Որքան էլ զարմանալի թվա, ընտրարշավի թեժ փուլում Ադրբեջանը հիմնականում զերծ էր մնում լուրջ սադրանքների դիմելուց։
Դա, կարծես, արվում էր նրա համար, որ Փաշինյանը հնարավորություն ստանա առանց լուրջ խնդիրների վերարտադրվել, քանի որ ադրբեջանական կողմի համար շատ ավելի հեշտ է գործ ունենալ պարտության սիմվոլ դարձած իշխանությունների, քան թե կոշտ դիրքորոշում ունեցող ընդդիմադիրների հետ, որոնց Ալիևը բնորոշում է որպես ռևանշիստներ։ Իսկ ընտրարշավի ընթացքում հակառակորդի պասիվությունը պետք է իր գինն ունենա՞ր, թե՞ ոչ։ Պատահական չէ, որ արդեն ընտրությունից հետո ադրբեջանական զինված ուժերը մշտական լարվածություն են ստեղծում սահմանային մի շարք ուղղություններով։
Ու այս պայմաններում իրադրությանը միջամտելու հարցում քայլեր ձեռնարկելուց զերծ է մնում ՀԱՊԿ-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Զասը օրերս հայտարարել էր, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Բնականաբար, տեսնելով ՀՀ իշխանությունների անկարողունակությունը՝ Բաքվի հավակնություններն ավելի են մեծանում։ Բաքվին պետք է ինչքան հնարավոր է շատ զիջումներ կորզել Երևանից։ Այսօր խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, վաղը կարող են խոսել արդեն այլ տարածքների ու «միջանցքների» մասին և այդպես շարունակ։ Ու պատահական չէ, որ վերջին օրերին արդեն Բաքուն անցել է բացահայտ ագրեսիվ գործողությունների։
Եվ մինչև զոհեր ու վիրավորներ չենք ունենում, Փաշինյանը չի հիշում հակառակորդի հակաօրինական գործողությունների ու սադրանքների մասին։ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը կրկին անգամ դիմում է արտաքին ուժերի աջակցությանը։ Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, որ երբ այնքան թույլ վիճակում ես հայտնվել, որ ինքդ քեզ պաշտպանել չես կարողանում, սակայն հույսեր ես տածում, թե դրսից գալու են, քեզ պաշտպանեն։ Ու հետաքրքիրն այն է, որ Փաշինյանի առաջարկի մեջ չկա կոնկրետություն։ Նա մեկ խոսում է սահմանների երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղադրելու մասին, մեկ այլ դեպքում՝ ՀԱՊԿ-ի մշտադիտարկման խմբի կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելության տեղակայման։
Կարդացեք նաև
Եվ պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծում է, թե Հայաստանը կողմ է սահմանագծմանն ու սահմանազատմանը։ Սակայն այդ դեպքում արդյոք Հայաստանը շարժվո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու տրամաբանությամբ, իսկ որտե՞ղ պետք է ֆիքսվի Արցախի կարգավիճակը, այս խնդիրը մնում է հարցական։ Մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, թե ինչո՞ւ է «երկրի ինքնիշխանության համար պայքարի ջատագով» Փաշինյանը ցանկանում մեր սահմաններին միայն օտար ուժերի ներկայացուցիչների տեսնել։ Նա, օրինակ՝ կարող էր առաջարկել, որ սահմանների հսկողությունը ստանձնեն հայ-ռուսական միացյալ զինված ուժերը, ինչն ավելի մեծ զսպող ազդեցություն կունենար Ադրբեջանի համար։
Ինչևէ, Փաշինյանի առաջարկին ռուսական կողմն արձագանքեց, թե Երևանի ու Բաքվի հետ շփումներ են ընթանում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սահմանափակվեց միայն մտահոգություն հայտնելով։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ հակամարտության կողմերին բանակցությունների սեղանին վերադառնալու հերթական կոչն արեցին։ Նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, սակայն Արցախի կարգավիճակի ու այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնելու փոխարեն, նրանց հայտարարությունը միայն սահմանային լարվածությանն էր վերաբերում։
Հիմա էլ իշխանականների կողմից քննարկվում է այն թեման, թե պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդ դեպքում ամիսներ շարունակ ժամանակ ունեիք, ինչո՞ւ չէիք դիմում՝ մանավանդ որ դեռ մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր սահմանային լարվածության հարցը տեղափոխել Անվտանգության խորհուրդ՝ խոստանալով աջակցություն։ Այսպիսով՝ բոլոր կողմերից տեսանելի է դառնում միայն ՀՀ իշխանությունների խեղճությունը, որը, կարծես, այն աստիճանի է հասել, որ նրանք անգամ պատրաստ են երկիրը հանձնել արտաքին ուժերի ողորմածությանը։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում