«Մենք ունենք հիվանդների բավականաչափ մեծ հոսք եւ հիվանդները պիտի վստահ լինեն, որ դիմում են մարդկանց, երբ ունենում են առողջական խնդիրներ, որոնք լավագույն միջազգային մակարդակով կարող են հոգալ իրենց խնդիրները»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սամվել Դանիելյանը: Մամուլի ասուլիսի նպատակն էր կենտրոնի հետ կապված դատախազության հարուցած քրեական գործի շուրջ բացատրություններ տալը:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ: Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120 մլն ՀՀ դրամի վնաս:
«Բնական է` մեծ հիմնարկություն է, որը բացի ձեռքբերումներից ունի նաեւ խնդիրներ, որոնք աշխատանքային կարգով լուծվում են»,- ասաց Սամվել Դանիելյանը` խնդրելով չքաղաքականացնել կատարվողը:
«Այն լուրերը, որ երեկ շրջանառվեցին, ամենեւին աղերս չունեն իրականության հետ: Սա վստահորեն կարող եմ ասել: Այն գումարները, որոնց մասին խոսվում է, կետ առ կետ ունեն իրենց պատասխանները»,-նշեց Սամվել Դանիելյանը` հավելելով, որ իր կարծիքով այդ պատասխանները բավարար են եղել այն ստուգող կազմակերպությունների համար, որոնք երեք տարի աշխատել են իրենց հիմնարկում։
Կարդացեք նաև
«Սա պատվեր չեմ համարում, աշխատանքային գործառույթների մի մաս եմ համարում, սակայն մենք պաշտոնական որեւէ գրություն չենք ստացել, որին ի պատասխան կհնչեն մեր թվերը եւ փաստարկները»,- ասաց տնօրենը` հավելելով, որ դա կանի ավելի ուշ` պաշտոնական փաստաթղթերի առկայության պարագայում: Իսկ մինչ այդ, վստահեցնում է, որ վերջին երեք տարում բնական է, եղել են նաեւ որոշ, հիմնականում փոքր բացթողումներ, սակայն երեկ հնչած թվերը որեւէ կապ չունեն իրենց աշխատակիցների հետ. «Ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի մտել կենտրոն՝ գոնե վերջին երեք տարվա ընթացքում: Ես եմ դրա գարանտը»: Նա վստահեցնում է, որ բոլոր գնումները, որոնք կատարվել են կենտրոնում, եղել են տնօրենների խորհրդի եւ ԱՆ-ի հետ կոլեգիալության պահպանման տարբերակով:
Սամվել Դանիելյանը անհանգստացած է նրանով, որ այսպիսով արատավորվում է իրենց, կենտրոնի անունը: «Մենք պահելու ոչինչ չունենք, թափանցիկ ենք աշխատում»,- ասաց բանախոսը` հիշեցնելով կենտրոնի ձեռքբերումները, կենտրոնում իրականացված բացառիկ փոխպատվաստումները, պատերազմական շրջանում բուժանձնակազմի կատարած ծանր աշխատանքը։
Կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրենն էլ, անդրադառնալով դատախազության այն արձանագրմանը, որ չմատուցված ծառայությունների դիմաց պետությունից գումար է գանձվել, ասաց, որ կենտրոնը հարյուր տոկոսով պետական հիմնարկ է եւ նրա շահույթը` տարեվերջին ամփոփելով, վերադառնում է պետությանը`շահաբաժնի տեսքով. «Այսինքն, ընկերությունը մասնավոր չէ, ղեկավարությունը որեւէ մոտիվացիա չի կարող ունենալ շահույթ գեներացնելու` չաշխատած շահաբաժնից: Հետեւաբար, որեւէ պնդում, որ չարաշահում է իրականացվել կենտրոնում, տեքստում ես նման ձեւակերպում չեմ տեսել եւ իրավասու մարմնի կողմից մեզ պաշտոնապես չի եկել»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ