Լրահոս
Օրվա լրահոսը

Արենի կյանքն էլ թվում է՝ վերջացել է, բայց շարունակվում է անմահության մեջ՝ անընդհատ հոսելով

Հուլիս 31,2021 22:38

«Ես՝ Արեն Հովիկի Արզումանյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ`  անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»:

2019 թվականի փետրվարի 16–ին Երեւանի Հաղթանակի  զբոսայգում երդվեց կապանցի շարքային Արեն Արզումանյանը։ Երդմանը ներկա ծնողները՝ Հովիկն ու Ալվարդը, Ռուսաստանից հատուկ երդման արարողության մասնակցելու համար Հայաստան ժամանած մեծ եղբայրը՝ Էրիկն ու նրա կինը՝ Լիլիթը լսում էին իրենց խրոխտ զինվորին, պատկերացում անգամ չունենալով, որ մոտ 1 տարի 8 ամիս անց  հանուն    Հայաստանի Հանրապետության Արենը չի խնայի կյանքը․․․

Ընտանիքի փոքրն էր, ու երբ Ռուսաստանից զանգում էին մեծ եղբայրները՝ Էրիկն ու Էմիլը հարցնում էին՝ «խոխան հինչ ա անում» (խոխա–կապանյան բարբառով երեխա–ԱԴ), պատկերացում չունենալով, որ տան կրտսեր «խոխան» օրերից մի օր իր ընկերների հետ նահատակվելու է՝ անառիկ պահելով հայրենիքի սահմանները։ «Ռուսաստանում կամավորագրվել էի, պիտի գայի, որ մեկնեի պատերազմ։ Ասում էր՝ Էմի՛լ, գործ չունես, չգաս, եթե որոշել ես Հայաստան գաս, ապա մամայի ու պապայի կողքին կմնաս։ Ես ախպերներիս տեղն էլ եմ կռվում»,–պատմում է միջնեկ եղբայրը՝ Էմիլը։

Երազանքներ շատ ուներ, ծրագրավորող էր ուզում դառնալ, Երեւանի պոլիտեխնիկական համալսարանում էր սովորում, ինչպես Արենի հարեւանուհին նշեց՝ պրպտող էր, «բազմաթիվ ինչուների պատասխաններն էր ուզում իմանալ բնության, տիեզերքի, մատերիայի մասին»։ «Լավ էր սովորում, բայց չարաճճի էր, մի տեսակ համով ու հետաքրքիր չարաճճիություն կար մեջը։ Ու չնայած դրան, բոլոր ուսուցիչները  սիրում էին Արենին, ինչ էլ աներ, չէին բարկանում»,-հիշում է Արենի համադասարանցին՝ Նարինե Գրիգորյանը։ Նրա պատմելով՝ շատ մոտիկ էին Արենի հետ՝ քույր ու եղբայր։ «Բարեկամներ ենք, Արենի հայրը մորս հորեղբոր տղան է։ Որպես քույր՝ գաղտնիքները ինձ էր վստահում, ես էլ՝ նրան։ Կռվարար չէր, ընդհակառակը, բոլորին  հաշտեցնում էր, դուխով էր, չէր կոտրվում ոչ մի բանից»,-պատմում է Նարինեն։

Վարդենիսում է ծառայել։ Հրամանատարությանը խնդրում է՝ իրեն տեղափոխել Արցախ, որպեսզի թշնամուն կարողանա դաս տալ։ «Սյունեցի եմ, ուժեղ եմ, ինձ տեղափոխեք Արցախ, չեմ վախենում»,–բարձրաստիճան սպաներին համոզում էր Արեն Արզումանյանը։ 80 օր էր մնում ավարտեր ծառայությունը։ Զոհվեց 2020թ-ի հոկտեմբերի 13-ին, իսկ հոկտեմբերի 11-ին 20 տարեկան դարձավ։ «Կարծես զգում էր, մի օր առաջ զանգեց, բոլորիս հետ երկար խոսեց, դուխ էր տալիս մեզ, ասում էր քիչ մնաց՝ կգամ․․․»,-պատմում է Էմիլը։

Շաբաթ՝ հուլիսի 31-ին, մարդաշատ էր Արենենց բակը։ Հուշաղբյուր–պուրակ էին բացում նրա հիշատակին։ Աղոթք առ Աստված եւ օրհնություն։ «Ցավում եմ, որ մենք եկել ենք հուշաղբյուրի բացման, լավ կլիներ, որ մենք գայինք մեր հերոսի համար նոր բնակարանի բացման, գայինք շնորհավորելու, ամուսնության բարեմաղթանք ասելու։ Բայց սա մեզ համար իրականություն է, այլեւս մենք պետք է մոռանանք «ես»–ը, մեր առջեւ ունենալով մենքը։ Մեր խոնարհումը բերելով այս հուշաղբյուրին, ջուր խմենք՝ նրանց համար մեր աղոթքը լինի։ Իհարկե, իրենց արյամբ ստացել են երկրորդ մկրտությունը, խոսք ունեն Աստծուն ասելու։ Իսկ մեր մտահոգ չլինելը մեղք է, մենք ի՞նչ ենք ասելու Տիրոջը։ Լինենք միասնական, այլեւս հաղթանակ կերտելու պատրաստ լինենք»,-ասաց Կապանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։

Հուշաղբյուրը բացելու պատիվը հերոսի հորը տրվեց՝ Հովիկ Արզումանյանին։ Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ  Փարսյանն առաջինը ջուր խմեց, աղոթեց Արենի եւ բոլոր զոհվածների անմահ հոգիների համար։

Արենի մայրը՝ տիկին Ալվարդը, ամեն օր կնստի հերոս որդու պուրակում, կզրուցի հետը։ «Ասում էր՝ մամ, շատ բան ունեմ պատմելու, ասում էի՝ պատմի ու միշտ ասում էր՝ ժամանակը չի, կգամ, կպատմեմ»,–լացակումած հիշում է մայրը։

Հուշաղբյուրի բացումից հետո Բաղաբուրջի սարահարթ, որտեղ ամփոփված են հայրենիքի համար նահատակվածները։ Ծաղիկները՝ Արենին ու նրա կողքին ննջող քաջերին։ Մայրը չի դիմանում՝ հեծկլտում է, անիծում պատերազմը։ «Պաժար ընկնես դու, այ պատերազմ, որ տարար մեր երեխեքին։ Արեն ջան, տղաս, երեւի Աստծո բալան էիր, որ շուտ տարավ քեզ իր մոտ»,-լացում, հետո ինքն իրեն հույս է տալիս մայրը։ Ցավն անբուժելի է, բայց պիտի ուժ գտնել նաեւ պայքարելու, ապրելու հանուն Արենի սխրանքի։ Արենի հայրն ու եղբայրը լուռ ու գլխիկոր,  բայց հպարտ՝  իրենց հերոս որդով։ Նրանք՝ տղամարդիկ փորձում են կոկորդում խեղդել արտասուքը։ Խնկարկում ու աղոթք։

Հերոսների պանթեոնից էլի դեպի Լեռնագործների 25 բ շենքի բակ, դեպի Արենի պուրակ։ Հուշաղբյուրի նախագիծը եղբոր՝ Էմիլի մտահղացումն է։ «Աստիճան-աստիճան ջուրը հոսում է՝ խառնվելով իրար ու չվերջանալով։ Արենի կյանքն է՝ թվում է վերջացել է, բայց շարունակվում է անմահության մեջ, անընդհատ հոսելով»,–ասում է Էմիլը։ Բակի երեխաներին են ջուր խմում հուշաղբյուրից։ Գուցե նրանից շատերը չգիտեն, թե ով է հերոս Արենը, բայց հետո անպայման կծանոթանան Արեն Արզումանյանի հերոսական կյանքին․․․

Օրն Արենինն է, նաեւ հոգեհաց։ Տան կենտրոնում Արենի անկյունն է՝ լուսանկարներով, զինվորական գրքույկով, շքանշաններով։ ՀՀ նախագահի հրամանագիր՝ «Մարտական ծառայության մեդալ», Կապանի համայնքի ղեկավարի որոշում՝«Կապան մեդալ»․․․ Արենի կենդանի կենացն են խմում հավաքվածները, միաժամանակ ընտանիքի ավագները, բարեկամներն ու հարեւանները հորդորում են  Էմիլ եղբորը՝ ամուսնացիր, որ Արեն որդի ունենաս եւ շարունակվի հերոս կրտսեր սերժանտ Արեն Արզումանյանի շառավիղը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031