Մեր հարցերին պատասխանում է «Հայկի սերունդ» ծրագրի պատասխանատու Սոնա Ղազինյանը
-Սոնա, ինչո՞ւ որոշեցիք նախաձեռնել «Հայկի սերունդ» ծրագիրն ու ովքե՞ր են կազմակերպիչները:
-«Հայկի սերունդ» ծրագրի միտքն առաջացավ այն ժամանակ, երբ «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամի համահիմնադիրներով փորձում էինք Հային համախմբող որևէ օր գտնել ու հասկացանք, որ ցավոք, այդ օրը միայն ապրիլի 24-ն է: Միայն այդ օրն է, երբ հայերը համախմբված են մի գաղափարի շուրջ, և դա ցեղասպանության գաղափարն է: Այդ օրը մեզ մոտ արթնանում է ցասումն ու տխրությունը, բայց մեր մեջքն ավելի է կորանում: Եվ մենք որոշեցինք, որ պետք է ունենալ նաև այնպիսի օր, որը համախմբելուց բացի նաև կուղղի մեր ողնաշարը, կհիշեցնի, թե որտեղից ենք գալիս և ում սերունդն ենք մենք, կհիշեցնի, որ հազարամյակներ առաջ մեր նահապետ Հայկը հաղթեց ոսոխ Բելին, իսկ մենք հենց հաղթող Հայկի սերունդն ենք, մենք մեր երակներում նրա գենն ենք կրում և պետք է հասկանանք, թե ինչու ենք հեռացել ինքներս մեզնից, մեր ինքնությունից: Միջոցառումը միտված է ազգային ոգու բարձրացմանն ու ազգային գիտակցության արթնացմանը:
-Կխնդրեմ մի քիչ խոսեք սպասվող ծրագրերից, ժամանակացույցից:
-Որոշվեց ծրագրում ներառել բացառապես ազգայինը և քանի որ արդեն իսկ մեր շուրջ համախմբված էին ազգի սերուցքն ու խիղճը իրենց մեջ կրող մարդիկ, ստացվեց սեղմ ժամկետներում համախմբվել այս գաղափարի շուրջ և ստանալ հրաշալի ծրագիր: Միջոցառման վայր ընտրվեց «Զորաց Քարեր» պատմամշակութային արգելոցը և դա պատահական ընտրություն չէր: Մեր սիրելի Վազգեն Գևորգյանի հետ զրույցներից գիտենք, որ Հայկ (Օրիոն) համաստեղության մասին մեր նախնիներն իմացել են շատ հին ժամանակներից, նրա դիրքի ու կարևոր նշանակության մասին են խոսում «Զորաց Քարեր» հնագույն աստղադիտարանի քարերը, ինչպես նաև Տաթևի սյունը, որի վրա օգոստոսի 10-ին, ժամը 04:00-ին «շարվում են» Հայկ համաստեղության «գոտին» կազմող երեք աստղերը ուղիղ գծով: Այս բոլորը համադրելով որոշվեց միջոցառումը հենց «Զորաց Քարեր»-ում անցկացնել, և հաշվի առնելով այն, որ միջոցառումներից և բազմաթիվ ռազմահայրենասիրական խաղերից հետո գիշերն էլ խարույկի շուրջ ենք արթուն մնալու, Վազգեն Գևորգյանի հետ բացահայտելու ենք տիեզերքի գաղտնիքները, ամենաազգային, ամենահետաքրքիր մարդկանց հետ ունենալու ենք հետաքրքիր ու բազմաբովանդակ զրույցներ, վայելելու ենք հին ժող գործիքների կատարումներ և ազգային երգ, որոշվեց միջոցառումը սկսել մի փոքր ուշ, ժամը 16:00-ին:
-Ի՞նչ ընթացք է ունենալու, ովքե՞ր կարող են մասնակցել:
-Մասնակցել կարող են բոլորը, քանի որ մենք նախատեսել ենք շատ բազմազան ժամանց տարբեր խառնվածքի և տարբեր տարիքի տեր մարդկանց համար: Գագիկ Գինոսյանի և Վարը Վարենքի հետ պարելու ենք ազգային պարեր, ինչպես նաև վայելելու ենք Գագիկ Գինոսյանի դաշույններով պարը, ինչպես նաև վայելելու ենք Անդրանիկ սարկավագի հրաշալի կատարումները: Ծրագիրը ներառում է և՛ ակտիվ, ռազմական խաղեր, և՛ ինտելեկտուալ ու հոգեբանական խաղեր, և՛ հին հայկական, նավասարդյան խաղեր և այդ ամենը կազմակերպած բոլոր տարիքային խմբերի համար: Որպեսզի լավ պատկերացնեք, ասեմ, որ միջոցառման բացումից անմիջապես հետո սկսվելու են միաժամանակ 7 տարբեր խաղեր տարբեր հատվածներում և մասնակիցը ինքը կարող է ընտրել, թե որոնց մասնակցի և ինչ հերթականությամբ:
Հատվածներն առանձնացված են լինելու դրոշներով և պատասխանատուներով, որպեսզի տեղում արագ և արդյունավետ կազմակերպվի ամեն բան: Օրինակ կարող եք ընտրել «Արչերս» ակումբի հետ խաղալ նետաձգության խաղ, թե «Հարմոնիա» կենտրոնի հետ էմոցիոնալ ինտելեկտ խաղին մասնակցել, ՈՄԱ-ի կազմակերպած հետաքրքիր, կարճ դասընթացներին ու մրցույթներին մասնակցել, թե Անդրանիկ Աթովանցի կազմակերպած նավասարդյան խաղերին, «Իրական» դպրոցի կազմակերպած առաջին բուժօգնության հետաքրքիր կարճ դասին, թե «Բարձունքի» կազմակերպած ազգային, մանկական խաղերին: Երեխաները, այդ ակտիվ խաղերին մասնակցելուց բացի, նաև կարող են մանկական բեսթսելլեր «Սուպեռ Նռանե»-ի հեղինակի հետ բացահայտել գաղտնիքներ, խաղալ խաղեր ու ստանալ մրցանակներ, կարող են նաև ներկել «Պես-պես»-ի գեղեցիկ, հայկական տեսարանները և հայ հայտնիների նկարները և տանել դրանք իրենց հետ որպես հիշողություն այդ գեղեցիկ օրվանից:
-Ի՞նչ է կարևոր իմանալ միջոցառման մասնակիցներին:
-Միջոցառմանը մասնակցությունն անվճար է: Առաջին իսկ օրվանից շատ ակտիվ գրանցվում են մասնակցության համար և շատ են հենց ընտանիքներով գրանցվողները: Ուղղակի պետք է օգոստոսի 10-ին, ժամը 16:00-ին լինել Զորաց Քարերում: Շարժվելու ենք ժամը 11։00-ին Բրազիլիայի հրապարակից։ Ովքեր որ անձնական մեքենայով չեն գալու, մենք պայմանավորվել ենք տուրիստական ավտոբուսների հետ, որոնց միանալով 4500 դրամով կկազմակերպվի երկկողմանի տեղափոխություն, միայն պետք է հայտը լրացնելիս նախապես նշել, որ այդ տարբերակն եք ընտրում, որպեսզի ձեր տեղն ամրագրվի: Նաև բոլորին զգուշացնում ենք, որ գիշերը բավականին ցուրտ է լինելու և ովքեր որ մնալու են աստղադիտման, պետք է իրենց հետ անպայման բերեն տաք հագուստ, ցանկալի է ծածկոցներ:
Ովքեր որ երեխաների հետ են, ցանկալի է իրենց հետ բերեն վրան, մենք ժամանակ կհատկացնենք և իրար օգնելով կտեղադրենք բոլորի վրանները, որպեսզի բալիկները վայելեն իրենց հանգիստ քունը, մինչ մեծերը խարույկի մոտ կվայելեն իրենց գեղեցիկ ժամանցն ու աստղադիտումը: Այժմ բանակցում ենք, որ տեղում կազմակերպվի նաև սննդի վաճառք և հյուրասիրություններ, դրա մասին լրացուցից կտեղեկացնենք էջում: Մեր թիմը բոլոր նորությունները ներկայացնում է էջում և մեզ հետևելով դուք օգոստոսի 10-ին ամբողջովին կլինեք տեղեկացված և պատրաստ: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի այս օրը անցնի լավագույնս և հուսով ենք, որ այն կդառնա ամենամյա ազգային տոն: Հույս ունենք հասնել նրան, որ մյուս տարիներին այն դառնա ոչ աշխատանքային օր և անցկացվի շատ ավելի մասշտաբային և բոլոր մարզերում:
-Սկզբում նշել եք, որ որոշել եք ամեն ինչ ազգայինի շուրջ անել։ Նաև ծրագրի անունն է դրա մասին վկայում…
-Ազգայինը որպես առանցք վերցնելն ու դրա շուրջ համախմբվելը կարևոր է։ Միայն մեկտեղվելով իրական արժեքների շուրջ՝ կարող ենք հզոր ուժ դառնալ։
Ինչպե՞ս կարողացան մեր նախնիները ստեղծել արժեքներ, որոնք այսքան ժամանակ դիմակայելով տարատեսակ հարձակումների՝ շարունակում են մեր արյան միջոցով փոխանցվել մեզ։ Ի՞նչ գաղտնիքներ կային մեր նախնիների կյանքում, որոնք օգնում էին նրանց Հայ մնալ։ Փաստորեն՝ Հայկը գիտեր Տիեզերքի գաղտնիքները, գիտեր, թե որն է բարենպաստ օրը՝ հաղթանակ տանելու համար։
Հենց սա՛ է Հայկյան տոների ստեղծման նպատակներից մեկը․ ազգովի համախմբվելով նույն գաղափարի շուրջ՝ փորձել բացահայտել այդ գաղտնիքները։ Ծրագրի նպատակն է նաեւ վերականգնել եւ նոր շունչ տալ ազգային մոռացված արժեքներին եւ ժառանգությանը։ Հայկյան տոները դարձնելով ամենամյա միջոցառումների շարք՝ կօգնի նորովի ճանաչել մեզ, մեր ակունքներն ու ներուժը։
-Մի քիչ էլ ծրագրի նպատակների մասին…
-Հայկյան տոների ստեղծման նպատակն է վերականգնել և նոր շունչ տալ ազգային մոռացված արժեքներին եւ ժառանգությանը, դարձնելով ամենամյա հաղթական տոների շարք, որի շնորհիվ զարկ կտրվի նորովի ճանաչելու մեզ, մեր ակունքներն ու ներուժը։
Ծրագրի նպատակն է միջոցառումների կազմակերպման միջոցով ազգովի նշել Հայկի հաղթանակը, հասկանալ, թե ինչպես դա տեղի ունեցավ, վերաիմաստավորել հաղթանակած Հայկի սերունդ լինելու իրականությունը, և առաջնորդվել համապատասխան գործողություններով ու ապրելակերպով։
Հաղթանակի այս տոնը կդառնա ամենամյա համազգային տոն:
Երկար դարերի ընթացքում Հայը, լինելով քաղաքակրթության տարածող, լինելով աշխարհում առաջատար ամենատարբեր ոլորտներում, հաճախ չի կարողացել իր ուժն օգտագործել ի նպաստ սեփական բարօրության և սեփական երկրի հզորացման, և դրա պատճառը եղել է սեփական ուժերի և սեփական հաղթական տեսակի չգիտակցվածությունը:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ