Սահմանադրական դատարանը վերջերս գրավոր ընթացակարգով քննել էր «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որը հետաքրքիր էր նրանով, որ դիմողը եղել է վարչական դատարանը՝ 2020 թվականի մայիսի 18-ին, իսկ վարչական դատարան էլ կենսաթոշակի հարցով դիմել էր նախկին դատախազ: Վարչական դատարանը կասեցրել էր վարչական գործի վարույթը ՍԴ դիմելու որոշմամբ:
Նշեմ, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014թ. փետրվարի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2014թ. փետրվարի 13-ին եւ ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից: Վիճարկվող նորմում փոփոխություններ եւ լրացումներ չեն կատարվել:
Նշյալ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է. «2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաեւ՝ 1) «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը»:
Դիմողը փաստել էր, որ օրենսդիրը դատախազության համակարգի աշխատակիցների համար օրենքով սահմանել է կենսաթոշակի հատուկ տեսակ այն անձանց համար, որոնք պաշտոնից կազատվեն դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալու հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կճանաչվեն կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք կբերեն: Միաժամանակ, օրենքի անցումային դրույթներով հատուկ կարգավորում է տրվել դատախազության համակարգի այն աշխատակիցների համար, որոնք 2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ծնվել են մինչեւ 1974 թ. հունվարի 1-ը եւ պաշտոնից ազատվել են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերով, այն է՝ առկա է անձնական դիմում, լրացել է դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին:
Կարդացեք նաև
Դիմումատու դատարանի կարծիքով՝ տվյալ իրավակարգավորումը խտրական մոտեցում է ցուցաբերում մի կողմից՝ անձնական դիմումի, մյուս կողմից՝ ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու հիմքով դատախազի պաշտոնից ազատված անձանց միջեւ: Ըստ դիմողի՝ վիճարկվող հոդվածը, ըստ էության, նպատակ է հետապնդում երաշխավորելու այն դատախազների կենսաթոշակի իրավունքը, որոնք ունեն երկարամյա ծառայության ստաժ, այն է՝ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ՝ երկարամյա ստաժ, հետեւաբար. «օրենսդիրը չէր կարող խրախուսել մի կողմից՝ երկարամյա աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ ատեստավորումը չանցնելու ռիսկից խուսափելու համար պաշտոնից ազատվելու մասին դիմում ներկայացնելը»:
Իսկ ահա ըստ պատասխանող կողմի՝ ԱԺ ներկայացուցիչներ Կ. Մովսիսյանի, Գ. Աթանեսյանի, Մ. Մոսինյանի, հակառակ մեկնաբանման պարագայում ստացվում է. «Բոլոր այն դեպքերում, երբ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անձը կունենա առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ձեռք կբերի օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք՝ անկախ պաշտոնից ազատվելու հիմքի, ինչն անընդունելի է եւ չի բխում օրենքի նպատակներից»:
Անդրադառնալով անձնական դիմումի համաձայն պաշտոնից ազատված եւ ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պաշտոնից ազատված դատախազներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «առկա չէ որեւէ օբյեկտիվ հիմք, որը թույլ կտար պնդելու, որ եթե անձնական դիմում չլիներ, եւ անձը մասնակցեր ատեստավորմանը, ապա կապահովեր բավարար արդյունք եւ, ընդհակառակը, առկա չէ որեւէ օբյեկտիվ հիմք, որը թույլ կտար պնդելու, որ ատեստավորմանը մասնակցած եւ բավարար արդյունք չապահոված անձը միշտ էլ ունեցել է անբավարար մասնագիտական պատրաստվածություն: Ավելին, եթե ատեստավորման գործընթացում անբավարար արդյունք ապահոված անձը չմասնակցեր ատեստավորմանը եւ պաշտոնից ազատման դիմում ներկայացներ, ապա որեւէ տեղ չէր արձանագրվի նրա մասնագիտական ոչ պիտանիությունը, եւ տվյալ անձը, փաստացի լինելով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող, կօգտվեր օրենքի ընձեռած հնարավորությունից եւ կստանար հատուկ կենսաթոշակ»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով նախքան դատախազի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելը պետք է ապահովվի վերջինիս՝ սեփական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվելու եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի իրացման հնարավորությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2021