Գյումրու պատմական Ռուսթավելի փողոցի վրա՝ «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային շենքերից մեկը, որտեղ նկարահանվել են հայտնի «Եռանկյունի» ֆիլմի որոշ դրվագներ, ամբողջովին ձևափոխել են՝ այլանդակելով կառույցի պատմական տեսքը։ Այստեղ այս պահին էլ ակտիվ շինարարություն է ընթանում․ փոխել են կառույցի պատուհանները՝ եվրոպատուհաններ տեղադրել, տանիք կառուցել։
Շինարարը քանդել է անգամ Ռուսթավելի փողոցի մայթերի սալիկները։ Հիշեցնենք՝ փողոցը վերանորոգվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ջանքերով ու դարձավ քաղաքի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Գյումրիում այն հայտնի է նաև վարչապետի փողոց անվամբ։
Ո՞վ է թույլատրել այլանդակելու, ձևափոխելու պատմական կառույցի ֆասադը, ո՞ւմ ձեռագիրն է սա, այս հարցով դիմեցինք Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին, որը տեղեկացրեց՝ շինարարությունն ինքնագլուխ կատարում է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն։
Ճարտարապետն ասաց, որ իրենք շինթույլտվություն չեն տվել պարոն Մոնտալտոյին, նա ապօրինի շինարարություն է ծավալել, քաղաքապետարանը նրան երկու անգամ տուգանել է, մի անգամ 200 հազար դրամով, մյուս անգամ՝ 2,5 միլիոն դրամով։
Տեսնելով, որ հնար չկա՝ քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն։ Ի դեպ, ոստիկանության «Կումայրի» բաժնի նորակառույց շենքը մեր մատնանշած շենքի հարևանությամբ է։ Անտոնիո Մոնտալտոյին պատկանող «Վիլլա Կարս» հյուրանոցն էլ «Եռանկյունի» ֆիլմի շենքի դեմ-դիմաց է։
Թե ինչ է կառուցում նա, ճարտարապետն ասում է՝ չգիտենք, զրույցի չի բռնվում, հենց քաղաքապետարանից գնում են իր մոտ՝ հետները վիճաբանում է։
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածի հատկանիշներով, այն է՝պատմամշակութային արժեքի վնասում կամ ոչնչացնումը։ Կատարվում է նախաքննություն։
Պատրաստ ենք լսել նաև Անտոնիո Մոնտալտոյին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ի՞Նչ է նշանակում այս անբարո մոտեցումը, Ով է թույլ տվել եւ ով է պատասխանատվություն կրելու նմանատիպ շենքերը այլանդակելու համար: Վերջապես կա՞ Գյումրի քաղաքում քաղաքապետարան եւ քաղաքաշինության բաժին: «Կումայրի արգելոց»-ում որտեղ խստագույն արգելքներ կային եւ մինչեւ ներկայիս գլխավոր ճարտարապետը պահպանվել են: Ներկա իրավիճակում ցանկացած մեկը կարող է հոպար, հորքուր եւ մորքուր բարեկամական պխահը օգտագործել եւ քաղաքի հնեց կենտրոնական հատվածում այլանդակել ԱՐԳԵԼՈՑ հանդիսացող կառույցը: Սա ի՞նչ է նշանակում . . .