Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկն էլ կհավերժի որպես նարեկյան աղոթք»

Հուլիս 31,2021 13:30

Նարեկ Մնացականյանի աճյունը հուլիսի 23-ին հանձնվեց հայրենի հողին

Երբ 2020-ի հոկտեմբերի 17-ին Սիսիանի Պանթեոնում հուղարկավորում էինք սալվարդեցի նահատակ Արմեն Գալստյանին, համագյուղացիները շշուկներով արդեն խոսում էին նաեւ իրենց Նարեկի զոհվելու մասին, խոսում էին` մեկը մեկից զգուշանալով, մեկը` մեկին խնայելով, խոսում էին, ու չէին հավատում…

Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին հարազատներն ստացան Նարեկի քրոջ` Արփինեի ամուսնու` Ներսես Մովսիսյանի զոհվելու սրտաքանդ լուրը, Նարեկի զոհվելու մասին լուրերը դարձյալ շշուկներով էին արտաբերում, ու էլի չէին հավատում…

Երբ 2021-ի հունվարի 28-ին Սիսիանի Պանթեոնում վերջին հանգրվան էինք ճանապարհում նույն օրը` հոկտեմբերի 8-ին Նարեկի հետ առաջնագիծ մեկնած եւ արդեն հոկտեմբերի 14-ին նահատակված լուսաժպիտ Նարեկ Ելուղյանին եւ Արթուր Առաքելյանին, հարազատները դարձյալ հույս էին փայփայում, որ մյուս Նարեկը` դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Նարեկ Մնացականյանը ողջ է, գերի է, կամ` մի տեղ թաքնված, որ նա կնոջը, միակ զավակին, ծնողներին չի կարող լքել, որ չի կարող միակ քրոջ` Արփինեի` դեռ ցավածոր վերքին նոր վերք ավելացնել, որ չի կարող իր մեկուճար տղային առաջին անգամ չուղեկցել առաջին դասարան, որ այս տարի պիտի լինի…

Բայց տասն ամսվա հույսերի եւ սպասումների, հավատի եւ ինքնախաբկանքի թելը մի օր կտրվեց, դառնորեն կտրվեց, ցավագին կտրվեց, սրտափշուր կտրվեց, երբ կրկին հաստատվեց արդեն արտերկիր ուղարկված դնթ-թեստի պատասխանը, ու իր վերջին` հավիտենական հանգրվանին սպասող 29-ամյա Նարեկ Լյովայի Մնացականյանի աճյունը հուլիսի 23-ին հանձնվեց հայրենի հողին: Նարեկ Մնացականյանը գնաց հավերժորեն միանալու իր զինակից Նարեկին, Արթուրին, իր քրոջ ամուսին Ներսեսին, իր դասակի գորիսեցի հրամանատարին, որի հուղարկավորությանը օրերս ներկա են եղել նաեւ մեր նահատակված տղաների հարազատները, Սիսիանի քաջաց Պանթեոնում ննջող բոլոր լուսապսակ հայազուններին…

Նարեկն էությամբ էր զինվոր, բնույթով` զինվորական: Հայրենիքի հանդեպ պարտքը եւ զինվորական պարտականությունը կատարել էր Մատաղիսում, զորացրվելուց հետո էլ մնացել էր զենքի հետ ու զինվորական շարքերում: 2011-ին պայմանագրային ծառայության էր անցել Սիսիանի զորամասում, 2019-ին պարգեւատրվել «Անբասիր ծառայության համար» մեդալով ու ներդաշնակ ապրում էր զինվորի իր կյանքը իր պարզ, համեստ, գյուղաբնակ ընտանիքի հետ հայրենի Սալվարդում, վարում զինականի իր կյանքը` Սիսիանի զորամասում, կատարում մարտական հերթափոխությունները` Սիսիանի դիրքերում, երբ սեպտեմբերի 27-ին թուրքն իր ժանիքը կրկին փորձեց մեր որձաքար ողջակեզի վրա…

Նարեկի մասին անսահման սիրով ու գորովանքով արտահայտվեցին համագյուղացիները: Սալվարդի դպրոցի տնօրենը նշեց, որ Նարեկն անբասիր ծառայող էր, երկրին եւ հայրենիքին անմնացորդ նվիրված զինվոր, կինը` Վալյա Սահակյանն աշխատում է դպրոցում, համակարգչային օպերատոր է, եւ իրենց վրա մեծ պատասխանատվություն է ընկել հիմա նրա հանդեպ լինել ավելի ուշադիր, ավելի սրտակից: Ցավը, հուզմունքը, դեպի ներս հոսող արցունքը ցույց չտալու ճիգեր գործադրելով` Նարեկի մանկության ընկեր, դասընկեր Վահեն ասաց, որ Նարեկի հետ 10 տարի սովորել են նույն դասարանում, լավ ընկերություն են արել, ինքն էլ է մասնակցել 44-օրյա պատերազմին, ծառայել է Հադրութում, պատերազմի ժամանակ` Ջաբրայիլում, Նարեկն էլ է եղել Ջաբրայիլում, բայց միմյանց հետ կապ չեն կարողացել պահել, տնեցիներից է տեղեկություններ իմացել իր ընկերների մասին: «Ես վերադարձա, ավաղ, Նարեկս չվերադարձավ»,- մեծ ափսոսանքով ասաց Վահեն:

«Նարեկը դասընկերոջս տղան է, եւ ես մեծ ցավ ու ափոսանք եմ հայտնում ոչ միայն որպես համագյուղացի: Նարեկը լավ տղա էր, հարգված, սիրված, ընդունված: Ափսոս էին մեր բոլոր նահատակները, բայց մենք գիտակցում ենք, որ նրանք զոհվեցին հանուն հայրենիքի, իրենց կյանքը նվիրեցին մեզ, իրենց տվածը գին չունի, իրենց թափած արյունը գին չունի, մենք պարտավոր ենք արժանի լինել նախ իրենց զոհաբերումին, պարտավոր ենք մեր կորցրածը վերադարձնել, պարտավոր ենք պահել եւ փոխանցել սերունդներին, մենք վախկոտ չենք, մենք ուժեղ ազգ ենք»,- ասաց համագյուղացի Մովսեսը:

Թոխունց Մարիետան, որ դասավանդել է Նարեկ Մնացականյանին, խորապես սգալով իր պարտաճանաչ, բարեխիղճ աշակերտի կորուստը, նշեց, որ, այնուամենայնիվ, մի մխիթարություն ունի, որ այս տարի առաջին դասարան պիտի հաճախի Նարեկի միակ որդին` Էրիկը, ու ինքը հիմա էլ պիտի դասավանդի նրան եւ մտածի, որ Նարեկը կա, Նարեկը հավերժում է իր զավակի տեսքով, ինչը պիտի դառնա նաեւ մեր երկրի, մեր հայրենիքի ապրելու, հարատեւելու եւ շարունակվելու մեծագույն խորհուրդը: Կինը` Վալյան, դժվարանում է հավատալ, որ Նարեկն այլեւս իր հետ չէ, եւ դագաղին հակված մրմնջում է, որ իրեն հերոս պետք չէ, իրեն իր սրտակից, կողակից, հոգեկից Նարեկն է պետք:

Իսկ մա՜յրը… Նունիկը չի հավատում, որ 10-ամսյա իր հույսերը փշրվեցին, որ, թեպետ հողին են հանձնում իր մեկուճար տղային, դեռ հավատում է, դեռ սպասում է, որովհետեւ անհասկանալի, անհեթեթ ու աններելի է համարում, երբ մայրն է որդի թաղում: Ինչ պիտի ասի որդեկորույս մայրը, ով ամիսներ առաջ հողին է հանձնել նաեւ դստեր ամուսնուն, ո՞նց պիտի խաղաղվի, եւ` կխաղաղվի՞: Չի հավատում ու ասում է, որ դեռ սպասելու է իր Նարեկին, մինչեւ կյանքի վերջ սպասելու է, եթե մեկ վայրկյան անգամ դադարի հավատալ ու սպասել, ուրեմն ինքն այլեւս չկա… Կգա նրա շիրիմին, խունկ կվառի, արցունք կթափի, կզրուցի տղայի հետ, կպատմի Էրիկ թոռան մեծանալու մասին, քանի որ պատերազմի ժամանակ ամենից շատ տղայից էր հարցնում, կասի, որ թոռը շատ նման է իրեն, ու թոռան մեջ կվերագտնի իր տղային եւ կապրի այսպես, կապրի մինչեւ կյանքի վերջին օրերը: Առավել ծանր էր տեսնել ամուսին եւ եղբայր կորցած Արփինեին:

Բայց խոնարհումի են արժանի այս հզորագույն հայ կանայք` կին, մայր ու քույր, որ կորստի անդարման, անսփոփ, անմխիթար ցավի հետ նաեւ հպարտության զգացում ունեին, քանի որ իրենց նահատակները հանուն հայրենիքի էին, հանուն իրենց զավակների էին, հանուն մեր երկրի էր, հանուն բոլորիս ապրելու էր:

«Ես հերոսի կին եմ, հերոսի քույր եմ, հպարտ եմ, գլուխս միշտ բարձր եմ քայլելու: Հպարտ եմ, որ Ներսեսի կինն եմ, հպարտ եմ, որ Նարեկի քույրն եմ, ով 9 ամիս փնտրում էր իր եղբորը ու գտավ, որ գնաց միացավ իմ Ներսեսին: Իմ երկու հերոսները, ես հպարտ եմ, հպարտ եմ, ուրիշ ոչինչ: Մենք պիտի շարունակենք ապրել, իրենք գնացին, որ մենք ապրենք, իսկ մենք պարտավոր ենք ապրել հանուն մեր զավակների»,-ասաց Արփինեն եւ կրկնեց, որ ինքը հերոսի կին է ու հերոսի քույր, ու ողջ կյանքը պիտի շարունակի ապրել այդ զգացողության պատասխանատու բեռով եւ իր երկու զավակներին ու եղբոր միակ որդուն սիրով ու գորովանքով միշտ ու մշտապես կպատմի իր երկու պայծառատեսք հերոսների մասին, որոնք ընկան որպես ոսկեցորյան հատիկ եւ դեռ պիտի բազում պտուղներ տան…

Թվում է` մեր սրտերը պիտի քարացած լինեին` այսպես հաճախորեն Սիսիանի քաջաց Պանթեոնում հայրենյաց զինվոր հուղարկավորելիս: Թվում է` մեր արցունքները սպառված ու ցամաքած պիտի լինեին` երկիրը իրենց արյան գնով պահած հայրենակիցներին հողին հանձնելիս, թվում է` էլ բառեր ու խոսքեր չպիտի գտնեինք` նրանց հիշատակը խնկելիս, նրանց սուրբ անունների առջեւ խոնարհվելիս… Բայց` չէ, ամեն մեկը իր բաժինն ունի` մեր երախտապարտ եւ երախտագետ սրտերից, մեր ծնրադիր խոնարհումներից ու երկնառաք աղոթքներից… Նարեկն էլ, որ կհավերժի որպես նարեկյան աղոթք, որ կապրի որպես հայրենիքի երդում, որ կանմահանա մեր պատմության հերոսամատյանում, որ դաս ու դասագիրք կդառնա սերունդների համար, որ խորհուրդ ու իմաստ կմնա առաջին դասարան գնացող իր Էրիկ զավակի ողջ կյանքի համար, ցավի փորձության մեր փորձաքարն է, ճակատագրի սերնդի` ճակատագրակերտը, մրմունջ` մեր աղոթքներում, մրմուռ` մեր սրտերում, ցասում` մեր մտքերում, փարոս` մեր դեգերումներում, կերոն` պատարագվող մեր կյանքում եւ վրեժ ու հատուցում` Մասիսն ի վեր մեր հարատեւ երթում:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

Սիսիան

«Առավոտ» օրաթերթ
30.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031