Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ դանակահարել են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի եւ նրա պապին՝ Ազատ Անտոնյանին։
Մեր տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում, երեկ ժամը 01։00-ի շրջանում 2 դիմակավորված անձինք բաց դռնից մուտք են գործել Անտոնյանների բնակարան, դանակով հարվածներ հասցրել Արման Անտոնյանին, իսկ Ազատ Անտոնյանին ձեռքերով են հարվածել։ Դիմակավորված այս անձինք Ազատ եւ Արման Անտոնյաններից ոչինչ չեն պահանջել, բնակարանից էլ ոչինչ չեն հափշտակել։
Արման եւ Ազատ Անտոնյանները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» Բ/Կ, Ազատ Անտոնյանի մոտ ախտորոշվել է գանգի շրջանի բաց վերք, աջ ստորին կոպի հեմատոմա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին։
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ