Քրեական գործի հիմքում եղած զրույցի հատվածները բովանդակային և տրամաբանական էական խախտումներով են ներկայացված, դիտավորությամբ չափազանցված, բացասական երանգ հաղորդած։ Քննիչը ընտրողաբար է հարցաքննություններ իրականացրել, զրույցում վկայակոչված փաստերին ծանոթանալու փոխարեն՝ առաջնորդվել է սեփական անհիմն դատողություններով։
Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումները բարձրաձայնելու համար եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թ․ հոկտեմբերի 3-ին հարուցել էր քրեական գործ՝ ազգային թշնամանք հրահրելու հիմքով։
Հուլիսի 29-ին ԱԱԾ-ը հայտարարել է, որ քրեական գործի նախաքննությունն ավարտել է, և նշել է, որ քննության ընթացքում ձեռք է բերվել «ապացույցների բավարար համակցություն», որ Սաշիկ Սուլթանյանը եզդիների և հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել։
Հիշեցնենք՝ քրեական գործի հիմքում 2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է՝ yezidinews.com լրատվամիջոցի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնում է Հայաստանում ապրող եզդիների խնդիրների մասին և մտահոգություն հայտնում, որ չնայած ներդրված ջանքերին՝ այնուամենայնիվ որոշ խնդիրներ դեռևս լուծված չեն։
Կարդացեք նաև
Եզդիերենով այս զրույցը ոչ ճշգրիտ թարգմանության ու բովանդակության խեղաթյուրման արդյունքում դարձել է շահարկումների առիթ, ավելին՝ հարուցվել է քրեական գործ։ Սա, թերևս, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ տարիներ շարունակ տեղի ունեցող հետապնդումների տրամաբանական շարունակությունն է։ Ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու համար Սաշիկ Սուլթանյանը բազմիցս թիրախավորվել է։ Նրա նկատմամբ ապօրինի հետապնդումն սկսվել է ավելի վաղ՝ դեռևս 2020-ի ապրիլից, երբ առանց քրեական գործի շրջանակում որևէ կարգավիճակի, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ վերացական հիմնավորումներով։
Ինչ վերաբերում է այս քրեական գործին, ապա այն բացահայտ կողմնակալ և ուղղորդված է և նպատակ ունի խոչընդոտելու Սաշիկ Սուլթանյանի իրավապաշտպան գործունեությունը։ Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը գործի նախաքննության ընթացքում բաձրաձայնել են դրա մասին, ներկայացրել միջնորդություններ, սակայն ինչպես տեսնում ենք՝ դրանք անտեսվել են։
Այն, ինչը ԱԱԾ քննիչները որակում են ազգամիջյան թշնամանքի հարուցում, պարզապես իրավապաշտպան գործունեության մի մաս է․ վերհանել խնդիրները, բարձրաձայնել դրանց մասին և ներկայացնել լուծման առաջարկներ, ինչը և արել է Ս․ Սուլթանյանը։ Ընդ որում՝ նրա մատնանշած խնդիրները, խտրականության դրսևորումները բացառապես ներկայացված են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում և առավել ևս ազգամիջյան թշնամանք հարուցելու դիտավորություն չեն կարող ունենալ։ Ավելին՝ իր գործունեության ողջ ընթացքում նա մշտապես հանդես է եկել հայ և եզդի ժողովուրդների բարեկամության դիրքերից, իր գործունեությամբ նպաստել դրա ամրապնդմանը։
Ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների մասին շատերն են ահազանգում, այդ թվում՝ միջազգային կառույցները, սակայն քրեական գործ հարուցվում է Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։ Ավելին՝ մատնանշած խնդիրները մտացածին չեն, այլ հիմնված են հստակ հետազոտությունների, մարդկային պատմությունների վրա, սակայն չգիտես ինչու, նախաքննությունն իրականացնող քննիչներն առաջնորդվել են այն տեղեկատվությամբ, որը կարող էր ամրապնդել իրենց դիրքորոշումները։ Իսկ հետազոտությունները, տուժած մարդկանց պատմությունները դուրս են մնացել քննիչների տեսադաշտից, դա այն դեպքում, երբ դրանք բոլորը եղել են քննիչների տրամադրության տակ, ներառյալ՝ առգրավված համակարգչում։
Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ը իր հայտարարության մեջ նշում է, թե «վերջինս, տեղեկացված և համոզված լինելով», որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, արել է այդ հայտարարությունները։ Թե որ աղբյուրներն են հիմք ընդունել այս հայտարարությունն անելիս, պարզ չէ։ Ընդհակառակը՝ Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների համատեքստում բազմիցս ահազանգել են միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային մարմինները։
ԱԱԾ քննիչը համացանցում պարզ փնտրում անելով անգամ կարող էր ծանոթանալ այդ նյութերին, բայց դրա փոխարեն նախընտրել է սեփական անհիմն եզրակացություններն անել՝ ամեն գնով արդարացնելով իրենց գործողությունները։ Ավելին՝ հարցաքննության չեն հրավիրվել այն անձինք, որոնց իրավունքների խախտումների մասին ահազանգել է Սաշիկ Սուլթանյանը՝ մասնավոր դեպքերի մասին խոսելիս։
Զրույցի առանձին հատվածներ քրեական գործի նյութերում վերաձևակերպված են այնպես, որ դրանցով հնարավոր լինի հիմնավորել ընտրված մեղադրանքը։ Վկայակոչված հատվածները բովանդակային և տրամաբանական էական խախտումներով են ներկայացված, դիտավորությամբ չափազանցված, բացասական երանգ հաղորդած։
Անզեն աչքով անգամ նկատելի է, որ ԱԱԾ քննիչը Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ դիտավորություն է ունեցել, կատարել է ուղղորդված գործողություններ և կարծես այս զրույցը հարմար առիթ է եղել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու։
ՀՔԱՎ փաստաբանները հուլիսի 26-ի միջնորդությամբ կրկին պահանջել են կարճել այս ակնհայտ շինծու քրեական գործի վարույթը կամ առնվազն հարցաքննել Հայաստանում ապրող այն եզդիներին, որոնք հրապարակայնորեն բարձրաձայնել են խտրականության ենթարկվելու, իրենց իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև լիցենզավորված թարգմանչի ներգրավմամբ ունենալ զրույցի պատշաճ թարգմանությունը, որը ճշգրտորեն կփոխանցի զրույցի բովանդակությունը։
Վերահաստատում ենք, որ այս քրեական գործը ուղղորդված է և նպատակ ունի լռեցնելու ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին բարձրաձայնող իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի ձայնը։ ՀՔԱՎ-ը, իր սկզբունքներին հավատարիմ, շարունակելու է նպաստել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պաշտպանությանն ու իրավապաշտպանության ինստիտուտի ձևավորմանը և հետամուտ է լինելու այս ակնհայտ ապօրինի քրեական հետապնդման դադարեցմանը։