Գրքի երևանյան չորրորդ փառատոնը ավարտվեց գրական մրցանակաբաշխությամբ։ Փառատոնի գլխավոր բաղադրիչը գրական մրցույթն է, որն այս տարի հայտարարվել էր «Արձակ» ու «Պոեզիա» անվանակարգերում։
Ստացվել էր 146 հայտ․ «Արձակ» անվանակարգում՝ 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Ժյուրին բարդ աշխատանք է կատարել։
Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն էին կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։
Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում էին՝
Կարդացեք նաև
Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ
Գուրգեն Խանջյան – արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ
Ալվարդ Սեմիրջյան – գրականագետ
Հասմիկ Խեչիկյան – գրականագետ
Քրիստինե Հովհաննիսյան – գրականագետ
Այսպիսով, «Պոեզիա» անվանակարգում Գրքի երևանյան չորրորդ փառատոնի գրական մրցույթի հաղթող ճանաչվեց Լուսինե Եղյանը, որին մրցանակը հանձնեցին ժյուրիի անդամ Քրիստինե Հովհաննիսյանը և փառատոնի նախորդ տարվա գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգի հաղթող Անահիտ Հայրապետյանը։
«Արձակ» անվանակարգում հաղթեց Հովիկ Աֆյանը, ում անունը հնչեցրեցին ժյուրիի անդամ, գրող, թարգմանիչ, դրամատուրդ Գուրգեն Խանջյանը եւ փառատոնի նախորդ տարվա «Արձակ» անվանակարգի հաղթող Աննա Դավթյանը։ Հաղթողները ստացան դրամական պարգև։
Գրքի երևանյան փառատոն 2021-ը նվիրված էր Չարեցնի ծննդյան 125-ամյակին ընդառաջ։ Գրական մրցույթի հաղթողները նաև «Եղիշե Չարենց» հուշամեդալով պարգեւատրվեցին, որը նրանց հանձնեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Գրքի երևանյան չորրորդ փառատոնն անցկացվեց հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը Աբովյան փողոցում։ Գրքի ցուցահանդես-տոնավաճառում մոտ չորս տասնյակ հրատարակչությունները գրքային տեսականին ընթերցողին ներկայացրեցին մինչեւ 40 տոկոս զեղչով, «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում էլ տեղի ունեցան տասնյակ հանդիպումներ հատուկ հյուրերի և գրքի մարդկանց հետ։
Գրքի երևանյան չորրորդ փառատոնի կազմակերպիչն էր «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը՝ աջակցությամբ ԿԳՄՍ նախարարության։ Գլխավոր գործընկերն էր «Զանգակ» գրատունը։
Փառատոնի կազմակերպչական թիմ