ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի քաղաքացիներ,
Քանի որ իմ պատգամավորական գործունեությունը մոտենում է ավարտին, կարևոր եմ համարում հանդես գալ համառոտ հաշվետվությամբ` 7–րդ գումարման ԱԺ–ում իմ կատարած աշխատանքի վերաբերյալ:
Պատգամավորական գործունեությանս 2.5 տարիների ընթացքում, ներգրավված լինելով Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովում, կարևոր եմ համարել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում առաջ մղել մեր երկրի համար հրատապ օրակարգային հարցերը, մեր միջազգային գործընկերներին կոնկրետ փաստեր և ապացույցներ տրամադրել Ադրբեջանում հայերի դեմ պետական մակարդակով քարոզվող և փաստացի իրագործվող ատելության քաղաքականության վերաբերյալ, իսկ 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո` նաև ներկայացնել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սիրիացի վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածությունը ռազմական գործողություններին: Տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների հետ հաստատել եմ սերտ համագործակցություն, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր երկրի համար դժվարին պատերազմական և հետպատերազմական օրերին:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ լինելով՝ ներգրավված եմ եղել Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովում, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական խմբում: Լիագումար նիստերի շրջանակներում ունեցել եմ մոտ երեք տասնյակ ելույթ, բարձրաձայնել եմ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության, այդ երկրից եկող անվտանգային սպառնալիքների, հանցավոր միտումների և պատերազմի հետևանքով ստեղծված իրադրության մասին: Կարծում եմ՝ խորհրդարանական դիվանագիտության հարթակը իսկապես կարող է նպաստել արտաքին քաղաքական օրակարգերի սպասարկմանը և մեծապես արդյունավետ լինել կազմակերպված ու միասնական աշխատանքի դեպքում:
Կարդացեք նաև
Ազգային ժողովի հարթակից մոտ վեց տասնյակ ելույթների, ինչպես նաև կառավարության հետ հարց ու պատասխանի ձևաչափի շրջանակներում կրկին բարձրաձայնել եմ անվտանգային, պաշտպանական և արտաքին քաղաքականության հետ առնչվող հիմնախնդիրներ, խոսել անվտանգային սպառնալիքների և դրանց համարժեք ձևով դիմագրավելու անհրաժեշտության մասին:
650-ից ավելի հարցազրույցների, մամլո ասուլիսների և հանրային քննարկումների ժամանակ դարձյալ խոսել եմ անվտանգային մարտահրավերների մասին` բազմիցս շեշտելով այն միտքը, որ «Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են տարածաշրջանում հարցերը լուծել միասնաբար՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը»: Այսօր էլ մենք այդ իրողության ականատեսն ենք:
Իմ գործունեությանը հետևողները գիտեն, որ ես ներքաղաքական թեմաներին շատ քիչ եմ անդրադարձել իմ հանրային խոսքում, քանզի ինձ համար սկզբունքային է այն դիրքորոշումը, որ անվտանգային հարցերը գերակա են ներքաղաքական գործընթացների նկատմամբ, և որ երբեք չի կարելի առաջնորդվել անցողիկ կուսակցական, խմբակային շահերով` երկրի համար կենսական նշանակություն ունեցող անվտանգային հիմնախնդիրները լուծելիս:
Հարգելի քաղաքացիներ, թեև իմ կարողությունների սահմաններում ձգտել եմ անել առավելագույնը, բայց, ցավոք, միշտ չէ, որ հաջողել եմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում իմ բացթողումների և թերացումների համար:
Ցանկանում եմ հաջողություն մաղթել 8-րդ գումարման Ազգային ժողովի և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորներին՝ հույս ունենալով, որ նրանցից յուրաքանչյուրի և հավաքական առումով՝ բոլորի գործունեության հիմքում կլինի ՀՀ պետական շահը և ոչ երբեք քաղաքական նպատակահարմարությունը:
Ադրբեջանի մաքսիմալիստական քաղաքականության համատեքստում իրապես կարևոր է իրավիճակի սթափ գնահատումն ու համազգային համախմբումը, միակողմանի խաղաղություն երբեք հնարավոր չի կառուցել, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, չի գնում խաղաղության, դրա մասին են փաստում սահմանային վերջին զարգացումներն ու Ալիևի թշնամական հռետորաբանությունը:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է` «Թշնամին նույն թշնամին է, ոչինչ չի փոխվել…»:
Հիմա էլ է նույնը, կարևորն այն է, որ մենք մեր սխալները ճիշտ գնահատենք և համարժեք դասեր քաղենք մեր իսկ բացթողումներից: Խաղաղություն մեր հայրենիքին և ուժ ու զգոնություն մեզանից յուրաքանչյուրին: