Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից…»

Օգոստոս 02,2021 12:00

Արցախյան պատերազմն ու ԱԺ արտահերթ ընտրություններն ազգային արժանապատվության ու ազգային հոգեկերտվածքի ցուցադրման յուրահատուկ ստուգատես էին եւ ցավոք, մենք՝ հայերս, աշխարհին ներկայացանք մարդկային պատմության մեջ նախադեպը չունեցող ապազգային ու նվաստացուցիչ անհասկանալի վարքագծով, պարտված, հային նվաստացրած, չարդարացված հազարավոր զոհեր տված եւ Հայաստանը քաղաքական, անվտանգային, տնտեսական, սոցիալական, կրթական, դիվանագիտական ու բարոյահոգեբանական ճգնաժամի հասցրած իշխանություններին նորից տալով վստահության քվե:

Սա հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի, խայտառակ ու ողբերգական ժամանակաշրջաններից պետք է համարել, սա սեփական ժողովրդի՝ Հայաստանին հասցված բոլոր չարիքներից ամենածանրագույնն է: Մենք այս կերպ գնում ենք պետականության կործանման ճանապարհով, բայց հիմա ես վախենում եմ շատ ավելի սարսափելի կորստի համար: Հիմա մտածում եմ, որ պետականության կորուստը չարիքի փոքրագույնը կարող է լինել եւ որ ոչ հեռու ապագայում կանգնելու ենք հայրենիքի կորստի եւ մեր պատմական տարածքում հայի տեսակի վերացման իրատեսական սպառնալիքի առջեւ, վախենում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում արդեն անհնարին կլինի երբեւէ դուրս գալ անտարբերության, ինքնաոչնչացման ու անարժանապատվության այս հորձանուտից:

«Փաշինյանի վերընտրվելը Հայաստանի ինքնաոչնչացման գործողության վերջին ակորդն է: Սա իմ հայտնագործությունը չէ: Բոլորն էլ հասկանում են, որ սա հայերի ողբերգությունն է…: Եթե նախկինում բոլորը հեգնանքով էին վերաբերվում Ալիեւի հայտարարությանը, թե Երեւանը ադրբեջանական քաղաք է, ապա ես սկսում եմ հավատալ այս գաղափարի իրագործմանը: Կողքից հետեւում ենք եւ շատ ցավում։ Մենք շատ վախենում ենք, որ Հայաստանը կարող է ինքն իրեն վերացնել։ Եվ ոչ թե նրա համար, որ պատերազմում է պարտվել, ո՛չ, Հայաստանը չի պարտվել, նա պարզապես ինքն իրեն հիմա վերացնում է»,- բոլորովին վերջերս ասել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Իսկ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին 20-րդ դարի սկզբին, բայց եւ Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների եւ տեղի ունեցող գործընթացներին շատ բնութագրական ու դիպուկ ասել է. «Ազգը իրեն դրսեւորում է ոչ միայն իր մարդկանց միջոցով, այլ նաեւ նրանով, թե ինչպիսի մարդկանց է նա պատիվներ պարգեւում, ինչպիսի մարդկանց է նա հիշում»:

Սա բառի բուն իմաստով զանգվածային դավադրություն էր սեփական ժողովրդի, երկրի ու պետության նկատմամբ, սա նախ եւ առաջ ցածր խավերի զայրույթն էր իրենց չստացված ճակատագրի ու անհաջողությունների համար, ում հոգու սնունդը պարզապես ատելությունն ու չարությունն է:

«Փոքր մարդիկ միշտ չափազանց փոքր են մեծ ու բարի գործերի համար, սակայն նրանք մեծ են եւ միշտ փափագում են փոքր եւ ստոր արարքների համար»,-ասել է ամերիկացի հասարակական գործիչ Ջուլիանա Վիլսոնը: Իսկ Բոնապարտ Նապոլեոնը գտնում էր, որ. «Մարդկությունը ամենաբարձր գինը վճարում է ստորության համար»: Տգիտությունն ու չարությունն այն աստիճան են մթագնել շատերի ուղեղներն ու կուրացրել հավատը Աստծո նկատմամբ, հեռացրել մարդկանց Տիրոջից, այնպես են լվացել զանգվածների ուղեղները ֆեյքերի միջոցով, որ ֆանատիկորեն պաշտպանում են «առաջնորդի» անբովանդակ բոլոր կարգախոսները, գաղափարներն ու աններելի ձախողումները, իսկ անտարբերությունն ու ստրկամտությունն այնպիսի խորն արմատներ են գցել մարդկանց մեջ, որ նրանք արդեն սկսում են հաշտվել դրա հետ եւ սիրել ստրուկի իրենց կապանքները: «Տվեք ինձ լրատվամիջոցները, եւ ես ցանկացած ազգից խոզերի նախիր կպատրաստեմ»,-ասել է Ռեյխի Գերմանիայի կրթության եւ քարոզչության նախարար Ջոզեֆ Գեբելսը:

Իսկ միայն նրանք կարող են ժողովրդին տգիտության ու թշվառության մեջ պահել, ովքեր ցանկանում են խաբել եւ իշխել նրանց: Պատահական չէ, որ ընտրություններին ընդառաջ սահմանափակվեցին շատ ընդդիմադիր հեռուստաընկերությունների հեռարձակման հնարավորությունները տարածական առումով, իսկ իշխանական ֆեյքերը երեք տարի շարունակ պարզապես իրենց են ենթարկել մարդկանց ենթագիտակցությունը: Եվ հիմա կանգնած ենք արժեհամակարգային, ազգային-ավանդույթային ու սերնդային աղետի առաջ: Սա օտարների կողմից կազմակերպված դիվերսիա էր՝ ուղղված հայ ժողովրդի, հայոց պետականության եւ հայի ավանդույթների ու բարոյական կերպարի խեղաթյուրմանը: Մեզ չկարողացան հաղթել մարտի դաշտում. հաղթեցին մեր բարոյական միջավայրի ապականման ճանապարհով, մենք ականջալուր չեղանք մեր մեծերին՝ կաթողիկոսներին, Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներին, վարչապետներին, գիտնականներին, մտավորականներին, իսկ մեր ընտրանուն, մտավորական՝ մշակութային մարդուն վերաբերվում ենք ատելությամբ եւ արհամարհանքով։

«Ցածր ազգերը ոչնչացնում կամ թունավորում են իրենց իմաստուններին, իսկ իրենց խելագարներին թողնում են ազատ թափառել փողոցներում: Իմաստուն ժողովուրդները հնազանդվում են առաջինին, զսպում են երկրորդին եւ սիրում են բոլորին»,- ասել է 19-րդ դարի անգլիացի նշանավոր գրող Ջոն Ռեսկին: Այս երեւույթի սոցիալ-հոգեբանական արմատները պետք է նաեւ մեր մեջ փնտրել, որ քաղաքացին տարիներ շարունակ օտարվել է պետությունից ու իշխանությունից, մարդը չի գնահատվել ըստ արժանվույն, անարդար է բաշխվել երկրում ստեղծված արդյունքը, խրախուսվել է անօրինականությունը, զորբայությունը, հովանավորչությունը, քծնանքն ու ամբարտավանությունը:

Դրա հետ միասին չի կարելի չնկատել, որ այս երեւույթներն արդյունք չեն միայն թշվառության, անարդարության ու տգիտության: Սա մարդկային յուրահատուկ տեսակ է, որ կարելի է հանդիպել բոլոր սոցիալական խավերի մոտ, ինչը ենթադրում է, որ պետք չէ ժողովրդահաճո լինել եւ այս տեսակի գոյության համար միայն ուրիշներին մեղադրել: Անհրաժեշտ է իրերն իրենց անունով կոչել եւ անհաշտ պայքար մղել անբարոյականության՝ ազգուրացության, դավաճանության, ատելության, երախտամոռության, եսամոլության ու ամեն տեսակի ցածրագույն դրսեւորումների դեմ: Դրա համար ընդամենը պետք է լավը գնահատել, մեծարել, արժեւորել, իսկ վատը, ցածր որակները՝ պատժել ու պախարակել: Իսկ այսօրվա դառն իրականության հիմքերը տանում են պատմության խորքերը, երբ շուրջ 1,5 հազարամյակ առաջ՝ պետականություն կորցնելուց հետո կամաց-կամաց հեռացել ենք մեր ազնվագույն արմատներից եւ մինչեւ այժմ գտնվում ենք արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամի մեջ: Այս տեսակին, որոնք թե դրսից, թե ներսից մշտապես քանդել են մեր երկիրը, Թումանյանը 1921թ. «խանգարող սրիկաներ, գողեր, ավազակներ ու ապիկար թշվառականներ…» է անվանել:

Իսկ Իսահակյանը 1936թ. նույն տեսակին անվանում էր «ազգամերժ, կոսմոպոլիտ, լեւանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող ու կարիերիստ»: Նժդեհն էլ այդպիսիներին «ազգի տականք» էր կոչում եւ գտնում էր, որ. «Երբ պետության զգացողությունը դուրս է գալիս ժողովրդի միջից, ապա այդ ժողովուրդը դադարում է ժողովուրդ լինելուց եւ դառնում է ամորֆ զանգված»: Հիմա մենք այդպիսին ենք: Եվ ոչ ոք չի կարող ստիպել մեզ ստրկամիտ, թերարժեք ու ստորացված զգալ առանց մեր համաձայնության: Ցավոք, Հայաստանում յուրաքանչյուր կուսակցություն գալիս է իշխանության՝ այլեւս երբեւէ չհեռանալու ակնկալիքով եւ իրենց զգում են արտոնյալ, անսխալական ու անփոխարինելի, պետական շահն էլ մշտապես ստորադասում են անձնական, խմբային շահից:

Իսկ հայոց արքաները պատմության ընթացքում գերակշիռ դեպքերում կամ դրածո են եղել ու դրսից կառավարվող՝ կամակատար, կամ ինքնուրույն կառավարման դեպքում իրենց ժողովրդին պահել են ծանր ստրկության տակ: Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, այլ կերպ, քան ինքնասպանություն, կոչել չի կարելի:

Կանխազգալով մեր ժողովրդին պատուհասող արժեհամակարգային վտանգը, Ավետիք Իսահակյանը դեռեւս տասնամյակներ առաջ իր «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով» բանաստեղծության մեջ հայ ժողովրդին զգուշացրել եւ սթափության կոչ է արել.
«Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ…»։

«Հայաստանը, որպես պետություն, այնուամենայնիվ, կայացել է ԽՍՀՄ-ի շրջանակներում, եւ անկախություն ձեռք բերելուց հետո երկիրը չի կարողացել ստեղծել ազգային արժեքներ, որոնք անհրաժեշտ էին ժողովրդին: …Պարզվեց, որ նա ի վիճակի չէր բյուրեղացնել ամենաարդյունավետ եւ արժանի պետական վերնախավն ու ուժը, որն ունակ է լուծել խնդիրները Հայաստանում»,- բոլորովին վերջերս նշել է հրեա փորձագետ Յակով Կեդմին: Այո, մենք այդպես էլ չհասունացանք որպես ազգ, ժողովուրդ, մենք չհասունացանք անկախության համար, պետականության համար: Իսկ «Ժողովուրդը նա է՝ ով ինքն իրեն չի խաբում: Ժողովուրդը նա է՝ ով հոգեւոր ծուլության թշնամին է: Ժողովուրդը նա է, ով մտածում է, մնացած բոլորը բնակչություն են»,- նշել է ռուս նշանավոր պոետ Եվգենի Եվտուշենկոն:

Մենք կարող էինք հաղթել թշնամուն եւ խաղաղություն պարտադրել, եթե Իսրայելի օրինակին հետեւեինք: «…հողը, որ ստացանք, քարեր էին ու անապատ, որի վրա չկար ոչ մի բնական պաշար` ոչ ջուր, ոչ ոսկի, ոչ էլ նավթ: Մենք չունեինք սպառազինություն: Չունեինք գեներալներ, ռազմական փորձ: Մենք պետք է խիզախ ու արի դառնայինք ու պիտի հասկանայինք, որ այլընտրանք չունենք` պիտի հաղթեինք: Եթե գեթ մի անգամ պարտվեինք, ապա` վե՛րջ… Սկսեցինք զենք արտադրել ու բանակը կատարելագործելու համար ստիպված էինք զարգացնել ՏՏ-ն: Եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ապա պետք է աշխատել: Պետք է գիտությանը հետեւել: Գիտությունը սահման ու սահմանափակումներ չունի…»,- 90-ականների սկզբին գրել է Իսրայելի փորձառու եւ իմաստուն նախագահ Շեմոն Պերեսը: Իսրայելում գիտության վրա ծախսում են շուրջ 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Իսրայելը աշխարհում առաջատարներից է գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության եւ ռազմական արդյունաբերության ոլորտներում: Իսրայելի ռազմական ծախսերը կազմում են շուրջ 21 միլիարդ դոլար՝ 7 անգամ ավելի ՀՀ բյուջեից եւ Իսրայելի հետ աշխարհի հզորներն ու արաբական ողջ հանրությունն են հաշվի նստում:

«Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ…: Մենք քամիներ շատ ենք տեսել եւ եթե ցայսօր գոյատեւում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության եւ արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլեւս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ»,-ասել է Պարույր Սեւակը:

Եվ հիմա մենք ազգովի վայելում ենք Սեւակի ասած այդ դինջության ու արխայինության պտուղները: Դեռ ինչ-որ տեղ հասկանալի է բնակչության մի մասի դինջությունն ու արխայինությունը, սակայն հասկանալի չէ այն մարդկանց պահվածքը, որոնք պատմական դեմքեր են եւ լուրջ դերակատարություն են ունեցել ինչպես Հայաստանի ու ԼՂ Հանրապետության պետականության կայացման, այնպես էլ ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակի գործում:

Չնայած, որ այս ընտրությունները ըստ էության չլուծեցին երկրում ճգնաժամի հաղթահարման խնդիրը եւ ներկայումս էլ շարունակվում է Հայաստան պետության քայքայումը, Ադրբեջանի նվաստացումն ու ահաբեկչությունը Հայաստանի նկատմամբ, իսկ սահմանին զոհեր ու վիրավորներ ենք ունենում, սակայն, բացի երկրորդ նախագահից, ոչ կաթողիկոսները, ոչ Հայաստանի առաջին եւ երրորդ, ոչ էլ Արցախի նախկին նախագահները, ոչ Գիտությունների ազգային ակադեմիան եւ ոչ էլ ընդդիմադիր կուսակցություններն ու մտավորականությունը անհասկանալիորեն չեն ձեռնարկում գործնական քայլեր ու առաջարկում ելքեր ավելի ահագնացող ճգնաժամն ու երկրի օրեցօր կործանումը կանխելու համար: Իսկ միգուցե Նիկոլն ու իր ժողովուրդը ճիշտ է, մենք ենք ազգովի սխալ…

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
31.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031