«Մեր երեք նախկին իշխանություններին` Լեւոն, Ռոբերտ, Սերժ, ռուսները օգտագործեցին, հիմա էլ օգտագործում են սրան: Այսինքն, բոլորն էլ ծառայում են նույն տիրոջը»,- այսօր «Թեմիս» իրավապաշտպան ասոցիացիայի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Սարուխանյանը` անդրադառնալով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակին:
Հայաստանի սահմաններում կատարվողը, ըստ բանախոսի, թելադրված է ՀՀ-ի ռազմաքաղաքական դիրքորոշումներով: Նա սթափության կոչ է անում հասարակության այն շերտին, որի համար Արցախը մինչեւ վերջ էլ Ղարաբաղ մնաց, այդ թվում նաեւ գործող իշխանություններին, ու որոնք ասում էին`«Ղարաբաղը տվեք` պրծնենք»:
Իսկ այժմ, երբ Արցախը հանձված է, կրակոցներն էլ Գեղարքունիքում եւ Արարատի մարզում են հնչում, նա կոչ է անում «Երրորդ մասում ու Նորքի զանգվածներում խրամատներ փորել», քանի որ «թուրքի յաթաղանից չեն փրկվելու», մանավանդ, որ մեր բանակն էլ գրեթե կազմալուծված է:
Պատասխանելով հարցին`1994-ին հնարավո՞ր էր Ադրբեջանի կապիտուլյացիայի ակտ ստորագրել, ինչը վերջին շրջանում շատ է շահարկվում, Գագիկ Սարուխանյանը կարծում է. «Հարցը դա էլ չի, հարցն այն է, թե ի՞նչ «զենքերով» էիր 1994-ին մտնում բանակցային գործընթաց: Ունենալով քո ձեռքին «կադաստրի վկայականը», որ այդ «բնակարանը» քոնն է, դու ասում ես`ես դա քեզնից խլում եմ: Մինչեւ հիմա էլ շարունակվում է այդ քաղաքականությունը: Ո՞ւմ է դա ձեռնտու բանակցային այդ գործընթացը. միայն Կրեմլին, որ սանձահարի այս կամ այն կողմին: Ինչո՞ւ հայկական կողմը չի բարձրացնում հարցը, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված միակ «կադաստրի թուղթը» 1920 թվականի փաստաթուղթն է`Ազգերի լիգայի կողմից ընդունված, որտեղ Արցախը, Քարվաճառը, Լաչինը, Շահումյանի շրջանը, Նախիջեւանը ևս հայկական տարածքներ են»: Այս համատեքստում, նա գտնում է, որ Հայաստանին միջազգային հանրությունն այս տարիների ագրեսոր էր ասում, քանի որ մենք «չեն հանել այդ միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթը եւ դրել սեղանին». «Մենք ագրեսոր ենք ճանաչվում, քանի որ ընդունում ենք Սովետական միության սահմանները: Իսկ սա հստակ ապացույց է, որ Լեւոնից մինչեւ Նիկոլ` բոլորն էլ Կրեմլի կամակատարներն են»:
Կարդացեք նաև
Իսկ ներքին հակամարտությունները, որով տարբեր տարիներին Հայաստանի իշխանությունները «կերակրում» են մեր հասարակությանը, Գագիկ Սարուխանյանի գնահատմամբ` «խաղեր են, դերասանություն»:
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Սերժը չլինի» ալիքի վրա, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահպանեց`«Ռոբերտը չլինի» ալիքի վրա, եւ եզրակացնում է, որ չկա արմատական ծրագիր, որտեղ ասվում է`«այս կետից սկսելու եմ, այս կետում ավարտեմ»: 2018-ին ինքը վստահ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը իր մանդատը չի կիրառելու եւ պատասխանատվության չի կանչելու ոչ «Ռոբին, ոչ Սերժին, ոչ էլ իրենց շառավիղ օլիգարխներից որեւէ մեկին»: Այժմ էլ վստահ է`ոչ ոք լուրջ պատասխանատվության չի ենթարկվելու, լինելու են «մանր-մունր խաղիկներ», քանի որ այս ամենը ժողովրդի աչքերին «փոշի փչելու համար է»:
Արդյունքում միայն Արցախի կորուստ ունեցանք, որի համար էլ ոչ ոք պատասխանատվություն չի կրի, անգամ պատերազմում պարտված գեներալները շարունակում են բարձր պաշտոնների մնալ: Նա կարծում է, որ Կրեմլը այս ծրագիրը կիրականացնի`մինչեւ վերջնականապես մաշեցնի Հայաստանը եւ պետության մնացորդները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ