Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը շտապում է իր համար ձեռնտու պայմաններով ստորագրել տալ իր պատկերացրած խաղաղության պայմանագիրը»

Օգոստոս 02,2021 14:00

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում թշնամու կողմից նախահարձակ գործողություններն Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը մի շարք գործոնների հետ է կապում, մասնավորապես՝ ավելի քան մեկ շաբաթ առաջ կայացած Պուտին-Ալիեւ հանդիպման հետ։ «Չնայած շատերն ասում են, որ Պուտինի եւ Ալիեւի հանդիպումը ջերմ մթնոլորտում է եղել, իրականում Ալիեւը դժգոհ մնաց Մոսկվայում ստացած ուղերձներից։ Զուգահեռ, Ալիեւի այցի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Մոսկվա։ Բացի այդ, ԵՄ բարձր ներկայացուցիչն այցելեց տարածաշրջան»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Գրիգորի Այվազյանը։ Նրա բնորոշմամբ՝ նշյալ կարեւոր իրադարձությունների ֆոնին Ադրբեջանն ուզում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի ստորագրվի ադրբեջանական կողմի պատկերացրած «խաղաղության պայմանագիրը»՝ ներառյալ ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը։

«Ադրբեջանն այս գործոններից ելնելով՝ փորձում է նորից ճնշում գործադրել։ Առաջին բաղադրիչը դժգոհությունն է, որն Ալիեւը ստացավ Մոսկվայի հանդիպումներից։ Նրան այնտեղ հստակ հուշել են, որ Արցախի կարգավիճակի հարցը համախանագահողները չեն համարում փակված։ Փակ դռների հետեւում նույնը նրան ասել է Վլադիմիր Պուտինը»,-համոզված է մեր զրուցակիցը։ Ըստ նրա՝ սահմանային բախումներով Ադրբեջանն արձագանքեց նաեւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանի՝ տարածաշրջան այցին, նաեւ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների վերջին հայտարարությանը, որը, Այվազյանի խոսքով, շոշափում է Արցախի կարգավիճակի հարցը։ Հիշեցնենք, որ այդ հայտարարությամբ համանախագահները կրկին փաստեցին Արցախի «հակամարտության համաձայնեցված, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտության մասին եւ կողմերին կոչ արեցին հնարավորինս շուտ վերադառնալ համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին»:

Գրիգորի Այվազյանի խոսքով. «Ալիեւը շտապում է իր համար ձեռնտու պայմաններով ստորագրել տալ իր պատկերացրած խաղաղության պայմանագիրը, սահմանագծման-սահմանազատման փաստաթուղթը՝ Ադրբեջանի պայմաններով, որովհետեւ Ալիեւը հստակ գիտակցում է, որ ժամանակն իր օգտին չի աշխատում, եւ ներկայիս իրավիճակը չի կարող երկար տեւել իր համար բարենպաստ պայմաններով»։ Թե այս ամենն ինչ վտանգներ է պարունակում հայկական կողմի համար, փորձագետը շեշտեց. «Շատ զգույշ է պետք լինել եւ չշտապել ստորագրել որեւէ բան՝ ճնշումների ներքո։ Երկրի պաշտպանունակության մակարդակն է անհրաժեշտ բարձրացնել՝ դիմադրելու համար ադրբեջանական ճնշումներին։ Թեեւ Ադրբեջանը հիմա այն վիճակում չէ, որ առանց գերտերությունների թույլտվության՝ ի վիճակի լինի լայնածավալ պատերազմ սկսելու։ Բացի այդ, 2020թ.-ի պատերազմը սպառել է Ադրբեջանի հարձակողական ուժերը։ Այնպես որ, մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք, ոչ թե շտապենք ստորագրել այն, ինչ Ալիեւն է մատուցում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031