Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատակցուհուն անվանել է դավաճան․ Գորիսի մշակույթի տան տնօրենի դատաքննությունը սկսվել է

Օգոստոս 01,2021 11:35

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Գորիս համայնքի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Խաչատրյանի դատաքննությունը։ Նախագահող դատավորն է Նապոլեոն Օհանյանը։

Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով տեղական ինքնակառավարման մարմնի՝ կազմակերպություն հանդիսացող հիմնարկի ղեկավար,  ունենալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, ինչպես նաեւ օգտվելով  կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքից, նույն կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին եւ մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական քարոզչության հանրահավաքին։ Իսկ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին,  խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝  աշխատակցուհուն անվանելով դավաճան:

Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է  ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով եւ  պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Դատավոր Նապոլեոն Օհանյանը  հուլիսի 20-ի որոշմամբ պարզել է, որ Քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը, ինչպես նաեւ խափանման միջոց կալանավորումը թողել է ուժի մեջ։

Հայկ Խաչատրյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել՝ միջնորդելով բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, Հայկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ ընտրել անազատության հետ չկապված որևէ խափանման միջոց, այդ թվում գրավի ձևով: Բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում է։

Իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Խաչատրյանի դատաքննության հերթական նիստը նշանակվել է օգոստոսի 17-ին։

Հայկ Խաչատրյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031