ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսգրքերը լրացվում են նոր՝ 137.1. հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի կերպով վիրավորելը:
Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ փաթեթը բովանդակային փոփոխության չի ենթարկվել: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ փաթեթն այսօր հանձնաժողովում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն: Նա պարզաբանեց, որ առաջարկվող կարգավորումը վերաբերում է անխտիր բոլոր քաղաքացիներին:
Նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը դրական էր:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց նաեւ ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն եղել, հետեւաբար, այն չէր փոփոխվել: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական էր:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով