Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ, ռուսական կողմն էլ է Հայաստանի վրա ճնշումներ գործադրում»

Հուլիս 31,2021 14:30

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է, բայց սահմանային միջադեպեր անընդհատ կլինեն:

«Հայաստանով անցնող Ադրբեջանի՝ դեպի Նախիջեւան ճանապարհ ունենալուն ի սկզբանե հայկական կողմը դեմ չի եղել, ամբողջ հարցն այն է, որ այդ ճանապարհը չպետք է միջանցքային կարգավիճակ ունենա»,- «Առավոտի» փաստմանը՝ ՀՀ կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոմունիկացիաները պիտի բացվեն, եւ Ադրբեջանը ՀՀ-ով անցնող դեպի Նախիջեւան ճանապարհ պիտի ունենա եւ հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանն իր ուզածին հասավ՝ վերջին օրերին սահմանին սադրանքների դիմելով, այսպես արձագանքեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Նրա համոզմամբ՝ միջանցքային կարգավորումն իր հերթին ենթադրում է էքստրատերիտորիալ կարգավիճակ՝ դրանից բխող հետեւանքներով: Քաղաքագետը նշեց՝ Ադրբեջանին ճանապարհ տալուն հայկական կողմը երբեք դեմ չի եղել, բայց դա այնպիսի կարգավորում չպետք է ունենա, ինչպես Ադրբեջանն է պնդում ու նշում՝ Զանգեզուրի միջանցք: Այս առիթով պարզաբանեց. «Այն միջանցքային կարգավորում չպետք է ունենա, ուղղակի պետք է լինի ճանապարհ, եւ սա նորություն չէ: Հայկական կողմը նոյեմբերի 9-ից հետո միշտ էլ պատրաստակամություն է հայտնել ճանապարհ տալ, նաեւ ճանապարհ ստանալ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան»:

Հարցին՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի՝ կոմունիկացիաների բացման առիթով հայտարարությունից հետո իրավիճակի կայունացում լինի սահմանին, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե Ադրբեջանի նպատակը միայն դա է: Նա մի քանի նպատակ է հետապնդում. ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագիր ստորագրի եւ անցկացնի սահմանների սահմանազատում եւ սահմանագծում, որով փաստացի ՀՀ-ն կհրաժարվի Արցախից: Սա է Ադրբեջանի ամբողջ մտադրությունը: Իրենք դեռ մոտ ժամանակներս այս ուղղությամբ ճնշումները կշարունակեն Հայաստանի վրա»:

Հարցին՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները բավարար համարո՞ւմ եք, քանի որ հուլիսի 28-ի իրադարձություններից հետո իրավիճակը քննարկման առարկա դարձավ ՌԴ Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում, ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու նախագիծը, իսկ Պետական դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով կողմերին կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբում առարկայական բանակցությունների՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դեռեւս ոչ: Իհարկե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւը շատ կարեւոր էր, եթե այս ուղղությամբ մի քանի քայլեր եւս արվեն, միգուցե Ադրբեջանն այսպես փոխի իր ռազմական քաղաքականությունը եւ միգուցե ավելի զուսպ պահի իրեն: Համենայնդեպս, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը շատ կարեւոր էր»:

Մեր փաստմանը, սակայն այդ օրինագծի ընդունումից հետո Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ զրույցում վստահեցրել է, թե իբր հայկական կողմն է «սադրանքների» դիմում, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Բնականաբար, իրենք միշտ պետք է սադրանքներ կազմակերպեն եւ գցեն ՀՀ-ի վրա: Սա նոր գործելաոճ չէ, վաղուց ընդունված պրակտիկա է Ադրբեջանի կողմից»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակի հայտարարությունը, որում այսպիսի ձեւակերպում կա. «Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»:

Արմեն Վարդանյանը հիշեցրեց. «Դրա համար 2016-ի ապրիլյան պատերազմից հետո առաջարկվում էր Վիեննայի, հետո Սանկտ Պետերբուրգի պայմանագրերով շփման գծում դնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կպարզեին՝ ով է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը: Հիմա երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում: Քանի դեռ չկան նման մեխանիզմներ, դժվար է ապացուցել՝ ով է առաջինը: Իհարկե, մենք գիտենք, որ Ադրբեջանն է, բայց Ադրբեջանն էլ Հայաստանի վրա է մեղքը բարդում, եւ այդպիսի մեխանիզմների բացակայությունը թույլ չի տալիս պարզել՝ ով է առաջինը հրադադարի ռեժիմը խախտել»:

Հարցին՝ ռուսական կողմից հնչող արձագանքներն ինչպե՞ս կգնահատեք եւ դիտարկմանը՝ տպավորություն է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի շահերն ավելի շատ են համընկնում այս շրջանում, քան ՀՀ-ի եւ ՌԴ-ի, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Միանշանակ, ռուսական կողմն էլ է Հայաստանի վրա ճնշումներ գործադրում. բավական է հիշել, թե ինչպես վերջերս Կրեմլում ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը շատ բաց տեքստով հայտնեց, որ ՀՀ ղեկավարը պետք է պատրաստ լինի ցավոտ փոխզիջումների, իսկ Մարիա Զախարովան հայտարարեց, որ իրենք պատրաստ են սահմանագծմանը եւ սահմանազատմանն աջակցել՝ համապատասխան քարտեզներ տրամադրելով»:

Հարցին՝ հնարավո՞ր է հայկական բանակի հակահարվածը փոխի իրավիճակը, քաղաքագետը պատասխանեց. «Դեռեւս ոչ, քանի որ դա այնպիսի ջախջախիչ հակահարված չէ, որ Ադրբեջանը երկար ժամանակ վախենա քայլեր ձեռնարկել: Սա ընդամենը մի սահմանային միջադեպ էր, որը, կարծում եմ, ապագայում էլի կշարունակվի: Քանի դեռ մենք շատ ցավոտ, ջախջախիչ հարված չենք հասցրել ադրբեջանական կողմին, իրենց կողմից սադրանքները շարունակական բնույթ կկրեն»:

Հստակեցմանը՝ ջախջախիչ հարված միայն ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական առումով նկատի ունեք, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Եթե մեզ հաջողվի միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպման լծակներ ձեռք բերել, ադրբեջանական կողմը կարող է փոխել իր վարքագիծը»:

Արմեն Վարդանյանը ստեղծված իրավիճակի լուծման միակ տարբերակ համարում է այն, որ արագ կերպով զարգանանք ու հզորանանք. «Քանի դեռ մենք թույլ ենք, Ադրբեջանը փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել: Դա լրիվ հասկանալի ու սպասելի է: Ստեղծված պայմաններում ՀՀ իշխանությունները պիտի վերազինեն, վերականգնեն ՀՀ բանակը, թարմացնեն կորցրած զինտեխնիկան եւ զսպեն Ադրբեջանին, պարտադրեն նրան, որ չգնա նման սադրիչ քայլերի: Այնպես որ, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր եմ համարում, բայց սահմանային միջադեպեր, կարծում եմ, անընդհատ կլինեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031