ընդդիմադիրների, հակասյունիքյան քարոզչություն է վարում իշխանությունը: «Հատուկ նպատակով կալանավորում են մարդկանց, ովքեր պաշտպանել եւ պաշտպանում են հայրենիքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ դժգոհելով իշխանությունների «բեսպրեդելությունից»: Նա վստահեցրեց, որ եթե Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը չգան ԱԺ ու որպես ԱԺ նախագահի թեկնածուներ չպատասխանեն հարցերին, ելույթ չունենան, ԱԺ նախագահի ընտրությունը կդառնա ապօրինի ու անօրինական: Նա զգուշացրեց, որ կբողոքարկեն դա ու կունենան չեղարկումներ: Եթե ողջամիտ չվարվեն՝ պայքարն է՛լ ավելի է թեժանալու. «Հավանաբար իրենց պատկերացրած պողպատյա մանդատը դա է, որ երկու ընդդիմադիր պատգամավորին պետք է պահեն անազատության մեջ»:

«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հարցրեց, որ եթե իշխող մեծամասնությունը քաջություն ունենա ու ԱԺ հրավիրի գլխավոր դատախազին, վստա՞հ է, որ դատախազը իր մասնագիտական անաչառության, օրենքի բարձունքում կգտնվի ու չի շարունակի սպասարկել քաղաքական մեծամասնության շահն ու միտքը: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ դատախազությունը պարտավոր էր փոխել կալանավորված պատգամավորների խափանման միջոցը ու նրանց անհրաժեշտության հիմքերով արդեն կարող էր մտնել նոր պառլամենտ. «Բայց մենք տեսնում ենք, որ ապօրինությունը շարունակվում է, գլխավոր դատախազությունը ծպտուն չի հանել, չի ուզում գոնե մեկ հոդաբաշխ բացատրություն տա»: Դահլիճից հուշեցին՝ արդեն հանել է: Մինասյանը խոստացավ ընդմիջմանը ծանոթանալ գլխավոր դատախազի հանած «ծպտունին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031