Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը. Գոհար Մելոյան

Օգոստոս 02,2021 10:11

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ուղիղ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը։

Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից:

Այսինքն, Հայաստանում ինչպես պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, այնպես էլ՝ պատգամավորին ազատությունից զրկելը կարող է կատարվել բացառապես Ազգային ժողովի որոշմամբ։

Ընդ որում, նշված հարցերից յուրաքանչյուրով պետք է ընդունվի առանձին որոշում։

Բացի այդ, առանձին իրավիճակներում կարող է ընդունվել դրանցից միայն մեկը։

Այսինքն, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ առանձին իրավիճակի նկատմամբ 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը կիրառելի չլինի, սակայն 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը լինի կիրառելի։

Այսպես՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը նախատեսում է պատգամավորի անձեռնմխելիություն բացառապես քրեական հետապնդման հարուցումից, այլ ոչ թե իրականացումից։ Այսինքն, եթե անձը ստանձնել է Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները մինչև նրա նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, ապա դրա շարունակման համար, այսինքն՝ քրեական հետապնդման իրականացման համար Ազգային ժողովի համաձայնության այլևս անհրաժեշտ չէ։

Փոխարենը Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը որևէ տարբերակում չի նախատեսում, թե երբ է անձը զրկվել/զրկվում ազատությունից՝ մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստանձնելը, թե ստանձնելուց հետո։ Այն իմպերատիվ կերպով սահմանում է՝ Ազգային ժողովի պատգամավորը կարող է զրկված լինել ազատությունից բացառապես Ազգային ժողովի համաձայնությամբ։ Օրինակ՝ եթե անձը մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնելը զրկված է եղել ազատությունից, ապա նշված լիազորությունները ստանձնելու հետո նա կարող է պահվել անազատության մեջ բացառապես Ազգային ժողովի համաձայնության։ Իսկ քանի դեռ չի եղել նշված համաձայնությունը, պատգամավորը պետք է անմիջապես ազատ արձակվի։ Հակառակ դեպքում ստացվում է, որ կա ԱԺ պատգամավոր, ով անազատության մեջ է պահվում առանց ԱԺ-ի համաձայնության։

Հետևաբար, օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031