Անցյալ դարի 70-80-ական թվականներին Վազգեն Օվյանը, թերեւս, ամենալայն ժողովրդականություն վայելող գրողն էր Արցախում։ Այն տարիներին արցախցի գրողները հազվադեպ էին կարողանում գիրք տպագրել Երեւանում, քանի որ Արցախը Ադրբեջանի կազմում էր, իսկ Երեւանում ձգտում էին «գլխացավանքներից» հեռու մնալ…
Նա վախճանվել է 1987 թվականի փետրվարի 23-ին՝ Արցախյան շարժումից՝ Ազգային զարթոնքից ուղիղ մեկ տարի առաջ: «Առավոտն» առաջին անգամ ընթերցողին է ներկայացնում Վազգեն Օվյանի որդու՝ Վարդգեսի հիշողություններից՝ ճանաչված երգահան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի եւ Վազգեն Օվյանի մի հանդիպման մասին:
Քչերը գիտեն, որ ՆԳՆ գեներալ Հեքիմյանը ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում է աշխատել, 1955-1970 թվականներին եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, ապա՝ պետ, 1970-1973 թվականներին՝ Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։
Բարձր դասարանում էի սովորում։ Մի օր հայրս աշխատավայրից՝ Արցախի մարզային ռադիոխմբագրությունից, որտեղ երկար տարիներ գրական-երաժշտական հաղորդումների ավագ խմբագիր էր աշխատում, զանգեց տուն եւ ասաց.
Կարդացեք նաև
– Գեներալ տեսած կա՞ս։ Ո՛չ հեռուստացույցով, այլ իսկական։
Այն տարիներին Ստեփանակերտում ո՞վ էր իսկական գեներալ տեսել, եւ բնականաբար՝ պատասխանեցի.
– Չէ, չեմ տեսել։
– Դե շտապ եկ ինձ մոտ, խմբագրություն։ Եկ, կենդանի գեներալի հետ ծանոթացնեմ, Մոսկվայից է եկել։
Մի քանի րոպե հետո հայրիկիս աշխատավայրում էի (այն տարիներին Ստեփանակերտում մեր տունը ռադիոխմբագրությունից 100 մետրի վրա էր գտնվում)։ Հորս աշխատասենյակի դուռը բացեցի եւ ներս մտա։ Համազգեստով հաճելի մի տղամարդ էր նստած։ Ինձ թվաց, որ հորս տարիքին կլիներ, բայց հետո իմացա, որ 4-5 տարով մեծ է հայրիկիցս։
Հայրս ծանոթացրեց.
– Միլիցիայի գեներալ Ալեքսեյ Հեքիմյան։ Կոմպոզիտոր է նաեւ, երգեր է գրում։
Գեներալը ծիծաղեց ու սեղմեց ձեռքս։ Իսկ հայրս իրեն հատուկ կեսլուրջ-կեսկատակ շարունակեց.
– Ընկեր Հեքիմյանը խոստացել է նաեւ հայերեն երգեր գրել։ Այդպես է, չէ՞, Ալեքսեյ Գուրգենովիչ։
Հեքիմյանը ժպտաց եւ գլխով հաստատեց։ Այդ օրերին ես կարծում էի, թե հայրս ինձ ծանոթացրել է մոսկվացի հայ գեներալի հետ։ Միայն տարիներ հետո, երբ հայրս ստացավ Ալեքսեյ Հեքիմյանի ուղարկած ձայնասկավառակը՝ հայերեն հրաշալի երգերով՝ Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթեւոսյանի, Վարդուհի Խաչատրյանի, Նար Հովհաննիսյանի կատարմամբ, հասկացա, որ իմ տեսած գեներալը հիանալի կոմպոզիտոր է։
Դրանից մոտ մի տարի հետո հայրս Հեքիմյանից նոր նվեր ստացավ՝ «Սիրելի ուսուցիչ» երգի նոտաների ֆոնի վրա կոմպոզիտորի դիմանկարը՝ նրա մակագրությամբ. «Հարգելի ընկեր Հովյան, Շնորհավորում եմ ձեր նոր տարին։ Ալեքսեյ Հեքիմյան» (նա կարծում էր, թե Օվյանը Հովյանի ռուսերեն թարգմանությունն է)…
1981-ի սեպտեմբերին Հեքիմյանը կրկին Արցախում էր։ Այս անգամ ես նրան չտեսա, քույրերս հանդիպեցին եւ լուսանկարվեցին հետը։ Հայրս ասաց, որ Հեքիմյանը պատահական լսելով իր երկու բանաստեղծությունների հիման վրա գրված Գեղունի Չթչյանի ռոմանսները, բացականչել է. «Վազգեն Գարեգինովիչ, հարգելիս, իսկ ես կարծում էի, թե միայն արձակագիր ես։ Ինչո՞ւ ես ինձնից թաքցրել, որ հրաշալի բանաստեղծություններ ունես»։
Եվ առաջարկել է անպայման ուղարկել բանաստեղծություններից՝ տեքստերի հիման վրա երգեր գրելու համար։ Հայրս ընտրել է իր ձեռքով մեքենագրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ եւ ուղարկել կոմպոզիտորին։ Դրանից մի քանի ամիս հետո՝ 1982-ի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության օրը լսեցինք, որ սիրված կոմպոզիտորը Մոսկվայում վախճանվել է։
Վարդգես ՕՎՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2021