Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է գործն առաջ գնում

Հուլիս 31,2021 10:01

Օգոստոսի 1-ին «Առավոտ» թերթը դառնում է 27 տարեկան: Քանի որ այդ 27 տարուց 26 ու կեսը թերթի խմբագիրը ես եմ, ուզում եմ մի քանի դիտարկում անել մեր երկարակեցության պատճառների մասին:

Խոսքն այն սկզբունքների մասին է, որոնք բյուրեղացել են այս՝ բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում: Ընդհանուր գծերով այդ սկզբունքների մասին ես խոսել եմ Վանո Սիրադեղյանի հետ 1994 թվականի հոկտեմբերին՝ մինչեւ թերթի խմբագրի պաշտոնը ստանձնելս:

Կարծում եմ, նրանք, ովքեր աշխատում են կամ երբեւէ աշխատել են «Առավոտում» (իսկ խոսքը մի քանի տասնյակ մարդու մասին է), կհաստատեն, որ ես երբեք որեւէ լրագրողի հրահանգ չեմ տվել՝ «մի հատ սրա հերն անիծիր» կամ հակառակը՝ «մի հատ սրան բարձրացրու մինչեւ երկինք»: Որովհետեւ մենք հստակ գիտենք լրագրության եւ քարոզչության տարբերությունը: Իրականում դա շատ պարզ խնդիր է:

Ենթադրենք, իմ ձեռքին հիմա մի գրիչ կա, եւ ես կարող եմ վարվել երկու ձեւով. 1/ Ես կարող եմ պատմել, թե որտեղից եմ այդ գրիչը գնել, ինչ գույնի է այն, ինչ տեսակի, որ ընկերությունն է այն արտադրել եւ այլն: 2/ Ես կարող եմ փորձել այդ գրիչը ձեր վրա, հարգելի ընթերցող, վաճառել կամ հակառակը՝ համոզել ձեզ, որ դուք այդ գրիչը երբեք չգնեք: Առաջին դեպքում ես զբաղվում եմ լրագրությամբ, երկրորդ դեպքում՝ քարոզչությամբ:

Այստեղից առաջանում է մեկ այլ կարեւոր հարց՝ իսկ ինչի՞ համար է պետք զբաղվել լրագրությամբ: Թույլ տվեք այդ հարցին առավել ընդհանրական պատասխան տալ եւ թող այն չափից դուրս վերամբարձ չհնչի. որեւէ գործով, սկսած կոշիկ վերանորոգելուց, վերջացրած՝ տիեզերք թռչելով, արժե զբաղվել միայն այդ դեպքում, եթե այն, թեկուզ չնչին չափով, նպաստում է քո շրջապատը, քո բնակավայրը, քո երկիրը եւ ամբողջ աշխարհն ավելի լավը դարձնելուն: Եթե նպատակներն այդպիսիք են, ոչ թե շվայտ կյանքը, իշխանությունը, ուրիշին ցավ պատճառելով ինքնահաստատվելը, չարություն եւ ատելություն սերմանելը, եթե նպատակները մաքուր են, ապա ցանկացած գործ առաջ կգնա:

Եվ «գործն առաջ գնալն» ամենեւին չի նշանակում հարստություն եւ փառք ձեռք բերելը՝ դա ընդամենը քո առաքելությունն իրագործելն է:
Բուն լրագրության համար, կարծում եմ, առավել կարեւոր է լայնախոհությունն ու հանդուրժողականությունը, չափավորությունը, ծայրահեղություններից զերծ մնալը: Աշխարհում, այդ թվում՝ քաղաքականության մեջ, չկան հրեշներ եւ հրեշտակներ, բայց բոլոր, նույնիսկ ամենասեւ հոգում, ցանկության դեպքում, կարելի է տեսնել լույսը, նույնը՝ ամենաողբերգական իրավիճակում:

Մենք չենք ցանկանում խոսել միայն այն մարդկանց հետ, որոնք մեր համախոհներն են՝ այդ դեպքում կնմանվեինք եկեղեցու ամբիոնից քարոզող քահանաների: Մեր զրուցակիցները նաեւ մեզ հետ խիստ անհամաձայնություն ունեցողներն են. բարեբախտաբար, կայքը եւ սոցիալական հարթակները հնարավորություն են ընձեռում այդ անհամաձայններին արտահայտվելու համար: Այո, կան մարդիկ, որոնք ջղայն են, անզուսպ. նրանց կարող ենք խորհուրդ տալ՝ մտածել սեփական առողջության մասին (այդ թվում ֆիզիկական):

Արդեն նշել եմ, որ «Առավոտում» աշխատել եւ աշխատում են մի քանի տասնյակ մարդիկ, որոնց հետ ես կապված եմ փոխադարձ սիրո, ջերմության զգացմունքներով: Հոգաչափ շնորհակալ եմ նրանց այդ զգացմունքների համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հաճույքով շնորհավորում եմ խմբագրությանը եւ ընթերցողներիս «Առավոտ» օրաթերթի ծննդյան օրվա առթիվ:

    Այնուամենայնիվ, համաձայն չեմ ՝՝Առաջին դեպքում ես զբաղվում եմ լրագրությամբ, երկրորդ դեպքում՝ քարոզչությամբ:՝՝ գաղափարի հետ, իմ պատկերացմամբ յուրաքանչյուր ազգային մտավորականի պարտականությունն է իր ունեցած բոլոր միջոցներով քարոզչական լայնածավալ աշխատանք կատարել հատկապես երիտասարդության եւ աճող սերնդի շրջանում, լավ ֆիզիկոսը իր վրա պետք է վերցնի ֆիզիկայի՝ որպես ֆիզիկոսի եւ քաղաքականության՝ որպես քաղաքացու դասեր տա աճող սերնդին հասարակական հիմունքներով, այսինքն՝ անվճար: Նմանապես եւ մնացած բոլոր բնագավառների մասնագետները, որոնք քաղաքական ռազմավարական եւ հաճախ մարտավարական հարցերում կունենան ժողովրդի համար շատ վստահելի ու ծանրակշիռ նշանակություն, երբ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները գիտնական քաղաքագետների առաջնորդությամբ միաբերան կքարոզեն իրենց գաղափարները: Հեռուստատեսությունը եւ այլ զանգվածային կախյալ միջոցներ իրենց քարոզչությամբ լյումպենացնում են ժողովրդին, որին պետք է իրենց քարոզչությամբ հակազդեն եւ ազգին ճիշտ ուղղորդեն անկախ ազգային զանգվածային միջոցները:

    Ցանկանում եմ նորանոր հաղթանակնե՛ր:

    • Ruben says:

      «Արդեն առավոտ էր դառնում լուսաբացը։»
      Եղիշե Չարենց
      «Փոթորկային գիշերին հաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առավոտը:»
      Րաֆֆի
      Խաբված ազգ:
      Ոչխարները կերան մարդկանց:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031