Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիսկ ունեն, թող Հյուսիսային պողոտայում 3 նախագահները քայլեն առանց ախրանա, հո Հյուսիսային պողոտայում էլ բոմժեր չեն հավաքվում, իրենց տներն են»

Հուլիս 31,2021 15:00

Լեւոն Շիրինյանը՝ «չտես» գեներալների, «ռոբա-սերժական» համակարգի եւ Փաշինյանի սխալի մասին

«Բացի Հայաստանի գողապետական սեգմենտից, որ քրեական պատասխանատվության պիտի ենթարկվի ու ոչ մի հայ հազար տարի հետո չհամարձակվի պետությունից կողոպտել, մնացածը պիտի համերաշխ ապրի երկրում»,- վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը:

Հարցին՝ նախկին իշխանությունների հետ անընդունելի՞ է համերաշխությունը՝ նա պատասխանեց. «Ինձ համար անընդունելի է, որովհետեւ նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, եթե քաղաքականը բավարար չի, որովհետեւ երկիրը գետտոյի են վերածել, գետտո են դարձրել: Այսպես հետամնաց, այսպիսի աղքատություն, սոցիալական վիճակ, նման կարգի բեւեռացում… Հիմա ինչի՞ց են բողոքում: Պատերազմ եղավ, գեներալները խաբար չէին, որ թռչող սարքեր կան, բա դրանք գեներա՞լ են, այդ չտեսությունը՝ «Բայրաքթար» եւ այլն: Աշխարհում կար, չէ՞»:

Խորհրդարանական ընդդիմության «տակտիկան» Շիրինյանի համար պարզ է. «Ուզում են իշխանափոխություն, որովհետեւ նրանց պապան հավանաբար այդպես է ուզում: Այդտեղ իրենց շահերի համատեղում կա, որովհետեւ այն մեկն ուզում է անպայմանորեն լիկվիդացնել Հայաստանը, չի՞ երեւում, այլապես ի՞նչն է ուզածները: Որովհետեւ թույլ օղակ ենք: Չի կարող Թուրքիային պարտադրել, որ Ռուսաստան դառնա, չէ՞, հիմա ինքն է Թուրքիա դառնում»: Ըստ Շիրինյանի, հատուկ ծրագիր են իրականացնում ու ուզում են ապակայունություն լինի երկրում, որ հեղաշրջումը հաջողացնեն. «4 կետ է, երեքն աշխատեցրել են գիշեր-ցերեկ: Վազգեն Մանուկյանը ճաղերից էր կախվում, այն մեկը փախչում էր, գիշեր-ցերեկ: Բայց ի՞նչ ստացվեց, երեւի մեր ժողովրդի՝ դարերի ընթացքում ձեւավորված առողջ, մարդկային ինքնապաշտպանական ինստինկտ աշխատեց, որ ժողովուրդը չգնաց դրան: Բոլորի համար շշմելու էր՝ ինչպե՞ս է հնարավոր պարտված պետության ղեկավարին պահել: Բայց ժողովուրդը պահեց»:

Դիտարկմանը, որ դա մեկնաբանվում է այսպես՝ ժողովուրդն այնքան դեգրադացված ու զոմբիացված է, որ չի կարողանում գիտակցված որոշում կայացնել՝ Շիրինյանը չհամաձայնեց. «Դեգրադացված կարող է լինել միայն քաղաքական ղեկավարությունը: Այ իրենք դեգրադացված են, եթե ինձ հետ համաձայն չեն, թող համեմատեն Ադրբեջանի գեներալներին եւ Հայաստանի գեներալներին: Թող քաղաքական ղեկավարությունը համեմատվի Ալիեւի, իր միջավայրի հետ եւ Ռոբերտ-Սերժը՝ իրենց միջավայրի հետ: Նրանք առաջին օրվանից ասացին՝ հետ ենք վերցնելու, դրանք ասացին՝ ծախելու ենք, ծախելու ենք: Ո՞րը հաղթեց, ո՞վ էր դեգրադացված: Իրենց համար հիմա անհասկանալի է ժողովրդի պահվածքը՝ ինչպես պարտությունից հետո նույն ղեկավարին ընտրեցին, որովհետեւ իրենք այդ ժողովրդից չեն, ժողովրդին որտե՞ղ են իրենք տեսել: Ռիսկ ունեն, թող Հյուսիսային պողոտայում 3 նախագահները քայլեն առանց ախրանա, կհելնե՞ն: Հո Հյուսիսային պողոտայում էլ բոմժեր չեն հավաքվում, իրենց տներն են, իրենց շենքերն են, մեկը՝ հայտնի, մյուսը՝ անհայտ: Թող հելնեն քայլեն, ոնց որ մենք ենք քայլում, ռիսկ կանե՞ն քայլեն: Իրենց կմորթեն: Դրա համար ժողովուրդը «դեգրադացված» է, բա ի՞նչ է: Բա մեզ ինչի՞ չեն մորթում, մենք իրենց հա՞ց ենք ապահովում, ի՞նչ ենք անում: Հիմա Սամվել Բաբայանի հետ մյուս գեներալները ուսադիրներով թող հելնեն իրար հետ ման գան, կհելնե՞ն: Սեփական էկրանից են մենակ խոսում գիշեր-ցերեկ: Մարդ կա՝ կվերցնեն փողոցում կմորթեն: Դուք գիտե՞ք որեւէ երկիր, որ հողերը ծախեն, լրատվամիջոցներ գնեն, որ սեփական ժողովրդին տեռորի ենթարկեն գիշեր-ցերեկ: Ես չգիտեմ: Թուրքերը փողով բայրաքթար են գնել, սրանք՝ ԶԼՄ»:

Այն, որ Նիկոլ Փաշինյանի մենիշխանություն է, Շիրինյանը կապում է պետության չկայացվածության հետ. «Ինստիտուցիոնալ պետություն չի՝ կայացած իր ամեն ինչով, որտեղ ամեն օղակ աշխատում է: Այդպիսի պետությունները դառնում են անձնիշխանության պետություններ, ինչպես մերն է: Սերժը ընկավ՝ բոլորն ընկան, թող թպրտային: Հիմա Քոչարյանը հելավ կանգնեց, բոլորը կանգնեցին, բա ո՞ւր էին դրանք, թող կանգնեին: Ինչու են թիրախավորել Փաշինյանին, որովհետեւ հեղափոխության սիմվոլն է: Խնդիրը Նիկոլը չի, այդ մարգարիտաները, եթե ուրիշը լիներ՝ նրան էին վրա տալու: Խնդիրը անկախության եւ ազատության համար ձգտումն է, որ ժողովուրդն ունի»:

Դիտարկմանը՝ եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, անկախության ու ազատության սիմվոլն է, ինչո՞ւ է քաղաքական հետապնդում իրականացնում, մուրճը թափահարում, պետական հիմնարկներից այլ կուսակցության աջակիցներին, համայնքապետերին պատժում՝ Շիրինյանն արձագանքեց. «Այդ համայնքապետերը հանցանքներ գործե՞լ են հեչ, թե՞ չէ: Նրա՞նք չէին, որ Սյունիքն անջատում էին, սեպարատիզմն ի՞նչ էր, Հայաստանի պատմությունը որ նայում ենք, այդ բդեշխները ի՞նչ էին անում: Ագարակի քաղաքապե՞տն է մաքուր, այդ հարստությունը որտեղի՞ց իրեն»:

Շիրինյանն ասաց, որ Փաշինյանին շատ է մեղադրում իր մեղմության համար. «Ես սխալ եմ տեսնում այդտեղ: Շուտ եմ ասել՝ Կորեայի օրինակը կա՝ տարագլուխ ոճրագործներին դատել, իսկ նրանք, ովքեր ոճիրներ չեն գործել, պետք է ասել՝ փոխհատուցում եք, վերադարձնում եք ունեցվածքը ու բոլորդ մաքուր աշխատում եք: Ով մի խախտում արեց, այն ժամանակ գլուխներդ կթռնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հերիք եղավ քծնես Նիկոլին և կրկին հայերին բաժանես նախկինների ու ներկաների,
    նախկիններին քարկոծելով հաճոյանաս վերին իշխանավորին։ Սրանից ավել մտահորիզոնի
    քո նման մարդ-կուսակցության ղեկավարը չի ձգում։ Նախկինների իշխանության ժամանակ սկսված էիր, մի երկու զգուշավոր ակնարկ էիր անում Քուռ-Արաքսյան սահմանների մասին, բայց երբևիցե համարձակություն չես ունեցել հանուն քո սկզբունքների համարձակ դուրս գայիր նախկին իշխանությունների դեմ, քննադատեիր նույն կերպ, ինչպես հիմա ես նրանց քննադատում, քո գաղափարները պնդեիր, թեկուզ դրա համար հալածվեիր։ Դու միշտ նախընտրել ես ապահով ու անշառ զգուշավորությունը։
    Քեզ քաղաքագիտության լուրջ մասնագետ ես համարում և փոխանակ հիմա Հայաստանի դեմ ծառացած մարտահրավերների վերլուծություն անես և լուծումներ առաջարկես, որպես ընդդիմություն քննադատես իշխանությանը գոնե մեկ կամ երկու լուրջ բացթողման կամ սխալի համար, դրա փոխարեն, քո տարիքից չամաչելով անընդհատ գովերգում ես ներկայիս վարչապետին և պախարակում նախկին նախագահներին։ Պարոն արտախորհրդարանական ընդդիմադիր, դու կարծում ես, թե արտախորհրդարանական ընդդիմադիրի հիմնական գործը իշխանության սազանդարը լինե?լն է։ Մի հատ հիշիր ընտրության ժամանակ հավաքածդ քվեների տոկոսը և մտածիր, թե մարդիկ ինչքան կկարևորեն ասածներդ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031