Տարիներ առաջ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում դիտել եմ «Մարիա Բրաունի ամուսնությունը» գերմանական կինոնկարը: Այդ ժամանակ ես սովորում էի հիշյալ համալսարանի Հաշվողական մաթեմատիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում: Որպես կանոն, խորհրդային միության այդ հայտնի համալսարանի ակումբում ցուցադրվում էին մեծ հնչեղություն ունեցող արտասահմանյան կինոնկարներ`այս կամ այն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության խնդրանքով:
Այդ կինոնկարը անջնջելի հետք է թողել իմ հիշողության մեջ, եւ այն նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում ստեղծված իրավիճակին: Այդ կինոնկարին իմ անդրադարձը պայմանավորված է նրանով, որ այն բարոյահոգեբանական իրավիճակը, որ կա Հայաստանում, այսօր կարելի է ասոցացնել հետպատերազմյան Գերմանիայում ստեղծված իրավիճակի հետ:
Անդունդի եզրին հայտնված գերմանացի ստեղծագործ ժողովուրդը կարճ ժամանակահատվածում կարողացավ հաղթահարել կապիտուլյանտի բարդույթը եւ կառուցեց աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը: Գերմանացի ժողովուրդը այդպիսի արդյունքի հասավ առաջին հերթին իրավիճակի ադեկվատ գնահատման եւ պետականամետ մտածողության ավանդույթի շնորհիվ: Այդ կինոնկարը, որում արտացոլված էր հետպատերազմական Գերմանիայի ստորացուցիչ կարգավիճակը, լավագույն ապացույցն է այն բանի, թե ինչպիսի պետություն պետք չէ կառուցել:
Այժմ այս կարճ պատմական էքսկուրսից անցնենք մեր երկրում ստեղծված իրավիճակին, որն արդյունք է մասնավորապես Արցախյան պատերազմում մեր կրած ցավալի պարտության: Նախ եւ առաջ եկեք փաստեք, որ շուրջ գրեթե երեք տասնամյակ մենք ապրել ենք պատրանքներով`ցանկալին ներկայացնելով որպես իրականություն:
Կարդացեք նաև
Այդ ընթացքում միայն մեկ անգամ ենք փորձել հանդես գալ իրատեսական առաջարկով` կապված արցախյան հարցի հայանպաստ լուծման հետ, եւ միեւնույն ժամանակ չենք կատարել եւ ոչ մի գործնական քայլ այդ առաջարկի իմպլեմենտացման համար: Ավելին, նույնիսկ կապիտուլյացիայից հետո շարունակում ենք հանդես գալ պարզունակ մտքերով. բանակը չի՛ պարտվել, ժողովուրդը չի՛ պարտվել եւ այլն:
Նման խաբկանքներով ղեկավարվելու դեպքում ստիպված կլինենք անընդհատ վերահաստատել ավելի քան մեկ դար առաջ գրված «Ինչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին. Ինչ պատասխան պիտի ես տամ հող … » հայտնի քառյակի այժմեականությունը: Երկրում հաստատվել է տոտալ նիհիլիզմի մթնոլորտ, որը հետեւանք է առնվազն վերջին քսանհինգ տարում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարած ձախողակ արտաքին եւ ներքին քաղաքականության: Այսօր մենք ունենք այն, ինչ ունենք եւ պետք է փորձենք երկիրը դուրս բերել օր օրի խորացող ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ քաղաքական ճգնաժամից: Ստորեւ կներկայացնեմ իմ տեսլականը խնդրահարույց հարցի կապակցությամբ:
Զարգացած քաղաքացիական հասարակություն (այսուհետ, ԶՔՀ) ունեցող պետություններում իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով: Նման երկրներում, որպես կանոն, ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն դրվում: Մեր երկրում համարյա բոլոր համապետական ընտրությունների արդյունքները եղել են վիճահարույց եւ որպես կանոն՝ բողոքարկվել են, եւ ոչ մի անգամ դրանց արդյունքները չեն չեղարկվել: Ստացվում է մի տպավորություն, որ առանց ԶՔԿ ձեւավորման, ով էլ կազմակերպի ընտրությունները` ընդդիմությունը, թե դիմությունը (խախտումներով, թե առանց խախտումների), միեւնույն է, դրանց արդյունքները հասարակության մի ստվար զանգվածի կողմից չեն ընդունվելու եւ բողոքարվելու են:
Այսօր մենք ոչ միայն չունեք ԶՔՀ, այլեւ չունենք քաղաքացիական հասարակություն ընդհանրապես: Ունենք այնպիսի հասարակություն, որը տոգորված է մարտնչող տգիտությամբ եւ կապիտուլյանտի բարդույթով: Նշենք, որ իշխանության որակը կախված է սեփական ընտրազանգվածի որակից: Հույս ունենալ, որ «մաքուր» ընտրություններ կազմակերպելու արդյունքում կարելի է ձերբազատվել նման բարդույթներից, համարում եմ ոչ իրատեսական:
Հետեւաբար, ստեղծված այս ոչ օրդինար իրավիճակում անհրաժեշտ է կիրառել ոչ օրդինար լուծումներ` հաղթահարելու բարոյահոգեբանական եւ քաղաքական ճգնաժամը: Ըստ իս` այսպիսի ճգնաժամը կարող ենք հաղթահարել ստեղծելով պրոֆեսիոնալների կառավարություն` օգտագործելով ողջ հայության գիտատեխնիկական ներուժը:
Ազգովի պետք է լծվենք ստեղծարար աշխատանքի` ձերբազատվելու ճգնաժամը ծնած երեւույթներից` վերականգնելով հայ մարդու երբեմնի արժանապատիվ կերպարը: Այստեղ հիմնական դերակատարները պետք է լինեն կրթության, գիտության եւ մշակույթի գործիչները: Նման կառավարությունը պետք է ի զորու լինի սահմանելու մեր ապագայի տեսլականը եւ առաջարկի դրան հասնելու քայլերի որոշակի հաջորդականություն:
Ընդ որում, այդպիսի կառավարությունը չպետք է կաշկանդված լինի կառավարման այս կամ այն մոդելը ընտրելուց: Անհրաժեշտության դեպքում պետք է ստեղծել կառավարման սեփական մոդել` ի հեճուկս նման ճգնաժամերի հաղթահարման համար հայտնի այլազան արդյունավետ կառավարման մոդելների` չդնելով խտրականություն միջոցների միջեւ (նպատակը արդարացնում է միջոցները):
Սեփական մոդելի կառուցումը չպետք է լինի ինքնանպատակ եւ պետք է բխի իրավիճակի ադեկվատ գնահատականից: Նշենք, որ մարդկության պատմության ոչ հեռու անցյալում հայտնի են նման դաժան ճգնաժամերի հաղթահարման օրինակներ:
Մանուկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
26.07.2021
«Առավոտ» օրաթերթ
30.07.2021