Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» 2021 միջազգային երգչախմբային մրցույթի արդյունքները, որին հայ երգչախմբերը փայլեցին և պատվով ներկայացրին Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:
Մասնավորապես, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին:
Շնորհավորում ենք՝
• «Հովեր» պետական կամերային երգչախմբին և «ԱՐԱՐ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ շահելու առթիվ:
• «Գեղարդ» երգեցիկ խմբին և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) նվաճելու, ինչպես նաև՝ II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին արժանանալու առթիվ:
Կարդացեք նաև
Շնորհավորում ենք մեր սիրելի դիրիժորներին՝ մրցույթի բազում տաղանդավոր և աշխարհահռչակ դիրիժորների շարքերում առանձնահատուկ տիտղոսներին արժանանալու համար.
I փուլում՝
• Սոնա Հովհաննիսյան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor)
• Անահիտ Պապայան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor)
II փուլում՝
• Տիգրան Հեքեքյան, «Բացառիկ դիրիժոր» (Outstanding Conductor)
Տարածաշրջանում եզակի երկիր ենք՝ ունենալով հսկայական ուրույն երգչախմբային ժառանգություն և բացառիկ երգչախմբային մշակույթ:
Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և մշակութային հաղթանակներ մեր չքնաղ երգչախմբերին:
Քրիստինե ՇԵՐՈՅԱՆ
Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա, ՀԿ Նախագահ