Aravot.am-ի տեղեկություններով ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նյութեր են նախապատրաստվում «Նեւրոզների կլինիկա»-ում խոշոր գումարների յուրացման եւ վատնման գործով։ Մեր տեղեկություններով, Ոստիկանության Նաիրիի բաժնում իրավապահ մարմինները տեղեկություններ են ստացել, որ Քասախ համայնքում գտնվող «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ –ի նախկին տնօրեն՝ Ցոլակ Հակոբյանը յուրացրել եւ վատնել է պետբյուջեից նշված կլինիկային հատկացված 11 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձը։
«Նեւրոզների կլինիկա»-ի նախկին տնօրեն Ցոլակ Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ նման բան չկա եւ առաջին անգամ է լսում ընդհանրապես յուրացման մասին․«Այդպիսի գումար աշխատավարձի համար հատկացված չի լինում, «Նեւրոզների կլինիկայում» աշխատանքն այդպես չի արվել, այնտեղ մի քիչ ուրիշ համակարգ է աշխատում։ Մենք մեր աշխատանքի դիմաց ամեն ամիս ստացել ենք որոշակի գումար եւ առաջին հերթին օրենքն է պահանջում՝ գումարը գնում է սոցիալական տարբեր պարտավորություններ կատարելու համար։ Նեւրոզների հիվանդանոցում երբեք աշխատավարձի պարտք կամ ուշացում չի եղել։ Իմ բոլոր աշխատանքային տարիների ընթացքում նման բան չի եղել, եւ երբեք գումար չի կորել։ Ինձ ոչ ոք չի դիմել , չի ծանուցել այդ մասին։ Նման բան չկա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ