Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գտնում եմ, որ հասել ենք հատակին եւ գլխավորն այն է, որ պետք է մեծ ուժով հետ հրենք եւ բարձրանանք»

Հուլիս 31,2021 14:00

«Առավոտի» զրուցակիցն է «Ապագա Հայկականը» նախաձեռնության անդամ Արամ Բեկչյանը:

-Պարո՛ն Բեկչյան, 44-օրյա պատերազմից հետո, երկրում անկումային տրամադրություններ են, Հայաստանի ապագան անորոշ է, սահմանները պարբերաբար գնդակոծվում են, ինչպե՞ս եք պատկերացնում այն 15 նպատակների իրագործումը, որոնք մշակվել են «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության անդամների կողմից, որի մի անդամն էլ արդեն դուք եք:

-«Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնություն է` մեկնարկած ամբողջ աշխարհի հայերի կողմից: Հաշվի առնելով մարտահրավերների հրատապությունը՝ մենք պետք է այդ հարցերով զբաղվենք հիմա: Արդեն 3-4 շաբաթ է տարվել եմ այդ ամենով, արդեն սկսում եմ հասկանալ՝ ինչ մասշտաբների են այդ 15 նպատակները: Սփյուռքից, ամբողջ աշխարհից հրավիրում ենք բոլոր այն մարդկանց, մասնագետներին, որոնք մտահոգ են Հայաստանի խնդիրներով, ապագայով: Ներկայումս ընթանում են քննարկումներ՝ այդ 15 կետերին հասնելու համար ինչ լավագույն ուղիներ կան: Երբ այդ փուլն ավարտվի, հստակ նախագծերի ու ծրագրերի ուղղությամբ կսկսենք աշխատել: Ամեն կետի տակ պետք է առաջարկենք ճանապարհային քարտեզ:

-Այդ 15 կետերից մեկում խոսվում է սահմանների անվտանգության, առավել արդյունավետ ու հեռանկարային պաշտպանական համակարգ կառուցելու մասին, ինչպե՞ս եք այն պատկերացնում:

-Նախեւառաջ՝ բոլորն իրար հետ կապված են՝ անվտանգությունը, տնտեսությունը: Մենք կառավարություն չենք, մենք միայն կարող ենք խորհուրդ տալ, որպեսզի ինչ-որ ձեւով օգնենք մեր պետությանը: Այս փուլում մեր շուրջն ենք հավաքում համախոհների, որպեսզի երկխոսությունների, փոխըմբռնման ճանապարհով կառուցենք Հայաստանի ու հայության ապագա տեսլականը:

-Պատերազմից հետո Սփյուռքում էլ անկումային տրամադրություններ են, դրսի մեր հայրենակիցներն էլ Հայաստանի ապագայի նկատմամբ մի տեսակ հավատը կորցրել են, Դուք էլ հայկական սփյուռքի ներկայացուցիչ եք, ինչ զգացողություններ ունեք, արդյոք կհաջողվի՞ կյանքի կոչել այն, ինչ «Ապագա Հայկականը» նախաձեռնել է:

-Եթե դու հայ ես, դու պետք է քեզ հայ զգաս, եւ եթե չունես այդ զգացումը…: Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ առանց սփյուռքի, սփյուռքն՝ առանց մեր պետության: Այդ երկուսն իրար հետ փոխկապակցված են: Իմ երեխաները մեծանում են եւ ես ուզում եմ, որ նրանք հպարտ լինեն, որ հայ են: Դա էլ է մեզ պահպանում, երբ ապրում ենք օտարության մեջ:

Մեր սփյուռքն իրականում շատ լքված է, նրանք կարիք ունեն միավորվելու: Ես շատ եմ շրջագայում ու տարբեր երկրներում շփվում եմ հայկական սփյուռքի հետ: Մեր սփյուռքը հզոր ուժ է, եթե հաջողվի այդ ուժը հավաքել, ինչպես Իսրայելն է անում, ապա լուրջ հաջողություների կհասնենք: Եթե Հայաստանի նոր իշխանությունները իրենց մեջ ուժ կգտնեն, ներգրավեն այդ մարդկանց, դա կլինի հզոր միավորում:

Միայն ցեղասպանությունը չէ, որ պետք է հիշել ու դրա շուրջ համախմբվել: Պետք է նաեւ Հայաստանի զարգացման, ապագայի մասին էլ մտածել: Ամբողջ կյանքում Հայաստանից եկել են, սփյուռքից գումար են հավաքել որոշ նախաձեռնությունների համար եւ վերադարձել են:
Քանի դեռ մենք այդ տրամաբանությամբ ենք ապրում եւ չենք մտածում՝ ինքներս մեզ օգնենք, պետք չէ օգնություն սպասել Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Այդպես մենք լինելու ենք խաղալիք մեծ տերությունների ձեռքին: Առաջին հերթին պետք է շատ ջանալ:

Սփյուռքի մեր հայրենակիցներն էլ պետք է փոխեն իրենց մոտեցումը: Ոչ թե գան, հանգստանան, ման գան ու հեռանան ու սկսեն ապրել իրենց կյանքով, այլ ներգրավված լինեն գործընթացներում:

80-ականների վերջին, երբ ես երիտասարդ էի ու մասնակցում էի շարժմանը, բոլորը բղավում էին՝ միացում-միացում, խոսքը Հայաստանի եւ Արցախի մասին էր: Հիմի էլ է դա արդիական, պետք է ամեն ինչ դնել մի կողմ՝ վիրավորվածություն եւ այլն, եւ բոլորը բոլորին լսեն. կա մի նպատակ՝ կառուցել երկիրը: Եվ խոսքը միայն Հայաստանի մասին չէ, Հայաստանում 3 միլիոն հայ է ապրում, սփյուռքում՝ 7 միլիոն: Սփյուռքում ունենք շատ լավ մասնագետներ, որոնք կայացած են իրենց ոլորտում եւ նրանց չհիշեն միայն այն ժամանակ, երբ գումար է պետք: Ես գտնում եմ, որ հասել ենք հատակին եւ գլխավորն այն է, որ պետք է մեծ ուժով հետ հրենք եւ բարձրանանք: Հակառակ դեպքում՝ արտագաղթ ոչ միայն Հայաստանից կլինի, այլեւ սփյուռքից, որը կբերի միաձուլման, որովհետեւ նրանք ամաչում են, որ հայ են, որ պարտվել են: Եթե կհաջողենք, ապա լավ կլինի, եթե ոչ՝ եղածն էլ աստիճանաբար կկորցնենք:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ որքանով հաջողություն կունենա նախաձեռնությունը, պետք է ասեմ, որ Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի համագործակցությունը շատ լավ եւ արդյունավետ է, եւ այն նախագծերը, որոնք նրանք իրականացրել են՝ Տաթեւը, Դիլիջանի դպրոցը, Հավլաբարի եկեղեցին եւ այլն, խփել են նշանակետին: Այդ պատճառով, երբ մեզ հետ տեղի ունեցավ այդ ողբերգությունը, որոշեցի իմ մասնակցությունն ունենալ, ինչի համար շնորհակալ եմ նրանց, որ ինձ ընդունեցին:

-Պարո՛ն Բեկչյան, ծնվել եք Հայաստանում, բայց գրեթե 30 տարի է Ռուսաստանում եք բնակվում, կառավարող գործընկեր եք «ՄԵԴԿՈՆ» ընկերությունում, որը նախագծում, կառուցում եւ սարքավորում է կլինիկաներ ու հիվանդանոցներ: Ղեկավարել եք ծրագրեր, որոնք նախագծել, կառուցել եւ սարքավորել են ավելի քան 40 խոշոր կլինիկաներ ու հիվանդանոցներ ամբողջ Ռուսաստանում:

Առողջապահության ոլորտի գիտակ եք: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ առողջապահության ոլորտը, ի՞նչ առաջարկներ ունեք:

-Հայստանում այսօր կան մի քանի բարձրակարգ բժշկական կենտրոններ, բայց համակարգ՝ որպես այդպիսին չկա: Հայաստանը փոքր երկիր է եւ կարելի է շատ արագ այդ համակարգը կառուցել: Կան տարբեր երկրների մոդելներ՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի, որոնք վաղուց կայացած համակարգեր ունեն: Հայաստանին հարմար է Անգլիական մոդելը, որտեղ հանրային-մասնավոր համագործակցություն է: Մասնավորը ներդրումներ է անում, կառուցում է, պետությունը որոշ չափով պետական պատվեր է տեղադրում այդ բուժհիմնարկներում եւ դրա հետ մեկտեղ նրանց երաշխիքներ է տալիս, որոնք պայմանագրով պաշտպանված են լինում:

Եթե Հայաստանում էլ առողջապահական նորմալ համակարգ գործի, նորմալ կենտրոններ լինեն, դրսից էլ կգան բուժվելու: Այսօր այդ բիզնեսը կա ստոմատոլոգիայի ոլորտում, շատերը գալիս են Հայաստան, որովհետեւ, այնտեղ շատ թանկ արժեն այդ ծառայությունները, բայց դա շատ նեղ սեգմենտ է, պետք է մյուս բաղադրիչներն էլ այդպես զարգանան, որպեսզի զարգացնենք բժշկական տուրիզմը: Ինչպես օրինակ՝ Թուրքիայում է, այսօր Եվրոպայից գնում են Թուրքիա բուժվելու:

Ռուբեն Վարդանյանը ծրագրում է դրսից 50 հազար ընտանիք հետ բերել Հայաստան, թող 200 ընտանիքը բժիշկներ լինեն, բուժքույրեր, որոնց մասնագիտական հմտությունները նույնպես շատ կարեւոր են:

Ես շատ կուզեի, որ այս նախաձեռնությունը չընկալվեր որպես բարեգործական, որովհետեւ այս նախաձեռնությունը առաջին հերթին մարդկանց համար մեկնարկ լինի, ստիմուլ, որպեսզի մարդիկ աշխատեն:

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության, առողջապահության նախարարության պայքարը ՔՈՎԻԴ-ի դեմ:

-Այդ պայքարը միակ բանն է, որ գնահատում եմ շատ լավ: Բայց դա պայմանավորված էր խորհրդային տարիներից մնացած հակավարակային պայքարում ունեցած փորձով: Հակավիրուսային պայքարի համակարգը մնացել էր, չի քանդվել, մարդկանց մեջ դեռ կար մոբիլիզացիայի համակարգը: Այդ պատճառով, ես կարծում եմ՝ կարողացանք այդ պայքարը նորմալ տանել: Իտալիան, ԱՄՆ-ն, զարգացած այլ երկրները ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցին, ունենալով այդպիսի կայացած համակարգեր: Ռուսաստանն էլ կարողացավ դուրս գալ: Բայց սա առողջապահական ոլորտի կայացած լինելու ցուցիչ չէ, պարզապես, հակահամաճարակային պայքար էր, որը եղել է Խորհրդային միությունում եւ մինչ օրս պահպանվել է:

-Առողջապահության նախարարության տվյալներով մեր երկրում պատվաստվել է 163-164 հազար մարդ, ի՞նչ կասեք:

-Պատվաստումների այդպիսի ցուցանիշը շատ ցածր եմ գնահատում, հատկապես, որ կանխատեսվում է կորոնավիրուսի 4-րդ, 5-րդ ալիքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031