Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես տատիկի հալվան «վերաճեց» փոքրիկ բիզնեսի

Օգոստոս 02,2021 12:30

Հարցազրույց երիտասարդ գործարար Արեւ Բալդրյանի հետ

– Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել հենց այս գործով։

– Շատ անսպասելի եղավ ամենը, նախադրյալը լուսահոգի տատիս հանդեպ անծայրածիր կարոտն էր, կարոտ՝ նաեւ նրա պատրաստած անմահական հալվայի հանդեպ: Հիշեցի մանկությանս լուսավոր օրերը, անուշաբույր հալվայի հոտն ու քիմքիս զգացի այդ քաղցր սերը: Որոշեցի ինքս փորձել: Մտաբերեցի ամեն քայլը՝ ինչպես էր նա պատրաստում՝ ամբողջ ընթացքում աչքիս առաջ նրա բարի աչքերն ու ժպիտը տեսնելով: Կարծես հետեւում էր քայլերիս, ժպտում: Եվ կարծես հենց այդ օրն էլ ստացա նրա օրհնությունը… Պատրաստեցի ու զգացի հենց տատիս հալվայի համը, բոլորը նույն տպավորությունը ստացան: Այդ օրն ինձ հյուր եկավ ինձ շատ հարազատ մի մարդ, ընկեր, ով նաեւ բիզնես խորհրդատու է: Նա միշտ հորդորում էր ինձ սկսել սեփական բիզնես ու բոլոր առաջարկներս մերժում էր, հավանություն չէր տալիս, ասում էր՝ յուրօրինակություն է պետք, պիտի տարբերվող լինես: Երբ առաջին պատառը փորձեց, աչքերը մի պահ փակեց, հետո փայլփլող ժպիտով ասաց. «Անմահակա՛ն է… Հենց սա՛ է, մտածի՛ր այս ուղղությամբ, գտի՛ր մատուցման հարմար ու գեղեցիկ տարբերակ»: Մի քանի օր ու գիշեր մտածում էի, չէի քնում, անվերջ փորձեր էի անում, պրպտում: Նախապատրաստական փուլն ամիսներ տեւեց, մինչ գտա այն, ինչն իսկապես ուզում էի ու այն, ինչ մատուցում եմ այսօր: Մանրամասն մտածել ու աշխատել եմ յուրաքանչյուր դետալի, ապրանքանշանի, անվան, մատուցման տարբերակների վրա: Դեռ շարունակում եմ աշխատել, կատարելագործել, ամեն ինչ դեռ նոր է սկսվում…

– Ի՞նչն ես կարեւորում աշխատանքի մեջ։

– Աշխատանքում ամեն մանրուք կարեւոր է, բայց գլխավորը սերն ու նվիրվածությունն է: Եթե որեւէ բան մեխանիկորեն ես անում, ապա այն շատ արագ անհետաքրքիր է դառնում: Երբ դեռ նոր էի սկսել, հրավիրեցին Ամերիկյան դեսպանատանը ցուցահանդես-վաճառքի: Մի ամերիկացի համտեսեց իմ հալվան ու առանց իմանալու, որ թե՛ իմ անունը, թե՛ հալվայի անվանումն ԱՐԵՎ է, բացականչեց. «Օ՜, կարծես բերանումս արեւ լինի, ինչ ջե՜րմ է, ինչ հաճելի՜…»: Ու մեկը մյուսին հաջորդեցին դրական ու ոգեւորող կարծիքները, բոլորի մոտ գրեթե նույն զգացողությունն է՝ մանկություն: Հասկացա, որ ճիշտ ուղղությամբ եմ գնում, որ կարողացել եմ իմ ողջ էներգիան, սերը, ջերմությունը, զգացմունքներն ու տաք հիշողությունները փոխանցել հալվայի միջոցով, որ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվում: Ես աշխատում եմ միշտ հետադարձ կապը պահել հաճախորդներիս հետ, որպեսզի որեւէ խնդրի, դժգոհության դեպքում արագ շտկեմ: Բայց, փառք Աստծո, դեռեւս որեւէ խնդիր չի եղել, միշտ միայն դրական կարծիքներ, հաճելի ու ջերմ խոսքեր:

– Հայաստանի սահմաններին հեղհեղուկ խաղաղություն է։ Ինչպե՞ս է այն անդրադառնում քո գործունեության վրա:

– Այնպես էր ստացվել, որ պատերազմի օրերին նաեւ առողջական խնդիր ունեի, ու ինձ հակացուցված էին սթրեսը, ծանրամարս լուրերն ու հույզերը: Բայց ես կիլոմետրերով հեռու եմ անտարբերությունից ու անտեսելով վիճակս՝ ամեն վայրկյան ու պահ ես այդ ամենի մեջ էի: Փորձում էի անել, ինչ կարող էի, ինչպես կարող էի օգտակար լինել: Ամեն զոհի հետ ինձնից մի մասնիկ պոկվում-գնում էր (է)… Իսկ այդ օրերին բիզնեսի մասին մտածել անգամ չէի կարողանում: Բիզնեսն ամենօրյա ինտենսիվ աշխատանք է պահանջում, նաեւ՝ գովազդ: Երբ տեսնում եմ որեւէ լուր կա սահմանային լարվածության, զոհի կամ այդ թեմային վերաբերող որեւէ հարցի մասին, մի տեսակ անհարմար եմ զգում էջումս հալվայի գովազդ դնել: Ինձ թվում է՝ մեղք կգործեմ: Տրամադրություն էլ չի լինում այդ ուղղությամբ մտածելու: Բայց աշխատել է պետք, յուրաքանչյուրս նաեւ մեր աշխատանքով պիտի նպաստենք հայրենիքի հզորացմանը, մեր բանակի ուժեղացմանը: Ինձ համար անասելի ծանր է հայրենիքիս ներկա վիճակը, ու ես այն տեսակն եմ, որ պիտի մնամ ու աշխատեմ, արարեմ այստե՛ղ, իմ երկրո՛ւմ: Ի վերջո, ոչ միայն վերջին պատերազմի 5000, այլ դեռ նախորդ պատերազմներին ու նախորդ տարիներին զոհված Տղերքի առաջ ես պարտք ունեմ, նրանք զոհվել են, որ ես ապրեմ: Ես նաեւ դասընկեր եմ կորցրել: Ուրեմն ես իրավունք չունեմ նրանց հիասթափեցնելու:

– Ի՞նչ սկզբունքով ես աշխատում։

– Երբ ստեղծում էի «Արեւ» հայկական ավանդական հալվան, չէի պատկերացնում, թե մինչեւ ուր պիտի գնամ: Յուրաքանչյուր պատվեր եւ պատվիրատու ստիպում է մտածել նոր բաների մասին, կատարելագործել: Մտքից միտք է ծնվում, ամեն պատվերի հետ՝ նոր գաղափար:

– Հե՞շտ է սեփական բիզնեսն ունենալ Հայաստանում։

– Առհասարակ, չեմ կարծում, թե որեւէ երկրում բիզնես ունենալը հեշտ է: Պարզապես, հնարավորություններն են տարբեր: Մեր շուկան շատ փոքր է, անհրաժեշտ միջոցները՝ սակավ: Մեր միջավայրում էլ՝ բազմոցին թիկնած քոփի-փաստ անողները շատ-շատ են: Հենց մի լավ բան է ստեղծվում ու տեսնում են, որ պահանջարկը կա, սկսում են բոլորն այդ նույն բանով զբաղվել, բայց հաշվի չեն առնում, որ իրենց ունակություններն ու հմտությունները նույնը չեն, հետեւաբար նույն որակն ու արդյունքն ապահովել չեն կարող: Ես փորձում եմ հնարավոր ամեն ինչ անել իմ բիզնեսի յուրահատկությունը պահելու համար: Ինչ խոսք, շատ դժվար է, բայց հենց դժվարություններն են ստիպում, որ գնաս առաջ, անես ավելին ու հասնես ավելիին, իսկ այս ճանապարհին ինձ մշտապես օգնում են ընտանիքս ու ընկերներս:
Մեծագույն նպատակս հայկական հալվայի կիրառման մշակույթը վերադարձնելն է մեր կենցաղ, մեր առօրյա, մեր ազգային խոհանոց, մեր տոնական կարեւոր իրադարձություններին վերջինիս կարեւոր խորհուրդը տեղ հասցնելը: Նոր սերունդը պիտի իմանա, թե հնում ինչ գեղեցիկ սովորույթներ ենք ունեցել, պիտի նորովի, բայց հին գեղեցիկը պահպանելով՝ փոխանցել հաջորդ սերունդներին: Չպետք է թույլ տալ, որ կորեն, անհետանան մեր մշակույթի կարեւոր ու գեղեցիկ ավանդույթները: Ես իմ էջում էլ պարբերաբար ներկայացնում եմ հալվայի ազգային-ծիսական կարեւոր կիրառությունների մասին տեղեկություններ: Գուցե սա էլ հենց իմ առաքելությունն է, որ պիտի անեմ հայրենիքիս համար:

– Ոչ ֆորմալ կրթական դասընթացների մասնակցո՞ւմ ես…

– Իհարկե, դա պարտադիր է: Բիզնեսի ոչ միայն ղեկավար կազմը, այլ ողջ թիմը պարբերաբար պետք է վերապատրաստվեն: Ես մինչ բիզնես սկսելն էլ, մասնակցել եմ մի քանի կարեւոր ուղղվածությամբ թրեյնինգների, կրթվելը միշտ կարեւոր է, պետք է ժամանակին համընթաց քայլել, միշտ տեղեկացված լինել նորություններից: Հիմա էլ հնարավոր ոչ մի առիթ բաց չեմ թողնում: Ամիսներ առաջ մրցույթ եղավ եւ հնարավորություն ունեցա մասնակցելու ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» եռամսյա դրամաշնորհային ծրագրի դասընթացներին: Այն հիանալի հնարավորություն էր գիտելիքների մեծ պաշար ստանալու, կատարելագործվելու, է՛լ ավելի վստահ քայլերով առաջ շարժվելու համար: Ծրագրի հաղթողներից մեկն էլ ես դարձա, ինչն անչափ ուրախալի է ինձ համար, ինչի շնորհիվ էլ հիմա պատրաստվում եմ հիմնել նոր արտադրամասը, նոր թիմ հավաքել եւ կյանքի կոչել սիրուն ու քաղցր գաղափարներս:

– Քո կարծիքով՝ Հայաստանում ի՞նչ պետք է փոխել բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

– Իրականում, այսօր արդեն իսկ որոշ քայլեր արվում են, բայց դա դեռ շատ քիչ է: Ժամանակի ընթացքում շատ խնդիրների ես բախվում, ու հասկանում, թե որքան բացեր կան: Ոչ միայն բիզնեսի համար, այլ մեր երկրում այնքան բան կա փոխելու: Բայց մեր ժողովրդի ու նաեւ պաշտոնատար անձանց մեծամասնության մոտ կա կարծրացած մի սովորություն, որից հրաժարվել չեն ուզում: Մեծամասնությունը սովոր չէ հարգել օրենքը, սովոր են բոլոր հարցերը լուծել ԽԾԲ-ով, ու հետո, երբ ինչ-որ բան չի ստացվում, կամ իրենց ուզածով չի լինում, դժգոհում են, թե օրենք չկա: Լավ կլինի, որ սկսնակ բիզնեսի ղեկավարների համար պետության կողմից կազմակերպվեն անվճար դասընթացներ, կրթեն, որպեսզի ընթացքը ճիշտ լինի, մի քանի ամիս սխալ աշխատելով չփակվեն: Ոչ բոլորն են կարողանում օգտվել այդպիսի վճարովի դասընթացներից: Ի վերջո, բիզնեսը միայն առուծախ չէ, բիզնեսի միջոցով նաեւ քո երկրի դեմքն ես ներկայացնում, քո պատմությունը, գուցե նաեւ՝ մշակույթը, քո ապագան…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031