Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակութային օջախները չե՛ն կարող լինել ավելորդ, չե՛ն կարող լինել շատ և բեռ պետության համար․ ՊԿԵԹ

Օգոստոս 01,2021 23:12

Մեծարգո Պարոն վարչապետ, Նիկոլ Փաշինյան,

Ձեզ ուղղված մեր բաց նամակն ուզում ենք սկսել Բերտոլդ Բրեխտի խոսքերով.
«Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույնին՝ երկրի վրա ապրելու արվեստին»:
Մենք՝ մեր պատմության բոլոր ժամանակահատվածներում ունեցել ենք հային ու հայկականը պահելու և պաշտպանելու խնդիր: Առանց պետության ու պետականության, զենք ու զորքի, կռվել ու հաղթել ենք մեր մշակույթով՝ հայ արվեստի բոլոր տեսակները ծառայեցնելով Հայաստան երկրի վրա ապրելուն:

Մեր երկրի համար այսքան ճակատագրական ու բախտորոշ ժամանակահատվածում շատ կարևոր է, որ մեր թիկունքն ամուր լինի: Ամուր՝ ոգով ու կամքով: Թիկունք, որը կոփվում է արվեստի և մշակույթի միջոցով: Այսօր փորձ է արվում խարխլել այդ թիկունքի ամրությունը: Փորձ է արվում փակել հայ մշակույթի օջախ՝ թատրոն: ԿԳՄՍՆ պատրաստվում է միավորել Երևանի պետական կամերային երաժշտական ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնները՝ հիմնվելով մեկ ընդհանրության՝ անվանումներում առկա երաժշտական բառի վրա:

2 թատրոնների միավորման արդյունքում շենքը կտրամադրվի Պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես փորձատեղի։ Հետպատերազմյան մեր երկրի համար թատերական միավորի ոչնչացումը որևէ դրական արդյունք չի կարող ունենալ: Սա թիկունքից հարված է մեր երկրին ու անվտանգությանը, քանի որ ապագա զինվորն ու սահմանապահը հենց թատրոնում, թանգարանում ու համերգասրահում է դառնում հայկականի կրողն ու անձնուրաց պաշտպանը:

Մշակութային օջախները չե՛ն կարող լինել ավելորդ, չե՛ն կարող լինել շատ և բեռ պետության համար, դրանք օդ ու ջրի պես անհրաժեշտ են առողջ, ուժեղ և կայացած հասարակություն կրթելու և ձևավորելու համար: Հատկապես այն դեպքերում, երբ չունեն հանդիսատեսի պակաս, պարտաճանաչորեն կատարում են իրենց հարկային պարտավորությունները և տարին տարվա վրա հանդես են գալիս նոր ասելիքով: Պետական կամերային երաժշտական թատրոնն այս չափանիշերով աշխատող միավոր է և պարզապես անհասկանալի է այս տեսակ կառույցի հետ նման կերպ վարվելու շարժառիթները:

Պետություն, մշակույթ, բանակ այս եռամիասնությունն է, որ պիտի մեր երկրի ապագան ավելի անվտանգ ու լուսավոր դարձնի:
Տարիներ շարունակ հայ մշակույթի զարգացման գործում իրենց անուրանալի վաստակն ու ներդրումն ունեցած բազմաթիվ արվեստագետներ այսօր ակնկալում են Ձեր աջակցությունը: Պետական կամերային երաժշտական թատրոնը, որն իր գործունեության 32 տարիների ընթացքում վաստակել է իր հավատարիմ հանդիսատեսի սերն ու վստահությունը, պետք է ապրի ու ստեղծագործի իր տանը:

Թույլ մի՛ տվեք, որ մեզանից խլեն մեր զենքը:

Հ․ գ․ Հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը չի ձեռնարկում նախապես պլանավորած բողոքի ակցիաները՝ էլ առավել չսրելու համար երկրում արդեն իսկ լարված իրավիճակը։ Մենք լիահույս ենք, որ ԿԳՄՍՆ հարցին կվերաբերվի նույն տրամաբանությամբ և սահմանային լարվածությամբ հարկադրված մեր լռությունը չի օգտագործի՝ որպես պատեհ ժամանակահատված ու առիթ 2 թատրոնների անընդունելի ու անհասկանալի միավորումն օր առաջ իրականություն դարձնելու համար։ Սա կլինի հարված թիկունքից, ինչը որևէ բարոյական բացատրություն չի կարող ունենալ։

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031