Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացնելով ԲԴԽ մի քանի կարեւոր աշխատանքները, նախ նշեց, որ կարեւոր եւ նախադեպային որոշում են կայացրել դատավորներ Լուսինե Աբգարյանին եւ Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված։ «Այդ որոշումները վերաբերվում են միջդատական վարույթում դատական իշխանության, դատական վերահսկողության իրականացման շրջանակներում հիմնավոր կասկածի եւ մեղքի հարցերի, դատական վերահսկողության եւ դատախազական վերահսկողության տարանջատման խնդիրներին, դատաքննության ընթացքում կիրառվող ապացուցողական շեմի տարբերակման հարցերին եւ այլն։ Այդ որոշումներն ուղարկել ենք քրեական գործեր քննող բոլոր դատավորներին՝ նպատակ ունենալով ոչ թե պատժել, ոչ թե կարգապահական պատասխանատվության ենթարկել այդպիսի սխալներ թույլ տված դատավորներին, այլ նախեւառաջ կանխել նման վարքագիծը, որպեսզի միջդատական վարույթի նկատմամբ դատական եւ դատախազական վերահսկողությունը խստագույնս սահմանազատվեն, եւ այդպիսի գործեր քննող դատավորներն առաջիկայում նման չարաշահումներից ձեռնպահ մնան»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։
Անդրադառնալով դատարանների շենքային պայմաններին, պարոն Ջհանգիրյանն ասաց, որ ՀՀ-ում կան դատարաններ, որոնց շենքային պայմանները շատ լավ են, եւ կան դատարաններ, որոնց շենքային պայմանները ծայրահեղ վատն են։
Պարոն Ջհանգիրյանը մի քանի օրինակ բերեց՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դատարանի շենքը մի մասը թեքվել է, քանդվում է․«Մարտունի քաղաքի դատարանի շենքում, ամոթ է ասել, նույնիսկ շուն կամ խոզ պահել հնարավոր չէ, նիստերի դահլիճ չկա, մանրահատակ ու լուսավորություն չկա, տանիքից կաթում է։ Նույնը վիճակն է Սիսիանի եւ Թալինի դատարաններում»։
Ըստ պարոն Ջհանգիրյանի, Գավառի դատարանի շենքի նոր նախագիծը պատվիրված է, միջազգային դոնորների միջոցներից օգտվելու (ընդհանուր 400 մլն դրամի) հնարավորություն ունեն․ «Հուսանք մինչեւ ձմռանը շենքի հիմքային աշխատանքները կկատարենք։ Իսկ պահուստային ֆոնդի հաշվին կհիմնանորոգենք մյուս դատարաններից մեկի շենքը»։
Կարդացեք նաև
Մարզային չորս դատարանների նախագահներ են նշանակել, որոնցից երեքը կին են։ Բոլոր դատարանների նախագահների թվակազմում կանայք 1/3-րդն են կազմում, եւ ինչպես պարոն Ջհանգիրյանն ասաց՝ հատկապես առաջին ատյանում երբեք այդպիսի բան չի եղել․ «Նոր նախադեպ ենք ստեղծել, երիտասարդ կանանց նշանակել ենք այդ պաշտոններում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ