«Հավատարիմներ են պետք»: Արկադի եւ Բորիս Ստրուգացկիներ՝ «Դժվար է աստված լինել»
Որքան էլ տարօրինակ թվա, բայց սովետական կյանքի մասին, որին ես առնչվել եմ մինչեւ վաղ պատանեկության տարիներս, լավագույն պատկերացումն եմ կազմել ֆանտաստ գրող Ստրուգացկի եղբայրների գրքերից: Նրանք գրում էին հիմնականում հաղթած կոմունիզմի հեռավոր ապագայի մասին: Բայց ապագայի, տիեզերքի, համընդհանուր հավասարության եւ մերիտոկրատիայի սովետական պատկերացման՝ «յուրաքանչյուրին՝ ըստ կարիքի, յուրաքանչյուրից՝ ըստ ունակությունների» միջավայրը նրանց գրականությունը չէր դարձնում սոցռեալիզմի հուշարձան, ավելի շուտ հակառակը՝ նրբորեն թաքցնում էր հեղինակների խորը, համոզված հակասովետական դիրքորոշումը:
«Դժվար է աստված լինել» վեպում նկարագրվում է մոլորակ, որի միջնադար են ներդրվել Երկիր մոլորակի մոտ երկու տասնյակ գիտնականներ, որոնք պիտի օգնեն այդ հասարակությանը արագորեն անցնել զարգացման այդ փուլը: Ֆեոդալական հասարակարգում բարեփոխումները բավականին ծանր գործ է, եւ այդ խնդրի հետ բավականին հատկանշական ձեւով առնչվում են պրոգրեսորները (նրանք, ովքեր փորձում են արագացնել առաջընթացը իրենց միջամտությամբ):
Գլխավոր հերոսներից մեկը՝ դոն Ռեբան (վեպի սկզբնական տարբերակներից մեկում նա դոն Ռեբիա էր, բայց Բերիայի չափից դուրս թափանցիկ զուգահեռի պատճառով խորհրդային գրաքննիչները հեղինակներին հստակորեն խորհուրդ տվեցին փոխել անունը) ստեղծում է պետական հեղաշրջման նախադրյալներ, որով պիտի ազատվեր չափից դուրս ինքնագլուխ պալատականներից, վերջիններիս սպասարկող գիտնականներից, դերասաններից եւ բժիշկներից:
Եվ ահա այստեղ սկսվում են խորհրդային (հաճախ էլ՝ ոչ այնքան խորհրդային) իրականության հետ «կեղտոտ» զուգահեռները: Պարզվում է, որ գողացող եւ անարդար կերպով հարստացած փոքրամասնությունից ազատվելու հրաշալի գաղափարը պարտադիր կերպով իրականացվում է լուսավորյալներին եւ այլախոհներին հետապնդելու միջոցով: Պարզվում է նաեւ, որ պրոգրեսորների եւ դոն Ռեբայի առաջին հայացքից նույնական խնդիրները ունեն բացարձակապես տարբեր լուծումներ՝ պրոգրեսորներին պետք է, որ զարգանա մշակույթն ու գիտությունը, իսկ դոն Ռեբային, որ ոչ ոք իրեն չխանգարի:
Բայց ամենակարեւորը՝ պրոգրեսորներն իրենց 22-րդ դարի բարձունքից, հնարավոր են համարում, որ իրենք կարող են սխալվել, իսկ դոն Ռեբան անտարակույս վստահ է իր ճշմարտացիության մեջ: Որպես ենթավերնագիր մեջբերածս ցիտատը հատված է դոննա Ռումատայի՝ 22-րդ դարի Երկիր մոլորակի պրոգրեսորի եւ «գորշերի հեղաշրջման» առաջնորդ դոն Ռեբայի խոսակցությունից: Այս մեջբերման տարողունակությունը, կատարելությունը, եւ Ստրուգացկի եղբայրների պարագայում՝ տառապանքի արդյունք լինելը, հատկանշական է: Եվ, ցավոք, անմահ է:
20-րդ դարը ցույց տվեց, որ ցանկացած սոցիալական փորձարկում, որը նպատակ ունի բարելավել մարդկային նյութը, անխուսափելիորեն հանգեցնում է բռնության: Բռնություն՝ այլախոհների հանդեպ: Չէ՞ որ ցանկացած խոհ՝ այլախոհություն է: Ստիպել մարդկանց միատեսակ մտածել՝ հնարավոր է միայն, եթե ստիպես դադարել մտածել: Ընդհանրապես: Իմ խստապահանջ խմբագիրը՝ Արամ Աբրահամյանը, իր ամենօրյա սյունակներից մեկում գրել էր Հայաստանում հումանիտար եւ հասարակական գիտությունների սարսափելի ցածր մակարդակի մասին:
Հարցն այն է, որ հենց հումանիտարներն են միշտ ուղղորդել հասարակական զարգացման վեկտորը: Նշագծում էին բարոյական եւ էթիկական փարոսները, որոնց ուղղությամբ կողմնորոշվելով մարդիկ, հասարակությունն ու պետությունը գտնում էին իրենց ուղին: Եվ հենց նրանք էին այլախոհների առաջին շարքերում: Հումանիտարներին շատ դժվար է ստիպել ներքին էմիգրանտ դառնալ, կիրառական մտածելակերպի եւ մասնագիտությունների տերերին՝ ավելի հեշտ է:
Այլ խոսքերով, եւ այստեղ ժամանակն է վերադառնալ բնաբանին, հավատարիմ կարող են դառնալ միայն կիրառական մասնագիտությունների մարդիկ, բայց ոչ՝ ստեղծագործական եւ հումանիտար:
Բայց ես շեղվեցի: Ժամանակն է ավարտել, իսկ որպես վերջաբան եւս մի մեջբերում նույն՝ «Դժվար է Աստված լինել» գրքից: «Ամենից շատ ես վախենում եմ խավարից, քանի որ խավարում բոլորը դառնում են միատեսակ գորշ»:
Ս.Յ.