«Ո՞վ է վախենում, իշխանությո՞ւնը։ Կերեւա՝ ով ումից է վախենում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմությունի՞ց են վախենում, որ ԱԺ-ում ՊՊԾ-ի խստացված ծառայություն է, իսկ պատգամավորները նիստերի դահլիճ են մտնում մետաղորսիչ սարքերով ստուգվելուց հետո։
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ անվտանգության կանոնները ցանկացած դեպքում պետք է վերանայվեն․ «Անվտանգությանն ուղղված միջոցառումներն ավելացվել են՝ անկախ նրանից, թե ով է ընդդիմությունը։ Ես սա այնքան էլ չեմ կապի ընդդիմության հետ։ Ստեղծված իրավիճակում պետք էր ակտիվացնել անվտանգային միջոցառումները»։
Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ ընդդիմության հետ կառուցողական աշխատանք է ակնկալում․ «Որքան էլ իշխանական թեւն ուժեղ լինի, եթե փորձեն մեր աշխատանքը խանգարել, դա դանդաղեցնելու է դրական գործընթացները, որոնք պետք է տեղի ունենան։ Շատ վատ է, որ չեն հրաժարվելու փողոցային պայքարից։ Եթե խմբակցություն ունեն, փողոց դուրս գալու իմաստը ո՞րն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ