Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա. Գարեգին Բ-ն՝ Ազգային ժողովին

Օգոստոս 02,2021 11:01

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻՆ

(2 օգոստոսի, 2021 թ.)

 Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հարգելի նախագահող,

Հարգելի պատգամավորներ և ներկաներ,

Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով և շնորհավորում նորընտիր պատգամավորներիդ:

Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների։ Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական, քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը։ Բոլորիս փափագն ու ձգտումն է մեր հայրենիքի անվտանգությունն ու առաջընթացը, խաղաղ և բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի և ձևավորվելիք կառավարության գործունեությամբ։

Այսօր դուք ստանձնում եք ձեր պարտականությունները՝ օրենսդրական նախաձեռնություններով կարևոր ներդրում բերելու տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի գործում, պաշտպանելու անխաթարությունը մեր ինքնության ու արժեքների և հաստատուն պահելու արդարությունն ու իրավունքը։ «Երանի նրանց, ովքեր իրավունքն են պահում և ամեն ժամ արդարություն գործում»,- ասում է Սուրբ Գիրքը (Սաղմ. 105.3)՝ վկայելով, որ արդարությունն ու օրինապահությունն են գրավականը երկրի և ժողովրդի բարօրության ու հարընթաց բարգավաճման։ Օրենսդրական ձեր գործունեությունը՝ արդարության և իրավունքի գերակայությամբ, միտված պետք է լինի ձևավորելու անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր պետության հզորության և ապահովության, մեր երկրի արժանապատիվ կյանքի համար: Այս նվիրական դարավոր իղձը իրականություն դարձնելու ուղին մեր հայրերի պատգամի իրագործումն է, ովքեր ըստ Ավետարանի ուսուցանել են, որ օրենքն է մարդու համար, և ոչ թե մարդը՝ օրենքի (հմմտ. Մարկ. 2.27)։

Մեր երկրում տիրող ներկայիս ծանր իրավիճակում և տարածաշրջանում առկա բարդ ու դժվարին հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն։ Մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա: Առաջնահերթորեն և այս խորհրդարանից, կառավարական համակարգից պիտի սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարի կամեցողությունը հասարակությունում։ Խորհրդարանական գործունեության ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու և սխալները շտկելու նպատակով, ծավալվող բանավեճերը՝ ճշմարտությունը գտնելու, ճշմարտության հոգով առաջնորդվելու և այդ ճշմարտության վրա խարսխելու օրինահարգ հանրային կյանքը և պետության կենսագործունեությունը։

Հայրապետական Մեր հորդորն ենք բերում ձեզ, որ քաղաքական հայացքների և տեսակետների բազմակարծությամբ հանդերձ, մեր հայրենիքի և ժողովրդի լուսավոր ապագայի կերտման նույն ձգտումով աշխատեք համախումբ՝ մեր պետության անսասանության, ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման, արտագաղթի կանխման, սփյուռքի հետ կապերի ու գործակցության առավել արդյունավորման ջանքերով: Ամուր պահեք հավատարմությունը մեր հոգևոր և ազգային արժեքներին, հայրենիքի գերագույն շահերին, մեր սուրբ նախնյաց և հայրենյայց պաշտպան նահատակ զավակների հավատին ու նվիրական տեսիլքին, որպեսզի ազգովի ունենանք շնորհն ու զորությունը կերտելու մեր պետության և հայրենական կյանքի զարթոնքը։

Մեր Սուրբ Եկեղեցին բոլոր ժամանակներում առաջնորդել է մեր ժողովրդին հոգու փրկության, մտքի լուսավորության, ազգային կյանքի վերելքի, նաև օրհնել ազատագրական պայքարները, սատարել պետականության վերահաստատման մաքառումներին։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տեսլականով միշտ իր ձայնն է բարձրացնում հայրենիքի համար վտանգավոր ընթացքների, ազգային ինքնության սպառնալիքների, մեր ժողովրդի իրավունքների ու արժեքների ոտնահարման դեմ։ Հավատարիմ իր կոչմանը՝ մեր Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի տերունապատվեր իր առաքելությունը՝ զորակից ու օգտակար լինելով հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերին՝ ի սեր մեր ժողովրդի և պետության։

Աղոթում ենք, որ Աստված իմաստություն պարգևի և աջակից լինի ձեզ ձեր գործունեության մեջ, որպեսզի Ազգային ժողովի առաքելությունը արգասավորվի ցանկալի արդյունքներով` հանուն հայրենիքի առաջընթացի, մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու արժանապատիվ կյանքի: Բարի և օրհնյալ ընթացք Ազգային ժողովի 8-րդ գումարման աշխատանքներին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031