8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն է, ձեւավորվում են խորհրդարանի մարմինները: Ընդմիջումից հետո նախ ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով՝ 9 անդամից կազմված: Երբ պետք է խմբակցություններն առաջադրեին իրենց թեկնածուներին, «Հայաստան» դաշինքի անդամները նորից պահանջեցին նախ իրենց կալանավորված գործընկերներին՝ Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին:
Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ մարդկայնորեն նիստը վարող Կնյազ Հասանովին հասկանում է՝ հանգամանքների բերումով շուտ է ծնվել, ամենատարեց պատգամավորն է ու հիմա ստիպված նիստը ինքն է վարում. «Մեր գործընկերների նկատմամբ տեղի է ունենում ալիեւություն: Ալիեւը պահում է մեր գերիներին, նույն պատանդի կարգավիճակով պահվում են մեր ընկերները, ասում են՝ եկեք նիստն անցկացնենք: Դա հնարավոր չէ»:
«Հայաստան» դաշինքից Արթուր Ղազինյանն ասաց, որ գլխավոր դատախազին խորհրդարան հրավիրելու կարիք կա, նա հաշվետու է ԱԺ-ին, նշանակվում է ԱԺ-ի կողմից. Նա պետք է ներկայացնի պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված ԱԺ-ի չհամալրված լինելու հանգամանքը: «Հայաստան» խմբակցությունը համալրված չէ: Խնդրում եմ միջոցներ ձեռք առեք դատախազին ԱԺ հրավիրելու, որպեսզի իրավական պարզաբանումներ ստանանք նրանից»:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ 90-ականներից բազմիցս եղել են դեպքեր, երբ քաղաքական մեծամասնությունը թվաքանակով բացարձակ առավելություն է ունեցել. «Եղել են դեպքեր, երբ ասել են՝ մի լսեք, կանոնակարգով մի շարժվեք, քշեք թող գնան: Բոլոր նրանք, ովքեր այդպես են վարվել, իրենց են քշել: Ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում»: Նա հորդորեց մեծամասնությանը 20 րոպե ընդմիջում վերցնել, խորհրդակցել նրա հետ, առանց որի որոշում չեն կարող կայացնել, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հետ եւ փորձել ԱԺ-ն բերել բնական հուն:
Անցելով հաշվիչ հանձնախմբի թեկնածուներին, ՔՊ-ից առաջարկվեցին Նարեկ Բաբայանի, Սարգիս Խանդանյանի, Քրիստինե Պողոսյանի, Լիլիթ Մինասյանի, Հովիկ Աղազարյանի եւ Արուսյակ Մանավազյանի թեկնածությունները:
«Հայաստան» խմբակցությունից առաջարկվեցին Աշոտ Սիմոնյանի եւ Ագնեսա Խամոյանի թեկնածությունները: «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջադրվեց Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:
ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Իսկ «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը: Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկվեց «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը:
Արծվիկ Մինասյանը, Մխիթար Զաքարյանին ներկայացնելուց հետո հորդորեց Հասանովին ճնշումներին դիմակայել ու կատարել իր լիազորությունները՝ ապահովելով իրենց գործընկերների ներկայությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ