ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենսդրական վերջին փոփոխությունը, որով հայհոյանքը քրեականացվում է, համացանցում նոր հումորային մեկնաբանությունների ու համեմատությունների տեղիք է տվել: Այն նաեւ մի շարք հարցադրումներ է առաջացրել փորձագիտական հանրության շրջանում:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ հանրությունը ամբողջությամբ չի գիտակցում այն վտանգները, որոնք կան հայհոյանքի քրեականացման տակ։ Ըստ նրա, այս օրենքով ո՛չ հայհոյանքը կքչանա ցանցում, ո՛չ էլ թիթեռնիկները կշատանան դաշտերում. հայկական համացանցի կեսը դա մարդիկ են, որոնք Հայաստանում չեն։ Ու իրանց վրա այս օրենքը չի ազդի. «Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն իրենց քֆուրները։ Բացի դրանից, հեշտ կարելի ա ֆեյք բացել ու հավեսով մի 20 միլիոնի սիրտը հովացնել։ Իսկ կարելի է բաց դեմքով շարունակել հայհոյել։ Ոստիկանությունը ու դատարանները տեսնենք, թե ոնց են հազարավոր տեղացի քֆուրչիներին բռնելու ու դատելու։ Էլ չասեմ, որ միշտ կարելի է ասել, որ ես չէի, կոտրել են ֆեյսբուքս։ Դե հիմա մի հատ էլ փորձագիտական զննում արեք»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում օրենքի համահեղինակ Վահագն Հովակիմյանն ասաց. «Նախ, պետք է օրենքը կարդալ: Նախագծի առաջին մասով մասնավոր բողոք պետք է լինի եւ անձը պիտի պարտադիր դիմի իրավապահներին, եթե դիմեց, ինքը պիտի նաեւ ապացույց ներկայացնի, ենթադրենք, այսինչ մարդն իրեն հայհոյել է ու եթե խոսքը համացանցի մասին է, նա պետք է ներկայացնի նաեւ, որ այդ մարդը գոյություն ունի: Դա ընդամենը իրավապահների գործունեության տիրույթում է, դրա համար նախաքննություն, հետաքննություն պետք է լինի: Իրենք կպարզեն՝ քրեորեն հետապնդելի է, հետապնդելի չի: Իսկ եթե մարդը հանցագործություն է կատարում ու Հայաստանի տարածքից դուրս է, իրավապահներն ի՞նչ միջոցներ են ձեռնարկում՝ հետախուզում են հայտարարում եւ այլն: Եթե գտնվելու վայրը գիտեն, այդ երկրի իրավապահներին են դիմում»:
Դիտարկմանը, որ համացանցում ամեն հայհոյողի համար մեր իրավապահները դիմեն այլ երկրների՞ն՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ այո, դա հենց իրավապահների գործունեության ոլորտն է:
Կարդացեք նաև
Եթե հայհոյելուց հետո մարդն ասի՝ ես չեմ եղել, էջս կոտրել են, դրա համար փորձագիտական զննում, մի շարք գործողությունների պետք է դիմեն, որ պարզեն: Հովակիմյանն այս առնչությամբ պատասխանեց. «Դա եկանք արդեն այն հարթությունը, որ ինքը օրենքը սկսում է կանխարգելիչ նշանակություն ունենալ: Որովհետեւ այն մարդը, որը հայհոյել է ու հետո ասում է՝ ես չեմ հայհոյել, արդեն այդ մարդը սկսում է այսպես ասեմ՝ դաստիարակվել: Բազմաթիվ երկրներ երեւի մի քանի տասնամյակ է, հայհոյանքը քրեականացրել են ու իրենց հասարակությունում այսօր համարյա չկա դա, առավել եւս՝ հրապարակային խոսքում: Դա դրա արդյունքն է: Ոչ ոք չի ասում, որ բոլորին պիտի բռնեն նստեցնեն կամ բռնեն տուգանեն, չէ՛: Խնդիրն այն է, որ հայհոյախոսությունը մեր բառապաշարից դուրս գա: Մարդը պետք է գիտակցի, որ դա արգելված է: Մենք բոլորս գիտակցում ենք չէ՞ մեր դաստիարակությամբ, որ դա արգելված է: Համացանցի, կյանքի զարգացումը բերեց նրան, որ որոշ մարդկանց մոտ հայհոյախոսությունը կենսակերպ է դարձել»:
Այն մտավախությանը, որ օրենքը չի աշխատի ու սա իրավական նիհիլիզմն է խորացնելու՝ Վահագն Հովակիմյանն արձագանքեց. «Դա Կիկոսի մահն է: Նախագծի մշակմանը մասնակցել են հա՛մ իրավակիրառողները, հա՛մ իրավաբանները, իրավական ոլորտի մասնագետների մեծ շրջանակ է մասնակցել: Խնդիրը եղել է ոչ թե այն, որ բոլորին պատժել, այլ՝ որ մեր իրական կյանքում հայհոյախոսությունը վերանա: Նույնիսկ եթե մեկ-երկու տարում վերանա, թող լինի մեռած նորմ, որի կարիքը չկա»:
Հայհոյանքը շատ դժվար չափվող երեւույթ է ու դժվար է որոշել այն սահմանը, թե երբ է այն վիրավորանքից անցնում ծանր վիրավորանքի, հայհոյանքի եւ այլն: Ուստի նաեւ մտավախություն կա, որ սա կդառնա քաղաքական պատվեր կատարելու գործիք: Ոնց կուզի՝ դատավորը կմեկնաբանի: Վահագն Հովակիմյանը չհամաձայնեց. «Արդարադատության փոխնախարարն էլ ասաց, որ դատական պրակտիկայում արդեն կա սահմանված հայհոյանք ասվածը: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արդեն կա: Եթե նույնիսկ ինչ-որ բան չլինի, դատական պրակտիկան հենց դրա համար է: Դու օրենքներում չես կարող երբեք բոլոր իրավիճակներն ու բոլոր բառերը հաշված գրես: Դրա համար մեր մոտ Վճռաբեկ դատարանին տրված է նախադեպային որոշումներ կայացնելու իրավունք, որպեսզի այդ որոշումներով նաեւ կարգավորվի այն, ինչ օրենքներով չի կարգավորված: Նախագիծը քննարկելիս այս հարցը եղել է ու գլխավոր դատախազությունը հստակ ֆիքսել է, որ արդեն բազմաթիվ խուլիգանության, տարբեր գործերով, որտեղ եղել է հայհոյանքի սեգմենտը, Վճռաբեկ դատարանն անդրադարձ է արել: Դա արդեն ուղենիշ է հա՛մ հետաքննիչներին, հա՛մ քննիչներին, հա՛մ դատախազներին, հա՛մ դատավորներին, որպեսզի իրենք գնահատեն: Եթե այդ օղակից դուրս կլինի, ներկայիս պրակտիկան չի բավարարի, դատարանները հերթական նախադեպային որոշումը կկայացնեն»:
Դիտարկմանը, որ հայերենը շատ հարուստ լեզու է ու հայհոյել ցանկացողները կարող են այնպես ձեւակերպել, որ հնարավոր չլինի պնդել, որ հայհոյանք է, համացանցում որպես օրինակ, նշել էին բազմաթիվ տարբերակներ՝ «տիրու նանը գրկեմ»… որը հայհոյանք չի, բայց կարող է եւ այդպես ընկալվել՝ Վահագն Հովակիմյանը արձագանքեց. «Մեր նպատակն է հայհոյախոսությունը մեր բառապաշարից հանելը: Մարդու ստեղծագործական միտքն անծայրածիր է, ու վիրավորելու համար մարդը միշտ ինչ-որ ձեւ կգտնի: Բայց խնդիրը ոչ թե մարդու ստեղծագործական միտքը հաշվարկելն ու բոլոր դեպքերը կանխելն է, այլ հենց հայհոյախոսությունը վերացնելը: Եթե մարդը նպատակ է դրել վիրավորել, գոնե այս դեպքում հայհոյախոսությամբ չի վիրավորի, հասկանո՞ւմ եք, խոսքը դրա մասին է: Վիրավորանքի դեպքում էլ անձը կգնա «Քաղաքացիական օրենսգրքով» իր պատիվն ու արժանապատվությունը կպաշտպանի»:
Այն քննադատությունը, որ այս իշխանությունները շատ են սահմանափակող օրենքներ ընդունում՝ Վահագն Հովակիմյանը չի ընդունում. «Իրականում ոչ թե սահմանափակող օրենքներ ենք ընդունում, այլ մենք ասում ենք իրավական պետություն, չէ՞: Այսինքն, մեր կյանքը օրենքներով պիտի կարգավորվի, ոչ թե ինքնիրավչությամբ: Մեր կյանքի տարբեր բնագավառները եթե օրենքներով չեն կարգավորվում, այդտեղ միշտ վրա է հասնում ինքնիրավչությունը՝ փողոցային բառապաշարով՝ «սամասուդը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ